Ադրբեջանի անցանկալի անձանց ցուցակում հայտնվել են երեք ռումինացիներ
Նմանատիպ
Ադրբեջանական ԱԳՆ-ի հրապարակած անցանկալի անձանց ցուցակից անմասն չմնացին նաեւ ռումինացիները: Ինչպես Ռումինիայից տեղեկացնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, ռումինական լրատվամիջոցները ծանուցում են, որ «Գրավյալ տարածքների անօրինական այցելության» համար Ադրբեջանն անցանկալի անձ է հայտարարել ռումին լրագրող Շտեֆան Կանդեային (Ștefan Candea), լուսանկարիչ Պետրուց Կալինեսկուին (Petruț Călinescu) եւ բանաստեղծ Մարիուս Կելարուին (Marius Chelaru): Առաջ ին երկուսը Արցախ են այցելել 2010թ., իսկ բանաստեղծ Մարիուս Կելարուն 2012թ. Ստեփանակերտում մասնակցել է «Պոետը խաղաղության պատգամաբեր» պոեզիայի միջազգային փառատոնին:
Լրագրող Շտեֆան Կանդեան Ռումինիայի հետաքննական լրագրության կենտրոնի համահիմնադիրներից է (Romanian Center for Investigative Journalism): Նա հայտնի դարձավ Ռումինիայում այն բանից հետո, երբ գրեց միջազգային կազմակերպված հանցավորության ցանցի եւ բարձրաստիճան պաշտոնյաների ու հանրային ծառայողների կապի մասին: Նրա հոդվածը ցույց էր տալիս «Կոզա Նոստրայի» եւ Ռումինիայի նախագահի ու արտաքին հետախուզական ծառայությունների ղեկավարի համակիրների միջեւ կապը:
Պետրուց Կալինեսկուն արդեն երկար տարիներ անկախ լուսանկարիչ է եւ աշխատում է երկարաժամկետ ծրագրերի վրա: Նրա գործերը տպագրվել են բազմաթիվ հանրահայտ ամսագրերում, ինչպիսիք են The Times, New York Times, Courier International, Paris Match, Der Spiegel, NewsWeek Japan եւ այլն: 2005 եւ 2006 թվականներին նա արժանացել է Ռումինիայի լավագուն լուսանկարիչ տիտղոսին: Ներկայումս Կալինեսկուն աշխատում է «Ամերիկյան Մարշալի հիմնադրամի» կողմից ֆինանսավորվող «Սեւ ծովի շուրջը» (Around the Black Sea) ծրագրի վրա’ լուսանկարների միջոցով հետազոտելով երիտասարդ ժողովրդավարությունների եւ մարդկանց փոխհարաբերությու? ?ները: Նրա երկրորդ երկարաժամկետ ծրագիրը, որը կոչվում է «Հպարտություն եւ իրականություն» (Pride and Concrete), պատմում է ռումին գաղթականների մասին եւ թե ինչպե՞ս են նրանք ձեւափոխել Ռումինիայի ավանդական ծայրամասերը:
Բանաստեղծ, գրաքննադատ, թարգմանիչ Մարիուս Կելարուն Ռումինիայի Գրողների միության Յաշ քաղաքի մասնաճյուղի վարչության անդամ է: Նա հեղինակել է բանաստեղծությունների բազմաթիվ ժողովածուներ, թարգմանել է 60-ից ավելի հանրահայտ օտար բանաստեղծների գործեր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում