«Մարմնավոր խորհուրդը մահ է, իսկ հոգևոր խորհուրդը` կյանք և խաղաղություն»
Նմանատիպ
Ահա Մեծ պահքի ընթացքի մեջ ենք, որը մեզ տալիս է հոգևոր խորհրդածության նոր հնարավորություն Աստծուն մոտենալու, Ում լուսափայլ հաղորդակցությունը ներթափանցում է մեր մեջ և մարդու էությունը լցնում կենսախինդ կյանքով: Հարկ է վերհիշել, որ կյանքի կարևորագույն ելակետային հանգրվաններից են մարդու հոգևոր վերածնունդն ու հոգևոր կատարյալ հասակին հասնելու առհավատչյան: Այն հարթ ու հեշտ ճանապարհ չէ: Դրա համար բազմաթիվ քրիստոնյաներ սահմանափակվում են պարզապես Աստծուն վերացական կերպով հավատալու սահմանման մեջ: Այդուհանդերձ Աստվածաշունչը մարդուն կոչ է անում ամբողջապես նոր մարդ դառնալ (Եփես. 4:22-23): Եթե հավատացյալները գիտակցեին, թե ինչ է նոր մարդ լինելու կեցության արժեքը, մեծ ջանքեր կգործադրեին, որ իրենց նվիրեին Աստծու կամքին և հասնեին կատարյալ հոգևոր հասակի: Սակայն հարկ է նշել, որ նոր մարդ դառնալու գործընթացը չի ձևավորվում արտաքին երևույթների միջոցով կամ ձևով, այլ բխում է անհատի ներսից, ինչպես հողի մեջ գցված սերմն է նախ հողի մեջ ձևավորվում, այնուհետև ծլարձակում ու ծաղկում: Բայց քրիստոնյաների մեծամասնությունն այդպես էլ չի ճաշակում նոր մարդ լինելու բերկրանքի կատարյալ ապրումն ու գիտակցությունը, այլ քչերն են այդ ուղին բռնում և ապրում այդ զարմանահրաշ իրողությունը` նմանվելով երկնայիններին: Այդ իսկ պատճառով է նաև, որ Սուրբ Հոգու գերբնական շնորհները ներկայումս հազվադեպ քրիստոնյաների են տրվում:
Մատթեոսի Ավետարանում կարդում ենք, որ Հովհաննես Մկրտիչն ասում է, թե ով գալիս է ինձնից հետո, ավելի հզոր է, և նա կմկրտի ձեզ Սուրբ Հոգով ու հրով (Մատթ. 3:11): Սուրբ Հոգով և հրով մկրտության վերաբերյալ կան տարբեր մեկնաբանություններ, բայց այստեղ կամենում ենք ուշադրություն դարձնել հրով մկրտվելու հանգամանքին: Նախ ասենք, որ հուրը խորհրդանշում է Աստծո ներկայությունը (Ելք 13:21), ինչպես, օրինակ, Սուրբ գրքում կարդում ենք վառվող մորենու մասին (Ելք 3:2-4) կամ «Սինա լեռն ամբողջովին ծխում էր, քանի որ Աստված նրա վրա իջել էր իբրև հուր» (Ելք 19:18): Այդուհանդերձ հրով մկրտվելու վերաբերյալ երկու հիմնական մեկնաբանություն կա: Առաջին` հրով մկրտությունը մեղքերից մաքրվելու խորհրդանիշն է և Հոգու պտուղներով լցվելը, ինչպես Պողոս առաքյալը նկարագրում է գաղատացիներին ուղղված նամակում (Գաղ. 5:22), երկրորդ` հուրը խորհրդանշում է Աստծո դատաստանը: Սակայն չխորանալով այս մեկնաբանությունների մեջ և ընդհանրապես մկրտության խորհրդի շուրջ, ցանկանում ենք նշել, որ Սուրբ Հոգով և հրով մկրտվելը նշանակում է նաև մարդու հոգեղեն վիճակի էությունը, թե ինչպիսին է անձը դառնում, երբ ընթանում է ըստ Սուրբ Հոգու:
Երբ առաքյալների վրա Սուրբ Հոգին իջավ, տեսանելի կրակե լեզուների տեսքով (Գործ. 2:3) իջավ: Նաև կարծիք կա, թե հրով մկրտությունն այդ դեպքին էր վերաբերում: Այդուհանդերձ, երբ առաքյալներն Աստծո զորության միջոցով գործում էին, զարմանահրաշ գործեր կատարում, հենց այդ աստվածային հուրն էր, որ հոսում էր նրանց մեջ և զորություն հաղորդում հրաշքներ գործելու համար: Այս ամենը վկայում է այն մասին, որ նրանց մեջ գործում էր Սուրբ Հոգու զորությունը, որն անտեսանելի բոցեղեն կրակ էր՝ հուր, զորություն, ժամանակի լեզվով ասած՝ կյանք պարգևող էներգիա: Այդուհանդերձ այս բոլորը Քրիստոսի նմանության ստվերն է: Այս առումով Պողոս առաքյալը, խոսելով հարուցյալների մարմնի մասին, ասում է, թե ինչպես կրեցինք հողեղենի պատկերը, նույնպես և պիտի կրենք երկնավորի պատկերը (Ա Կորնթ. 15:49): Սակայն հոգևոր այս հասկացություններն ու իրականությունն անհասկանալի են մարմնավոր խորհուրդներով ու կենցաղով ապրող մարդու համար, ում համար հավատն առարկայական ընկալումներից այն կողմ չի անցում, ում կյանքում տեղի չի ունենում ներքին փոփոխություն, ով չի նմանվում երկնավորներին, այլ շարունակաբար տենչում է լինել կախվածության և կապվածության մեջ շնչավոր ու անշունչ, առարկայական, նյութական, ժամանակավոր արժեքներ կրող փոշիացող իրողությունների հետ: Իսկ նա, ով ձգտում է լինել Աստծո հետ, ընթանալ Սուրբ Հոգով, նրա մեջ հոսում է Հոգու անսպառ ու անսահման զորավոր հուրը, հաղորդում գերբնական զորություն, սրբում մեղքերը, մաքրում նրա մեջ գտնվող ամեն հիվանդություն և տկարություն: Այն աներևույթ է սովորական ու երկրավոր աչքի համար, բայց տեսանելի հոգևոր գիտակցությամբ և տեսողությամբ, թեև Սուրբ Գրքում հանդիպում ենք նաև այնպիսի իրադարձության, երբ Աստծո հետ անմիջական հաղորդակցությունը տեսանելիորեն դրոշմվում է մարդու էության մեջ, ինչպես Մովսեսի դեմքը ճառագում էր, երբ իջնում էր Սինա լեռից (Ելք. 34:29-35):
Հաճախ այսպիսի մարդկանց է, որ տրվում են գերբնական շնորհներ` գործելու և ծառայելու Աստծո կամքին համապատասխան, սակայն տրվում է նրանց, ովքեր ունեն համապատասխան հոգևոր հասունություն, ովքեր հասնում են կատարյալ հավասարակշիռ հոգեվիճակին` հոգևոր խաղաղության և երկնային ներքին հանդարտության կյանքի բոլոր իրադրություններում, ովքեր իրենց կյանքի հիմնակետը կառուցում են աստվածային սիրո ու խոնարհության գիտակցության ապրումով: Ժամանակի մեջ Աստված նախապատրաստում է այդպիսի անձանց հասնելու այդ աստիճանին, ինչպես երեք տարի առաքյալներին էր ուսանում ու նախապատրաստում: Այդ նախապատրաստությունը խորքային ինքնաճանաչողության և մարդկային աշխարհայացքից դուրս աննկարագրելի Աստծուն ճանաչելու ուղի է: Այն կարող է լինել երկար տարիներ կամ կարճ ընթացք ըստ Աստծո Սուրբ Հոգու ծրագրերի:
Հիրավի, մեծ հրաշք է անհատի կյանքում, երբ նա հոգևոր աչքերով տեսնում է իր հոգում և մարմնում հոսող Աստծո Հոգու զարմանահրաշ հուրը, սովորական աչքին անտեսանելի հրե լեզուները, որոնք չեն այրում իրեն, այլ կյանք ու զորություն են տալիս: Ավաղ, մեր դարաշրջանում հազվադեպ են այդպիսի անձինք, որովհետև մարդիկ տարված են մարմնավոր կյանքի արժեքներով, որոնք իսկության մեջ մարդու հոգին ու մարմինը տառապանքի են ենթարկում և տկարացնում և միայն շոշափելին բացահայտում, ինչպես նշում է Պողոս առաքյալը. «քանի որ մարմնավոր խորհուրդը մահ է, իսկ հոգևոր խորհուրդը կյանք և խաղաղությունե (Հռոմ. 8:6):
Արդ, այս աշխարհում մարդն ունի կյանքի հորիզոնը տեսնելու երեք հնարավորություն: Առաջինն իր մարմնավոր աչքերի տեսողությունն է, որը սահմանափակ է և տկար, երկրորդը խավարի իշխանի միջոցով տեսնելու կարողությունն է, որը չափազանց վեր է մարդկային կարողությունից, բայց մարդու կյանքի համար կործանարար, երրորդը Սուրբ Հոգու աչքերով նայելու շնորհն է, որն անսահման է, զորավոր, երկնային լույսով լեցուն, գերբնական և զարմանահրաշ: Եվ մենք, իբրև քրիստոնյա, ո՞ր ուղին ենք ընտրելու, արդեն իսկ մեր ազատ կամքի ընտրությունն է և մեր կեցության ուղին կերտելու ճանապարհն է:
Հովհաննես Մանուկյան
Աղբյուր՝ Surbzoravor.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում