Թուրքական կայքը Սիրիայում կատարվող վայրագությունների մեջ մեղադրում է թուրքական պետությանը
Նմանատիպ
Թուրքական aykiridogrular.com կայքը զուգահեռներ է անցկացրել այսօր Սիրիայում խաղաղ բնակչության նկատմամբ ծայրահեղականների կատարած գազանությունների եւ 1915թ.-ին Թուրքիայում հայերի եւ այլ քրիստոնյա ժողովուրդների բնաջնջման միջեւ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Սիրիայում հակակառավարական ուժերի գործողությունները խաղաղ բնակչության նկատմամբ գազանություններ եւ մարդկության դեմ հանցագործություն որակելով ‘ թուրքական կայքը դրանց մեջ տեսնում է Հայոց ցեղասպանության հեղինակ Օսմանյան կայսրության ժառանգորդ’ այսօրվա Թուրքիայի մասնակցությունը եւս:
Կայքը գրում է. «Իսլամական կրոնը չբավարարեց թուրքերին եւ արաբներին դաստիարակելու համար: Նրանք չեն հրաժարվել սեփական կեղտոտ գործողությունների համար իսլամը, հավատքը եւ կրոնն օգտագործելուց: Թեեւ նրանց կատարած գազանությունները, կոտորածները, ցեղասպանությունները, տեղահանումները տեղ են գտել մարդկության պատմության ամենակեղտոտ էջերում, նույն կոտորածներն ու ցեղասպանությունները շարունակվում են նաեւ այսօր:
Այսօր Սիրիայում կանանց եւ երեխաներին բռնաբարողներն ու սպանողները դա անում են իսլամական կրոնի անվան տակ: Մերձավոր Արեւելքում ոչ մահեդականների փոքրամասնություն դառնալուց հետո հերթը հասավ ալավիներին (շիա) եւ քուրդ ժողովրդին: 1990-1996թթ.-ը միանշանակ’ պետության կողմից կազմակերպված «Հըզբոլլահ»-ը, կամ էլ ժողովրդի լեզվով ասած’ «Հըզբոլշեյթան»-ը, սպանեց հազարավոր քրդերի: Այսօր Սիրիայում Ալլահ-ու Աքբար գոռալով’ ալավիների գլուխները թռցնողները, քրդերին ողջ-ողջ այրողները կրկին դա անում են իսլամական կրոնի անվան տակ: Դրա անունը Ալ Նուսրա չէ, Թուրքիա է, քանի որ դրանց լոգիստիկ, առողջապահական եւ բոլոր կարիքներն ապահովողը նորից Թուրքիան է: Երեկ «Հըզբոլլահ», այսօր’ Ալ Նուսրա կամ էլ’ Ազատ Սիրիա: Բոլորի ընդհանուր անունը Թուրքիա է»:
Սիրիայում ջիհադականների Ալ Նուսրա խմբավորումը, որը հակակառավարական Ազատ Սիրիայի բանակի մաս է կազմում, երկու օր առաջ Սիրիայում բնաջնջել է 450 խաղաղ քուրդ բնակիչների, որոնցից 120-ը երեխաներ, 330-ը կանայք եւ ծերեր են եղել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում