Արագիլները

Արագիլները

Դուք ինձ չե՞ք ասի, որբացած բներ,
Ի՞նչ էին խոսում իրար ականջի
Արագիլները չվելուց առաջ:
– ՏԱՌԱՊՈՒՄ ԷԻՆ:

Դուք ինձ չե՞ք ասի, աստղեր ու արև,
Ի՞նչ էին խոսում իրար ականջի
Արագիլները չվելու պահին:
– ՏԱԳՆԱՊՈՒՄ ԷԻՆ:

Դուք ինձ չե՞ք ասի, անձմեռ հեռու,
Ի՞նչ էին խոսում իրար ականջի
Արագիլները չվելուց հետո:
– ԿԱՐՈՏՈՒՄ ԷԻՆ:

Անքուն եղեգներ անձմեռ հեռվի,
Ի՞նչ էին խոսում արագիլները
Ձեզ «մնաք բարով» ասելուց առաջ:
– ՇՏԱՊՈՒՄ ԷԻՆ:

Բուք արտաշնչող լեռնագագաթներ,
Ի՞նչ էին խոսում հոգնած ու մրսած
Արագիլները ետ գալու պահին:
– ՀԱՎԱՏՈՒՄ ԷԻՆ:

Համո ՍԱՀՅԱՆ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում