Պուտինը մերժել է Էրդողանին
Նմանատիպ
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում մերժել է Սիրիայի’ Թուրքիայի հետ սահմանում անվտանգ գոտի ստեղծելու համար ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ վերջինիս առաջարկը: Էրդողանն առաջարկել է Սիրիայում ընդդիմադիրների եւ կառավարական ուժերի միջեւ բախումների պատճառով երկրից արտագաղթը կանխելու նպատակով անվտանգ գոտի ստեղծել: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Ռադիկալ» թերթը:
Ըստ թերթի’ հեռախոսազրույցում Էրդողանը պատճառաբանել է, որ Սիրիայի սահմանում անվտանգության գոտին անհրաժեշտ է, քանի որ բախումներից տուժում է նաեւ Թուրքիան: Նա ասել է, որ արդեն հոգնել է իր տարածքում ապաստանած տասնյակ հազարավոր սիրիացի փախստականներից եւ պարբերաբար Սիրիայի կողմից թուրքական սահմանամերձ շրջանների ռմբակոծություններից, որոնց հետեւանքով Թուրքիայի արդեն 10 քաղաքացի է զոհվել:
Սիրիայի հետ սահմանում օդային եւ ցամաքային անվտանգ գոտի ստեղծելու առաջարկը պետք է հավանության արժանանա ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 5 մշտական անդամների’ այդ թվում Ռուսաստանի եւ չորս ժամանակավոր անդամների կողմից: Սակայն Ռուսաստանը մշտապես բացահայտ կերպով աջակցում է Սիրիային եւ խոչընդոտում Թուրքիայի հետ միասին մի շարք միջազգային դերակատարների առաջարկները:
«Վերջին հեռախոսազրույցում Էրդողանը Պուտինին ասել է, որ Սիրիայի հարցը անվտանգության եւ փախստականների խնդրի է վերածվել նաեւ Թուրքիայի համար եւ խնդրել ՄԱԿ-ում աջակցել Սիրիայում անվտանգության գոտու ստեղծման առաջարկին: Նախագահ Պուտինը մեկ անգամ եւս բացատրել է Էրդողանին տարածաշրջանում ՌԴ-ի հետեւած քաղաքականությունը եւ հայտնել, որ Մոսկվան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում չի աջակցելու նման որոշմանը», -հայտնում է «Ռադիկալ»-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում