«Զայրացկոտ մարդը կռիվ է հարուցում, բայց համբերատարը խաղաղեցնում է այն» (Առակ 15: 18)
Նմանատիպ
Մարդիկ հաճախ, իրենք իրենց համար խնդիրներ ստեղծելով և այդ հնարված խնդիրները հաղթահարելով, զգում են հերոսներ՝ իրենց իսկ աչքերում: Սակայն նրանցից շատերը չեն մտածում, թե ինչ են իրականում անում: Արդյո՞ք խնդիրներ հորինելը կամ այլոց համար խնդիր դառնալը հերոսություն է:
Աստված մարդուն մեկ կյանք է տվել: Իսկ ի՞նչ է կյանքը, եթե ոչ սահմանափակ ժամանակահատված՝ երկրի վրա բարին գործելու: Մինչդեռ մարդիկ շարունակ մտածում են՝ ինչպես, ինչ միջոցներով գործել չարը, ծաղրել, վիրավորել: Նրանք կարծում են, թե այդպիսով պաշտպանում են սեփական շահը, այնինչ չեն գիտակցում, որ միակ «շահը» քրիստոնյայի համար պիտի լինի իր հոգու մաքրությունն ու սերը, որ նա պիտի բաշխի անխտիր ամենքին՝ որպես Աստծուց ստացած անփոխարինելի գանձ ու պարգև:
«Զայրացկոտ մարդը կռիվ է հարուցում, բայց համբերատարը խաղաղեցնում է այն» (Առակ 15: 18): Այսպես է գրված Սուրբ Գրքում: Եվ ո՞վ է, ուրեմն, այս պատմության հերոսը. նա, ով հրահրում է կռիվ ու անկարգությո՞ւն, թե՞ նա, ով համբերատարորեն իր ուսերին է վերցնում փոթորիկը խաղաղեցնելու պարտականությունը: Այո՛, ոչ ոք պարտավոր չէ շտկել մյուսի սխալը: Բայց պիտի նաև հաշվի առնենք, որ չենք ապրում մեկուսի կյանքով: Պետք է սրտացավություն ցուցաբերենք մեկս մյուս հանդեպ, եթե իրականում ցանկանում ենք բարիք գործել:
Սեփական շահին նպաստող բարի գործերի ունակ է յուրաքանչյուր ոք՝ լինի Քրիստոսի լույսն իր մեջ կրող, թե ոչ, քանի որ այս երևույթը միանգամայն մարդկային ու բնական է: Սակայն քրիստոնյան չպիտի մտածի միայն սեփական կաշվի փրկության մասին, այլ ընդհակառակը՝ պիտի պատրաստ լինի անմնացորդ զոհողության:
Այսպիսով՝ մեր կյանքի խնդրահարույց իրավիճակներում ընդունենք որպես ուղենիշ աստվածաշնչյան խոսքը և լինենք մշտապես Աստծուն հաճելին՝ փորձելով ոչ թե կռիվ բորբոքել, այլ ընդհակառակը՝ խաղաղեցնել և այդպիսով ապրել Տիրոջը հաճելի կյանքով:
Աղբյուր՝ Qahana.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում