-2.9 C
Yerevan

Կինը աշխարհ չէ եկած մինակ հաճելի ըլլալու համար…

Նմանատիպ

Մաեստրո Տիգրան Մանսուրյանը նշում է 84 ամյակը

«Աստված իմ, ներողություն եմ խնդրում սենտիմենտալությանս համար, բայց ամենացանկալի...

«Դոմ Մոսկվի» կենտրոնում բացվել է Լենինգրադի ապաշրջափակման 80 ամյակին նվիրված ցուցահանդես

Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնում տեղի ունեցավ «Շրջափակում....

«Не запахло весной»․ Բուտիրկան Ա․Խաչատրյան համերգասրահում համերգ չի տա

Երևանում սպասվում է ռուսական  «Բուտիրկա» խմբի համերգը։ «Բուտիրկան» ռուսական շանսոնի...

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կինը աշխարհ չէ եկած մինակ հաճելի ըլլալու համար։ Կինը եկած է իր խելքը, մտային, բարոյական եւ ֆիզիքական յատկութիւնները զարգացնելու համար։ Ինքզինքնին յարգող բոլոր կիներուն իտէալը միայն հաճելի ըլլալը պէտք չէ ըլլայ, այլ երկրիս վրայ գործօն բարերար տարր մը դառնալը»:

Զապել Եսայան

Ծանոթանալով Օսմանյան կայսրության տիրապետության տակ ապրած արեւմտահայ մտավորականության կյանքին ու գործունեությանը՝ հանգում ենք մի եզրակացության, որն ընդհանրացնում է բոլորին` ապրելու ու պայքարելու կամքի ուժ, հայրենանվեր ջանադիր աշխատանք, ազգապահպան գործունեություն, բծախնդրություն ու հարգանք մայրենի լեզվի հանդեպ, մի քանի լեզուների պարտադիր իմացություն, բարձրագույն խորիմաստ ու բազմակողմանի կրթություն, բազմազբաղություն, ակտիվ հասարակական կյանք եւ հասարակությանը բարձր գաղափարների շուրջ միավորելու ջանքեր, ստեղծագործական կատարելության հասնելու ջիղ, հստակ նպատակների իրականացման աննահանջ ուղի եւ այս ամենն իրականացնելու անձնուրացություն։

Հայ մտավորականությունը շատ լավ էր գիտակցում ու պատկերացնում իր դերն ու անելիքները ազգափրկության, մարդասիրության, մարդակերտման հարցում, ինչն արտահայտում էր ոչ միայն բարձրարժեք ստեղծագործական գեղարվեստի, այլեւ ուղղակիորեն հասարակության հետ շփման, նրան անմիջական օգնություն ցուցաբերելու միջոցով։ Հենց սա նկատի ունի Զապել Եսայանը, երբ խոսում է կնոջ ակտիվ դերակատարության մասին, ինչը թուրքական միջավայրում արտառոց երեւույթ կարող էր դիտվել, սակայն իրեն հարգող յուրաքանչյուր անձ` կին թե տղամարդ, իր առաքելությունն ունի այս աշխարհում, եւ Զապել Եսայանը համարձակ մտավ պայքարի ասպարեզ` թե՛ որպես ստեղծագործող եւ թե՛ որպես հասարակական-քաղաքական գործիչ` ամենեւին չզիջելով տղամարդ գործընկերներին։ Նա գրականություն բերեց իր ուրույն ձեռագիրն ու ոճը` եւս մի շեշտադրումով հարստացնելով այն։ Արեւմտահայ տղամարդ գրողների երկերում լեզվի ճոխության, պատկերավորության ու սրության հետ մեկտեղ նկատվում է սուր, սարկաստիկ երգիծանք, բառերն ասես ժայռաբեկորներից պոկված լինեն, որ անտաշությամբ հանդերձ` յուրօրինակ ներդաշնակություն են կազմում միմյանց հետ եւ բոլորում այն իրականությունը, որ կարող էր ապտակի պես խփել ընթերցողի դեմքին` պատասխան պահանջելով նրանից, եթե ընթերցողը տարված չլիներ երգիծանքի պատճառած վայելքով, ինչը նրան երկար էլ ուղեկցում է, եւ միայն վերլուծաբան-ընթերցողն է ընկալում այդ երգիծական պատկերավորության ողջ դրամատիզմն ու ողբերգականությունը։ Զապել Եսայանի մուտքը «տղամարդկային» գրականություն ամենեւին էլ «կանացիակերպ» չէր, բայց որն իր տեսակով տարբեր է, թվում է` ավելի հանդարտ, թեեւ նույն բետոնաշաղախով, սակայն առավել տաշված, կոկիկ, մանրամասների մեջ թափանցելու իգական ինտելեկտով, ենթաշերտերի հստակ դասավորությամբ…

Զապել Եսայանը ծնվել է 1878 թվականի փետրվարի 4-ին Կ. Պոլսի Սկյուտար թաղամասում։ Սովորել է նախ մասնավոր դպրոցում, ապա ավարտել Սկյուտարի Սուրբ Խաչ վարժարանը, աշակերտել Արշակ Չոպանյանին։ 1895 թվականի դեկտեմբերին մեկնել է Փարիզ, որտեղ մասնակցել է Լուսինյանի բառարանը կազմելուն` որպես խմբագիր-սրբագրիչ, ունկնդրել Սորբոնի համալսարանի եւ Կոլեջ դը Ֆրանսի դասընթացները (գրականության ու փիլիսոփայության ճյուղերը): Փարիզում աշխատակցել է հայկական եւ ֆրանսիական պարբերականների, հայերեն ու ֆրանսերեն գրել է բազմաթիվ հոդվածներ, արձակ քերթվածներ, պատմվածքներ, վիպակներ, կատարել թարգմանություններ: Ֆրանսիական ու արեւմտաեվրոպական, ռուս մշակույթի եւ գրականության, անտիկ աշխարհի արվեստի գիտակ Եսայանը չի սահմանափակվում, սակայն, գրական-ստեղծագործական աշխատանքներով, իսկ ավելի ճիշտ` գրականությունն ու դաժան իրականությունը կարծես փոխադարձաբար լրացնում են միմյանց, երբ իրականության հետ առերեսվող գրողը` թերապեւտիկ միջամտությամբ, այն դարձնում է գրական նյութ, դնում մի կաղապարի մեջ, որ քիչ թե շատ հաղթահարելի ու տանելի դարձնի ահասարսուռ ապրումը, ինչպես որ 1909 թվականի ապրիլին երիտթուրքերի` Ադանայում կազմակերպած հայերի կոտորածի պատմությունից ցնցված, որին զոհ է դառնում շուրջ 30.000 մարդ, Զապել Եսայանը` հայ մտավորականների, գրողների ու գործիչների պատվիրակության հետ, մեկնում է աղետի վայրեր, շուրջ երեք ամիս լինում Ադանա, Մերսին, Սիս, Օսմանիե եւ այլ բնակավայրերում, լսում կոտորածների ականատեսներին, այնուհետեւ այդ ամենն արտահայտում հոդվածներում, գեղարվեստական գործերում: Կիլիկիայի հայության ողբերգությունն արտացոլված է «Ավերակներուն մեջ» գրքում, «Անեծքը» վիպակում, «Նոր հարսը» եւ «Սաֆիե» պատմվածքներում: Նրա համարձակ ելույթները, հայացքներն ու գործունեությունը, սակայն, անվրեպ չեն անցնում թրքական իշխանությունների կողմից, եւ չի էլ ներվում նրա` կին լինելու հանգամանքը, ինչպես որ 1915 թ. ապրիլի 24-ի գիշերն աքսորի ենթակա հայ մտավորականներից միակ կինը, ում անունը գրված էր նախապես կազմված ցուցակում, հենց նա է: Նրան հաջողվում է փրկվել թուրքական հալածանքից եւ երեք ամիս փախստականի կյանք վարելուց հետո մեկնել Բուլղարիա, Ռումինիա, իսկ 1915 թ. վերջին՝ Կովկաս: Այստեղ նույնպես շարունակում է հասարակական-քաղաքական գործունեությունը Բաքվում ու Թիֆլիսում զեկույցներ ու դասախոսություններ կարդալով կոտորածների ու ցեղասպանության թեմաներով, գրում հոդվածներ։ Մասնավորապես` 1916 թ. փետրվարի 6-ին Թիֆլիսի քաղաքային ժողովարանի դահլիճում՝ Հովհաննես Թումանյանի նախագահությամբ, դասախոսություն է կարդում «Հայկական վերջին հալածանքները Կ. Պոլսո մեջ» թեմայով, իսկ մարտի 12-ին Բաքվում՝ «Հայ գրասերների ընկերության» հրավերով Հասարակական ժողովարանում՝ Հովհաննես Հովհաննիսյանի նախագահությամբ, խոսում է ժամանակակից արեւմտահայ գրականության եւ գրողների մասին։ Մոսկվայի Հայկական կոմիտեի հրավերով մեկնում է Պետրոգրադ եւ Մոսկվա, որտեղ կազմակերպում է հանգանակություն` հայ որբերի ու գաղթականների օգտին եւ ներկայացնում հայկական կոտորածների իրական պատկերը։ 1933 թ. հրավիրվում է աշխատելու Երեւանի պետական համալսարանում, իսկ 1936-ին գրողների միությունում ելույթից հետո` ստալինյան բռնապետության ոգուն համապատասխան, առանց բացատրությունների, ձերբակալվում ու հայտնվում է Բաքվի բանտում, որտեղից գրված նամակները վկայում են նրա տոկունության ու խիզախության մասին անգամ այդ անտանելի պայմաններում… Ճակատագրի հեգնանքով` յաթաղանից հրաշքով փրկված գրողին վիճակված էր մեկ այլ ողբերգություն ապրել բանտի պատերի ներսում, որի վախճանը այդպես էլ մութ մնաց մինչ օրս. որոշ տվյալներով` Զապելը մահացել է 1943 թ.։

Մահը, իհարկե, զորավոր է, բայց ոչ երբեք հիշատակի հանդեպ, այն էլ այնպիսի հիշատակի, որ թողել էր խիզախ կինը. Փարիզն անգամ, ուր երբեւէ այցելել էր նա, հիշատակի իր տուրքը մատուցեց նրան` նրա վախճանից շատ տասնամյակներ անց. 2018 թվականի մարտի 8-ին Փարիզի Հանրապետության պողոտայի եւ Տլիմսեն ու Սպինոզա փողոցների (20-րդ եւ 11-րդ շրջաններ) հատման կետում գտնվող ճեմուղին անվանակոչվեց Զապել Եսայանի անունով։

Էլեոնորա ՆԵՐՍԻՍՅԱՆ

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Մաեստրո Տիգրան Մանսուրյանը նշում է 84 ամյակը

«Աստված իմ, ներողություն եմ խնդրում սենտիմենտալությանս համար, բայց ամենացանկալի...

«Դոմ Մոսկվի» կենտրոնում բացվել է Լենինգրադի ապաշրջափակման 80 ամյակին նվիրված ցուցահանդես

Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնում տեղի ունեցավ «Շրջափակում....

«Не запахло весной»․ Բուտիրկան Ա․Խաչատրյան համերգասրահում համերգ չի տա

Երևանում սպասվում է ռուսական  «Բուտիրկա» խմբի համերգը։ «Բուտիրկան» ռուսական շանսոնի...