Միացյալ Թագավորությունը մտահոգված է տոներից հետո Եգիպտոսում հնարավոր նոր բռնությունների ուժգնացմամբ

Մեծ Բրիտանիան Եգիպտոսի կառավարությանը զգուշացրել է մուսուլմանական Ռամադանի վերջում անցկացվող Իդ ալ-Ֆիթր տոնից հետո բռնությունների հնարավոր նոր ալիքի մասին, եթե վերջիններս չհրաժարվեն Կահիրեում ցույցերին վերջ դնելու մտադրությունից: «Մեզ խորապես մտահոգում է Ռամադանի ավարտին բռնությունների ուժգնացման վտանգը»,- «Արմենպր ես»-ի փոխանցմամբ’ Ahram Online-ին հայտնել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ մամուլի քարտուղարը’ կոչ անելով կողմերին հանգստություն պահպանել: Եգիպտոսի վարչապետ Հազեմ էլ-Բաբլաուին օգոստոսի 7-ին իսլամիստներից պահանջել էր դադարեցնել բողոքի ակցիաները՝ հայտարարելով, որ իշխանությունների որոշումը’ ցրելու մայրաքաղաք Կահիրեի Ռաբաա ալ-Ադավիյա և Գիզայի ալ – Նահդա հրապարակների նստացույցերը, վերջնական է:

Մեծ Բրիտանիան բազմիցս կոչ է արել եգիպտական իշխանություններին և ընդդիմությանը զերծ մնալ բռնություններից և պատասխանատվության ենթարկել անվտանգության ուժերին’ հուլիսի 3-ից բռնկված բռնությունների արդյունքում տասնյակ մարդկանց սպանության համար:

Մուսուլմանական աշխարհն օգոստոսի 8-ին տոնում է Ռամադանից հետո սկսվող պահքի ավարտին նվիրված Իդ ալ-ֆիթր եռօրյա տոնը:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում