ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջան կայցելի օգոստոսի 13-ին
Նմանատիպ
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի պաշտոնական այցն Ադրբեջան տեղի կունենա օգոստոսի 13-ին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում virtual.az լրատվական կայքը’ հղում կատարելով թուրքական ԶԼՄ-երին:Նշվում է, որ Բաքու այցին ՌԴ նախագահին կուղեկցի մեծ պատվիրակություն, որի կազմում կլինեն նաեւ էներգետիկայի ոլորտի խոշոր ընկերությունների ղեկավարներ:
Այցի ընթացքում կքննարկվեն այդ ոլորտում երկու երկրների միջեւ համագործակցությանը վերաբերվող հարցեր, ինչպես նաեւ կարծիքներ կփոխանակվեն տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության հարցերի շուրջ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վլադիմիր Պուտինի այցը Բաքու նախատեսված է օգոստոսի 12-ին:
Թուրքական «Yeni Asya» թերթը օգոստոսի 7-ին հայտնել է, որ Արեւմուտքի հետ էներգետիկ նախագծեր իրագործելու առիթով Ռուսաստանի անհանգստությունը նվազեցնելու նպատակով Բաքուն Ռուսաստանին մասնակցություն է առաջարկել Տրանսադրիատիկ գազատարի նախագծում (TAP): «Ընդհանուր առմամբ’ Ադրբեջանի դիրքորոշումը Ռուսաստանի «հանգստացմանն» ուղղված հայեցակարգի պրոդուկտ է»,- գրել է թերթը:
Թուրքական թերթի այս հայտարարությունը հիմք է տալիս կարծելու, որ նման առաջարկի դիմաց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջիկա այցը Ադրբեջան ողղված է այդ երկրում հոկտեմբերին տեղի ունենալիք նախագահական ընտրություններում Ադրբեջանի գործող նախագահ Իլհամ Ալիեւին աջակցություն ցուցաբերելուն:
TAP նախագիծը կոչված է ապահովելու Կասպյան տարածաշրջանից գազը Հունաստանի, Ալբանիայի եւ Միջերկրական ծովի վրայով Իտալիայի հարավ, եւ հետո Արեւմտյան Եվրոպա փոխադրումը: Որպես հիմնական աղբյուր նախագիծը դիտում է այն գազը, որը ծրագրվում է արդյունահանել ադրբեջանական «Շահ դենիզ» հանքավայրի շահագործման երկրորդ փուլում:
«Շահ դենիզ» գազի հանքավայրի մշակման գծով գործընկերներ BP, SOCAR (Ադրբեջանի պետական նավթային ընկերություն) եւ Total ընկերությունները Տրանսադրիատիկ գազատարի նախագծում կստանան ընդհանուր 50 տոկոս մասնակցության բաժին’ համապատասխանաբար, 20, 20 եւ 10 տոկոս: Ներկայում TAP-ի բաժնետերեր են շվեյցարական Axpo (42,5 տոկոս), նորվեգական Statoil (42,5 տոկոս) եւ գերմանական E.ON Ruhrgas (15 տոկոս) ընկերությունները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում