Հայտնի թավջութակահար Միշա Մայսկին Երևանում կհնչեցնի Սեն-Սանսի, Բրուխի, Չայկովսկու, Բեթհովենի գործերը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրաճանաչ թավջութակահար Միշա Մայսկին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ բացառիկ համերգով հանդես կգա Երևանում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երեկոն տեղի կունենա փետրվարի 28-ին Արամ Խաչատրյան համերգասրահում: Համերգը կղեկավարի Ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:
Ծրագրում կհնչի Չայկովսկու Նոկտյուրնը՝ գրված թավջութակի և նվագախմբի համար, Բրուխ՝ Kol Nidrei, Սեն-Սանսի Թիվ 1 թավջութակի կոնցերտը և Բեթհովենի թիվ 7 սիմֆոնիան:
Փետրվարի 26-ին լրագրողների հետ զրույցում Մայսկին ասաց, որ համավարակի պատճառով ամբողջ աշխարհում համերգները չեղարկվում են կամ հետաձգվում: Մայսկու խոսքով՝ այդ ամենի դրական կողմն այն է, որ հնարավորություն ունի երկար ժամանակ անցկացնել ընտանիքի հետ և հանդես գալ Հայաստանում, որտեղ չէր եղել 14 տարի:
«Ինչպես արվեստի յուրաքանչյուր ճյուղ, այնպես էլ երաժշտությունը մեծ դերակատարություն ունի մարդկանց կյանքում: Հավատում եմ, որ երաժշտությունն օգնում է ընդգծել անհատի լավագույն կողմերը: Եթե հնարավորինս շատ մարդ գնահատի այն, կոնֆլիկտներն ավելի քիչ կլինեն: Մենք հույս ունենք, որ հնարավորություն ենք տալիս այս փոքրիկ աշխարհն ավելի լավը դարձնել»,-նշեց երաժիշտը:
Թավջութակահարը համերգներից առաջ փորձում է կենտրոնանալ միայն երաժշտության վրա, սակայն կարևորում է նաև հանդիսատեսի գործոնը, որը ոգեշնչում է իրեն: «Նվագում եմ երաժշտասերների համար, հակառակ դեպքում կարող էի տանը նվագել: Նախընտրում եմ այն ձայնագրությունները, որոնք կատարվում են համերգի ժամանակ. ստուդիաներում արված ձայնագրությունը չի կարելի համեմատել կենդանի ելույթներից որևէ մեկի հետ»,-շեշտեց Մայսկին:
Միշա Մայսկին ութ տարեկանում է առաջին անգամ հանդիպել թավջութակին: Երազում էր ֆուտբոլիստ դառնալ: «Չորս զավակ ունեմ, երեք դուստր: Մինչ 13 տարեկանը, նրանք բոլորը ֆուտբոլիսներ էին: Վստահ եմ, որ իմ 11-ամյա որդին հետագայում հաջորդ Ռոնալդուն կամ Մեսին կդառնա: Մեծ որդուս համար ֆուտբոլը ժամանակին ասես կրոն լիներ, հետո նա ասաց, որ երաժշտությամբ է զբաղվելու: Նույնը ինձ հետ պատահեց: Լրջությամբ թավջութակին նվիրվեցի 14 տարեկանում»,-պատմեց Մայսկին:
Անդրադառնալով այն կարևոր խորհուրդներին, որոնք իրեն տվել են երաժիշտներ Ռոստրոպովիչն ու Պյատիգորսիկն, որոնք դասավանդել են Մայսկուն՝ թավջութակահարն ասաց, որ նրանք իրեն սովորեցրել են՝ յուրաքանչյուր գործիք, այդ թվում և թավջութակը, ընդամենը գործիք է, ամենակարևորը երաժշտությունն է: «Գործիքը և մեր կատարողական տեխնիկան անհրաժեշտ են վերջնական նպատակին՝ երաժշտությանը հասնելու համար: Հաճախ գնում ես համերգի, տեսնում ես, որ ամեն ինչ հրաշալի է. երաժիշտը փայլուն է նվագում, բայց ինչ-որ բան պակաս է: Պատճառն այն է, որ երաժշտությունն այդտեղ երկրորդական բնույթ է կրում, և այն օգտագործվում է, որպեսզի արտիստը ցույց տա, թե ինչ լավ է նվագում»,-շեշտեց Մայսկին և ևս մեկ անգամ ընդգծեց, որ երաժշտությունն առաջնային է:
«Կարող եմ ավելի կոկիկ նվագել, բայց այդ դեպքում այն, ինչն ինձ համար առավել կարևոր է, կարող է տուժել»,-ասաց արտիստը:
Նա հիշեց, որ 2015-ի ապրիլին Բրյուսելում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին կատարել է Կոմիտասի «Չինար ես»-ը: «Ցեղասպանությունը ողբերգություն է: Ուրախ էի, որ համերգին հնարավորություն ունեցա հարցի վերաբերյալ իմ հույզերն արտահայտել երաժշտության միջոցով: Դա յուրահատուկ հարեգ էր թե՛ մթնոլորտի, թե՛ իրավիճակի առումով: Ես խոսում եմ երաժշտության լեզվով և հպարտ եմ, որ այդ իրադարձության մասնիկն էի»,-եզրափակեց հանրաճանաչ թավջութակահարը:
Միշա Մայսկին աշխարհի լավագույն թավջութակահարներից է: Նա միակ թավջութակահարն է, որն ուսանել է երկու մեծագույն վարպետների՝ Մ. Ռոստրոպովիչի և Գ. Պյատիգորսկու մոտ: Մ. Ռոստրոպովիչն այսպես է բնութագրել Մայսկուն. «… ամենահանճարեղ տաղանդներից է. նրա կատարման մեջ պոեզիան ու բացառիկ նրբագեղությունը միաձուլվում են հզոր տեմպերամենտի և փայլուն տեխնիկայի հետ»:
Միշա Մայսկին առաջին անգամ Երևան է եկել 2007 թվականին Երևանյան հեռանկարներ միջազգային երաժշտական փառատոնի հրավերով։
Մայսկին ծնվել է Ռիգայում, ավարտել Մոսկվայի կոնսերվատորիան, բազմաթիվ միջազգային մրցույթների մրցանակակիր է: Հանդիսանում է Deutsche Grammophon-ի բացառիկ արտիստ, վերջին 25 տարիների ընթացքում 30 ալբոմ է ձայնագրել այնպիսի նվագախմբերի հետ, ինչպիսիք են Վիեննայի, Բեռլինի ֆիլհարմոնիկ, Լոնդոնի սիմֆոնիկ, Իսրայելի ֆիլհարմոնիկ, Փարիզի, Նյու-Յորքի կամերային Orpheus և այլ նվագախմբերը: Նա առաջին երաժիշտն է, որը ձայնագրել է թավջութակի համար գրված Յ. Ս. Բախի բոլոր ստեղծագործությունները: Մայսկու ձայնագրությունները բարձր գնահատական են ստացել քննադատների կողմից և արժանացել հեղինակավոր մրցանակների՝ ճապոնական Record Academy Prize (5 անգամ), Echo Deutscher Schallplattenpreis (3 անգամ), Grand Prix du Disque и Diapason d’Or of the Year և բազմիցս հավակնել են «Գրեմմի»-ի:
Անժելա Համբարձումյան
Հետևեք մեզ նաև Telegram-ում