Շուշիի բոլոր անվանումները՝ հայերեն, թե օտարալեզու, հայկական են
Նմանատիպ
Հայտարարում է բանասիրական գիտությունների թեկնածու Արտակ Վարդանյանը
Վերջերս մամուլում բազմաթիվ հրապարակումներ եղան Արցախյան ազատամարտի խորհրդանիշ եւ մեր պատմության ու մշակույթի նշանավոր կենտրոն Շուշիի, մասնավորապես՝ նրա անվան ստուգաբանության վերաբերյալ:
Այս առիթով զրուցել ենք ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի ավագ գիտաշխատող, բանասիրական գիտությունների թեկնածու Արտակ Վարդանյանի հետ:
– Պարոն Վարդանյան, բոլորս հիշում ենք, թե ինչպես բերդաքաղաքի հանձնումից հետո առաջին անգամ Շուշիում հայտնվեց Ադրբեջանի ղեկավարը եւ ամբարտավանորեն ծաղրեց «Շուշի Գրանդ Հոթել» հյուրանոցի հայերեն անվանումը, ըստ էության՝ ի լուր աշխարհի նաեւ հայտարարեց, թե քաղաքն իբր ունի միակ ճիշտ անվանում՝ Շուշա: Դուք զբաղվել եք նաեւ տեղանունների ստուգաբանությամբ, ի՞նչ ծագում ունի Շուշի տեղանունը:
– Շուշի բերդաքաղաքի՝ մեր պատմության ու մշակույթի նվիրական ոստանի անվան ստուգաբանության թերեւս ամենաարժանահավատ տարբերակը տեղանունը Արցախի բարբառի շոշ (ծառի ընձյուղ, բարձր տեղ, բարձունք) բառից բխեցնելն է: Այս բառը հայերենի բարբառներում դրսեւորվում է նաեւ շուշ (ուղիղ բարձրացած, ուղղաբերձ) եւ շիշ (ծառի կատար) ձեւերով: Քանի որ Արցախի բարբառում միավանկ բառերի ու ձայնավորը հնչյունափոխվում եւ դառնում է օ (ո) (կուժ-կոժ, սուտ-սոտ, տուն-տոն, փուշ-փոշ եւ այլն), հավանաբար բառի նախնական շուշ տարբերակից է բարբառում առաջացել շոշ ձեւը: Վերջինից է ակնհայտորեն բխում նաեւ Շուշիից ոչ հեռու գտնվող Շոշ գյուղի անունը:
Հազարամյակներ շարունակ անառիկ ամրոց եղած, ապա ավելի ուշ շրջաններում բերդաքաղաք դարձած Շուշիի աշխարհագրական դիրքն էլ է հուշում, որ այդ անունը քաղաքը ստացել է հենց շրջակայքի վրա իշխող դիրքի պատճառով:
Շոշ (շուշ, շիշ) բառը թեեւ գրաբարում ավանդված չէ, սակայն, ըստ երեւույթին, պատկանում է այն բառերի թվին, որոնք հին հայերենում իւ երկբարբառ են ունեցել եւ բարբառներին են անցել ի կամ ու պարզ ձայնավորներով. ինչպես հին հայերենյան ալիւր բառի դիմաց բարբառներում առկա են ալուր եւ ալիր բարբառային ձեւերը, սիւն բառի դիմաց՝ սուն եւ սին, հարիւր բառի դիմաց՝ հարուր եւ հարիր ձեւերը, այնպես էլ շիւշ բառի դիմաց առկա են շուշ եւ շիշ ձեւերը: Ի դեպ, շոշ, շուշ տարբերակները «ծառի ընձյուղ», «բարձր տեղ» նշանակություններով առավելապես տարածված են Արցախ-Սյունիքի բարբառի խոսվածքներում, իսկ շիշ տարբերակը՝ Հյուսիսային Նախիջեւանի եւ Վայոց ձորի տեղաբնիկ բարբառի (Ճահուկ-Վայքի միջբարբառ) խոսվածքներում՝ «ծառի կատար» նշանակությամբ:
Փաստորեն, անցյալում ամրոցի կրած Շուշի բերդ կամ Շոշի բերդ, Շոշի ղալա, Շոշի սղնախ, ինչպես նաեւ Քարագլխի բերդ անունները հավասարազոր են, քանզի բոլորն էլ ունեն «բարձունքի ամրոց» իմաստը, եւ դրանցում ակնհայտորեն նկատի է առնված հենց Շուշիի աշխարհագրական դիրքը:
Վերջին մի քանի դարերում բերդաքաղաք դարձած Շուշին շարունակել է կրել բերդի անունը՝ սեռական հոլովով, ի դեպ՝ միջնադարյան ձեռագրերում ավանդված են քաղաքանվան ոչ միայն ի հոլովիչով Շուշի, այլեւ ու հոլովիչով Շուշու եւ ո հոլովիչով Շուշոյ ձեւերը:
– Իսկ ի՞նչ ծագում ունի այսպես կոչված՝ ադրբեջանական տարբերակը: Ընդամենը մեկ հնչյունի տարբերությունը կարելի՞ է համարել օտար անվանում կամ հակադրել հայերեն տարբերակի հետ՝ ճիշտ կամ սխալ անվանելով նրանցից մեկը:
– Նախ ասեմ, որ ադրբեջանցիները հայկական տեղանունները աղավաղելու եւ յուրացնելու շատ ակնհայտ մոլուցք ունեն: Ի դեպ, բոլորովին պարտադիր չէ, որ իրենց «ճաշակով» հորինված այդ նոր անունը որեւէ տրամաբանական բովանդակություն ունենա: Օրինակ, Նախիջեւանի Շահապոնք կամ Շահապոնս բերդաքաղաքը, որը հազարամյակներ շարունակ հայտնի Շահապունի տոհմի ամրոցն է եղել, դարձրել են Շահբուզ (պարսկերեն՝ շահ («թագավոր») եւ թուրքերեն բուզ («սառույց») բառերից, բառացիորեն ստացվում է իմաստազուրկ եւ անհեթեթ մի բան՝ «թագավորի սառույց»), Խաղխաղ գավառանունը դարձրել են Ղազախ (իբր սա էլ ղազախ ցեղանունից է «բխում»), Տավուշը դարձրել են Թովուզ (քրդերեն՝ թավուս («սիրամարգ» բառից), այս նույն սկզբունքով, ի դեպ, Արցախի պարսկերեն պատմական անվանումներից մեկը՝ Առան-է բաղը («անտառային Առան») դարձրել են Ղարաբաղ («սեւ այգի»):
Հենց այս «սկզբունքն» են մեր հարեւան մոլեռանդները կիրառել նաեւ Շուշի տեղանվան նկատմամբ՝ անվանելով Շուշա (Susa), ինչ է թե այդ ձեւը շատ նման է ադրբեջաներեն sՖs? («ապակի») բառին, որն իրականում պարսկերենից փոխառյալ նույնիմաստ շիշե բառի հնչյունափոխված տարբերակն է: Սակայն իրականությունն այն է, որ հայկական տեղանունների սեռական հոլովը ե՛ւ գրաբարում, ե՛ւ միջին հայերենում, ե՛ւ բարբառների մեծ մասում կազմվում է առավելապես ա հոլովիչով (Երեւան-Երեւանա, Վան-Վանա, Ճահուկ-Ճահկա, Գարդման-Գարդմանա եւ այլն), ուստի, անկասկած, Շուշին ունեցած պետք է լինի նաեւ Շուշա սեռականաձեւ տարբերակը, որի վկայությունն է այսօր էլ Արցախի բարբառում կիրառական Շուշվա ձեւը:
Հետեւաբար, հիասթափեցնենք ամեն հայկականը կլանել ցանկացող ադրբեջանական ելուզակներին եւ իրենց առաջնորդին, որ այսպես կոչված Susa տարբերակը ամենեւին էլ կապ չունի ադրբեջաներեն susa («ապակի») բառի հետ, ինչպես իրենք են կարծում (ըստ ադրբեջանական «ստուգաբանության»՝ քաղաքն իր անունը ստացել է իբր «ապակու նման» մաքուր օդ ունենալու պատճառով. ենթադրենք, որ կարելի է կարծել, թե աշխարհի բոլոր ապակիները մաքուր են, բայց մաքուր բառը որեւէ տրամաբանությամբ կարելի՞ է համեմատել… ապակու հետ): Ստի ոտքերը այս անգամ էլ են կարճ, քանզի նրա հեղինակները «մոռանում են», որ իրենց լեզվում sՖs? բառի երկու ձայնավորներն էլ քմային են, իսկ քաղաքի Susa անվանման ձայնավորներից… ոչ մեկը քմային չէ:
– Իսկապես, պարո՛ն Վարդանյան, ա հոլովիչով բազմաթիվ այլ տեղանուններ էլ կան հայերենում՝ Սասնա, Գյումրվա, Լոռվա…
– Իհարկե: Այլապես ադրբեջանցի կեղծարարների ասածից ստացվում է, որ թուրքերն էլ նույն անտրամաբանական տրամաբանությամբ կարող են Վանի բերդ տարբերակը հայերեն համարել, իսկ Վանա բերդ ձեւը՝ թուրքերե՞ն:
Եվ վերջին հաշվով՝ հազարամյակներ շարունակ հայկական անառիկ ամրոց եղած եւ անցյալի բազմաթիվ վկայագրերում հիշատակված Շուշին ինչպե՞ս կարող էր իր անունը ստանալ ընդամենը մի քանի դար առաջ այնտեղ հայտնված ոմն Փանահ խանից եւ իր ցեղակիցներից:
Շուշին ոչ միայն մեր նորօրյա ազատամարտի խորհրդանիշն է, այլեւ մեր հնամյա պատմության ու մշակույթի հավերժող լեգենդը, իսկ նրա բոլոր անվանումները՝ հայերեն թե օտարալեզու, հայկական են։
Զրուցեց ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ
Աղբյուր՝ Aravot.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում