-1.9 C
Yerevan

Գևորգ Արշակյանը պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով

Նմանատիպ

Հայաստանի I Հանրապետության ավիացիան

Հայաստանի 1-ին Հանրապետության բանակը, չնայած իր գոյության կարճ ընթացքին,...

Մարզերում ձյուն է տեղում․ առաջիկա 5 օրերի եղանակի տեսություն

Արագածոտնի, Շիրակի, Կոտայքի, Վայոց ձորի մարզերում և Վարդենիս քաղաքում...

Հայոց բանակը հայկական աշխարհի պաշտպանության երաշխիքն է․ Ռուբեն Վարդանյան

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը Հայոց բանակի կազմավորման տարեդարձի կապակցությամբ...

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի որոշմամբ, ԵՊՀ շրջանավարտ, ավագ լեյտենանտ, Արցախյան երկրորդ պատերազմին մասնակցած և Շուշիի պաշտպանության համար հերոսաբար զոհված Գևորգ Արշակյանը պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով, որն այսօր ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանը փոխանցել է նրա ընտանիքին:

ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության, իրավագիտության ֆակուլտետների և ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի շրջանավարտ Գևորգ Արշակյանը պարգևատրվել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության ու խիզախության համար:

ԳԵՎՈՐԳ ԱՐՇԱԿՅԱՆԸ «ՄԱՐՏԱԿԱՆ ԽԱՉ» 1-ԻՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՇՔԱՆՇԱՆԱԿԻՐ Է

Դեռ պատերազմի հաջորդ օրը՝ սեպտեմբերի 28-ին, Գևորգը համալսարանական իր ընկերների հետ ձևավորել էր կամավորական դասակ և մեկնել Արցախ՝ պաշտպանելու իր սիրելի հողը: Երբ ընկերները հերթափոխ էին իրականացրել և վերադարձել տուն՝ սպասելով, թե երբ պիտի նորից վերադառնան մարտի դաշտ, Գևորգն առանց վարանելու մեկնել էր Շուշի, որ իր պաշտելի բարձունքը կանգուն մնա: Հենց այնտեղ էլ հայրենիքի պաշտպանության սուրբ գործն իրականացնելիս Գևորգը հերոսաբար զոհվել է:

Մեզ տված հարցազրույցներից մեկի ժամանակ՝ դեռ 2017-ին, Գևորգը, խոսելով երազանքների մասին, նշել էր. «Երազում եմ, որ մի օր հպարտորեն ասեմ՝ ես միացյալ ու անկախ Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ, և իմ անձնագիրն ամենահզորը լինի աշխարհում։ Ես իմ բոլոր գործերն այժմ փորձում եմ ծառայեցնել այս երազանքիս իրականացմանը»:

ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանի աշխատասենյակում այսօր հավաքվել էին Գևորգի մայրը, մորաքույրները, ընկերները, դասախոսները, տարբեր ֆակուլտետների դեկաններ ու պրոռեկտորներ՝ ևս մեկ անգամ հարգելու Գևորգի հիշատակը և փառաբանելու նրա սխրագործությունը:

«Այսօր մենք շատ հպարտ ենք, որ ունեցել ենք Գևորգի նման սան, բայց մյուս կողմից՝ գլխիկոր ենք, որ նա այսօր մեզ հետ չէ: Հենց նրա պես բազմաշնորհ, անձնազոհ մարդկանց գործունեության շնորհիվ է, որ այսօր դեռ ունենք մեր մի կտոր հայրենիքը: Եթե չլինեին Արշակյանի նման հերոսներ, մենք վաղուց կորած կլինեինք պատմության հորձանուտներում»,- ասաց Գեղամ Գևորգյանը:

Նրա խոսքով, բացառիկ են այն ուսանողները, որ իրենց հրաշալի դրսևորել են գիտության տարբեր բնագավառներում, սովորել տարբեր ֆակուլտետներում, և ավելի բացառիկ կամ գուցե եզակի է այն ուսանողը, որն այս ամենի հետ մեկտեղ որոշել է դառնալ ռազմական գործիչ. «Արշակյանն այդպիսինն էր, և ես վստահ եմ, որ եթե նա շարունակեր իր մարտական ուղին, դառնալու էր փայլուն ռազմական գործիչ»:

ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանը հանդիսավորությամբ ընթերցեց ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի որոշումը և հուշամեդալը հանձնեց Գևորգի մայրիկին:

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը, որը դեռ մանուկ հասակից ճանաչել է Գևորգին, ասաց, որ նրա ձևավորման և կայացման գործում անվիճելի դեր ունի ընտանիքը. «Գևորգի պապի՝ ավագ Գևորգի և ընտանիքի մյուս բոլոր անդամների բոլոր լավ հատկանիշները վստահաբար փոխանցվել են Արշակյանին և դրսևորվել լավագույնս»:

Նրա խոսքով, մարդիկ ամբողջ կյանքում կարող են շատ լավ գործեր իրականացնել, հայտնագործություններ անել և շատ դեպքերում գնահատվել մահից հետո, սակայն Գևորգն իր կարճ կյանքի ընթացքում դարձավ խորհրդանիշ և գնահատվեց կենդանության օրոք. «Նա ուղենիշ էր իրեն ճանաչող բոլոր ուսանողների համար, իսկ հիմա արդեն՝ բոլորի»:

Գագիկ Ղազինյանը վստահ է, որ մահից հետո Գևորգն իր օրինակով ու կերպարով ավելի շատ է ծառայելու հայրենիքին:

ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանը փաստեց՝ Գևորգը միշտ ներկա պիտի լինի բոլոր սերունդների համար. «Նա այն անհատն էր, որ հոգում հայրենիքն էր կրում, և հենց հայրենիքն էր նրան առաջնորդում»:

ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դեկան Ալեքսան Բաղդասարյանն էլ ասաց, որ Գևորգը բազմակողմանի էր զարգացած, հետաքրքրվում էր գիտությամբ, սիրում արվեստը. «Բազմաշնորհ էր, ընկերասեր, նա համալսարանական էր էությամբ և վստահաբար դառնալու էր լավագույն գիտնականներից մեկը»:

Նրա կարծիքով, Գևորգն իր գործունեությամբ ձևավորել էր մի կերպար, որն արտացոլում է ժամանակակից երիտասարդության լավագույն տեսակը:

Գևորգի ուսանողական և մարտական ընկեր, ԵՊՀ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանը նշեց, որ Գևորգը ցանկացած քայլ անելիս յուրահատուկ ու բացառիկ էր. «Այժմ մենք էլ ինչ-որ բան անելիս մտածում ենք, թե ինչպես կարձագանքեր Գևորգը, ինչ կասեր»:

«Գևորգը ցանկացած ֆակուլտետի ուսանողի հետ կարող էր խոսել նրա մասնագիտությունից, անվերջ բանավիճել, փաստարկներ ու հակափաստարկներ բերել»,- ասաց Դավիթը և հիշեց, որ երբ ջոկատով գնացել էին Գևորգի զորամաս, տեսել էին այն նույն ճանաչումը, սերն ու հարգանքը, որ վայելում էր Գևորգը համալսարանում:

«Ես Գևորգին միշտ կենդանի եմ հիշելու, չեմ պատկերացնում մի օր, որ գամ համալսարան, անեմ մի գործողություն և չհիշեմ նրան,- ասաց ՈՒԽ նախագահը և շնորհակալություն հայտնեց Գևորգի մայրիկին,- Դուք վառ օրինակ եք, որ հերոսներ ծնվում են հայ մորից»:

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Հայաստանի I Հանրապետության ավիացիան

Հայաստանի 1-ին Հանրապետության բանակը, չնայած իր գոյության կարճ ընթացքին,...

Մարզերում ձյուն է տեղում․ առաջիկա 5 օրերի եղանակի տեսություն

Արագածոտնի, Շիրակի, Կոտայքի, Վայոց ձորի մարզերում և Վարդենիս քաղաքում...

Հայոց բանակը հայկական աշխարհի պաշտպանության երաշխիքն է․ Ռուբեն Վարդանյան

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը Հայոց բանակի կազմավորման տարեդարձի կապակցությամբ...