ԿԳՄՍ նախարարը՝ Արոնյանի՝ երկրից հեռանալու մասին
Նմանատիպ
Խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումայանն անդրադարձել է շախմատիստ Լևոն Արոնյանի՝ ՀՀ-ից հեռանալու մասին հայտարարությանը։
Tert.am-ից տեղեկանում ենք, որ դիտարկմանը, թե ո՞ր փորձագետներն ու ինչպե՞ս են եզրահանգել, որ Արոնյանն այլևս պոտենցիալ չունի (Արոնյանն է այդ մասին հայտարարել), նախարարն արձագանքել է․
«Արոնյանին հարցրեք, ես տեղյակ չեմ»,– ասաց նա՝ խնդրելով նաև լրագրողներին հարցերը հստակ ձևակերպել․ «Ես կրթությամբ մաթեմատիկոս եմ, խնդրում եմ հստակ հարց, որ կարողանամ պատասխանել»,– նշեց նա։
Դիտարկմանը, թե ինքը նաև սպորտի նախարարն է, Դումանյանն արձագանքեց․ «Այո, սպորտի նախարարն եմ, պատասխանում եմ»,– ասել է նա։
Լրագրողները պնդել են՝ սպորտի ներկայացուցիչը որոշել է երկրից գնալ, ինչին ի պատասխան՝ Դումանյանն ասաց․ «Դա սպորտսմենի իրավունքն է, որոշել է, գնում է»,- նշել է նա։
Հարցին՝ համարո՞ւմ է, որ ՀՀ-ն իշխանությունների մեղքով է կորցրել Արոնյանին, Դումանյանն արձագանքել է․
«Այս իշխանությունների մեղքով՝ ի դեմս ԿԳՄՍ նախարարությա՞ն։ Ոչ, չեմ համարում։ Շատ ցավում եմ, որ Արոնյանը նման որոշում է կայացրել, շատ բարձր եմ գնահատում իր շախմատային նվաճումները, և մենք բոլորս հպարտացել ենք իր նվաճումներով, ներկայացրել է Հայաստանը, զարմացած եմ, որ նման որոշում է կայացրել մեր լավ շախմատիստը, ուրախ կլինեմ, որ վերանայի իր որոշումը, և կարող եմ ընդամենը մեկ բան փաստել՝ իմ ունեցած տվյալների հիման վրա՝ չկա որևէ պաշտոնական պարտավորություն Արոնյանի նկատմամբ, որ նախարարությունը չի կատարել կամ հրաժարվել է կատարել»,- ասել է նա։
Դիտարկմանը, թե ըստ Արոնյանի՝ 2018-ից ի վեր ոլորտը պատշաճ ուշադրության չի արժանացել, ԿԳՄՍ նախարարն արձագանքել է․ «Դա իր կարծիքն է։ Նախարարության մասով բոլոր պարտավորությունները ոլորտի նկատմամբ կատարված են և կատարվում են առ այսօր»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում