Լույս է տեսել «Հոգևոր երգատեսակները Ջավախքի ժողովրդական ավանդույթում» էլեկտրոնային գիրքը
Նմանատիպ
ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի նախաձեռնությամբ «Ժողովրդական հոգևոր և կանոնական երգատեսակների կենցաղավարումն ու փոխակերպումները Ջավախքի հայոց մշակույթում» ծրագրի շրջանակում լույս է տեսել ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի Արամ Քոչարյանի անվան ձայնադարանի վարիչ, Ժողովրդական երաժշտության բաժնի ավագ գիտաշխատող, արվեստագիտության թեկնածու Զավեն Թագակչյանի «Հոգևոր երգատեսակները Ջավախքի ժողովրդական ավանդույթում» էլեկտրոնային գիրքը, որը հրատարակվել է ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտական խորհրդի երաշխավորմամբ: Այս մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը:
Աշխատության մեջ առաջին անգամ ներկայացվում է ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի Արամ Քոչարյանի անվան ձայնադարանում պահվող ժողովրդական հոգևոր երգերի և եկեղեցական տարբեր արարողություններում հնչող կանոնական երգերի ժողովրդականացված տարբերակների գիտարշավային ձայնագրությունների (1927-1999 թթ․) երաժշտագիտական քննությունը։
Ժողովածուն ներառում է 20-րդ դարում ջավախահայերի կենցաղում լայնորեն տարածված հոգևոր տաղերի, շարականների, Սբ․ Պատարագի երգային հատվածների, ժամագրոց երգերի, Սբ․ Ծննդյան և Հարության ավետիսների, երգվող աղոթքների և աշուղական հոգևոր երգերի նոտային ու բանաստեղծական տեքստերի վերծանությունները՝ զուգահեռաբար համադրելով ու վերլուծելով ժողովրդական և կանոնական հոգևոր երգերի տարբերակները։
Էլեկտրոնային գրքի խմբագիրն է պատմական գիտությունների թեկնածու, Երևանի պետական համալսարանի Մշակութաբանության ամբիոնի դոցենտ Հռիփսիմե Պիկիչյանը, գրքի գրախոսը` արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասատրյանը:
Գիրքը հասցեագրված է Ջավախքի մշակութային ժառանգությամբ հետաքրքրված անձանց, երաժշտագետներին և բանագետներին:
էլեկտրոնային գիրքը հրատարակվել է ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ:
Աղբյուր՝ Panorama.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում