Եթե Ռուստամ Իբրահիմբեկովի թեկնածությունը չգրանցեն, ամբողջ աշխարհը կծիծաղի Ադրբեջանի վրա
Նմանատիպ
Ադրբեջանի խորհրդարանի նախկին խոսնակ Ռասուլ Գուլիեւը, ով որպես վտարանդի բնակվում է ԱՄՆ-ում, հայտարարել է, որ եթե Ադրբեջանի իշխանությունները հոկտեմբերին տեղի ունենալիք նախագահական ընտրություններում չգրանցեն թեկնածու Ռուստամ Իբրահիմբեկովին, ամբողջ աշխարհը կծիծաղի ադրբեջանցիների վրա: Իբրահիմբեկովը դեմոկրատական ուժերի եւ ընդդիմության «Ազգային խորհուրդ» դաշինքի կողմից առաջադրված թեկնածուն:
Գուլիեւը կոչ է արել այդ այդ գործում ներգրավել լավագույն իրավաբաններին: «Ռուստամ Իբրահիմբեկովի գրանցման համար ոչ մի խոչընդոտ չկա: Ոչ Ադրբեջանի սահմանադրության, ոչ էլ ընտրական օրենսգրքում այդ խնդրին վերաբերվող որեւէ սահմանափակում գոյություն չունի: Դա կարող են ապացուցել նաեւ իրավաբանները: Սակայն, թե ինչու իշխանությունները չեն ցանկանում Ռուստամ Իբրահիմբեկովին գրանցել որպես ընդդիմության միակ թեկնածու, դա արդեն այլ հարց է: Ադրբեջանը օրենքներով չի ապրում, քանի որ այստեղ օրենքը որոշո ւմ է մարդկանց նեղ շրջապատը: Իշխանություններն անընդհատ հայտարարում են, որ հաղթելու է Իլհամ Ալիեւը, բայց այդ դեպքում ինչո՞ւ են վախենում գրանցել Ռուստամ Իբրահիմբեկովի թեկնածությունը: Ինչո՞ւ են նրանք կեղծում ընտրությունները», -հայտարարել է նախկին խոսնակը:
Ադրբեջանում նախագահի ընտրությունը կկայանա հոկտեմբերին: ԿԸՀ փաստաթղթեր է ներկայացրել առայժմ 2 թեկնածու, նրանցից մեկը գործող նախագահ Իլհամ Ալիեւն է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում