Թուրքիայում փորձում են շահարկել հայ-թուրքական սահմանը հատած եւ ռուս սահմանապահների կողմից սպանված թուրք հովվի միջադեպը
Նմանատիպ
Թուրքիայի փորձագիտական եւ լրագրողական որոշ շրջանակներ փորձում են շահարկել օրերս հայ-թուրքական սահմանը հատած թուրք հովիվ Մուստաֆա Ուլքերի’ ռուս սահմանապահների կողմից սպանության միջադեպը եւ պահանջում, որ հայկական կողմը նյութական փոխհատուցում տա նրա ընտանիքին:Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական «հabervaktim.com» լրատվական կայքի հետ զրույցում թուրքական «Լոբբիստաական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի» (LOBISAV) Էրջյումեն Քըլըչն հայտարարել է, որ հայերն ու հրեաները, կարծեք, ավանդույթ են դարձրել թուրքերի հանդեպ վատ վերաբերմունքը: Նա թուրքական հասարակությունից պահանջել է անտարբերության չմատնել թուրք հովվի սպանության դեպքը:
«Աշխարհի 22 երկրներ ճանաչել են հայերի ցեղասպանությունը, իսկ 30 երկրներ ցեղասպանության հուշարձան են կանգնեցրել, սակայն, բոլորը լռում են թուրք հովվի սպանության հարցում: Հարկավոր է լռության չմատնել այդ դեպքը: Անհրաժեշտ է այն օրակարգում պահել պետական մակարդակով: Պետք է պահանջել, որպեսզի հայերը նյութական փոխահատուցում տան սպանված հովվի ընտանիքին: Հարկավոր է, որպեսզի կառավարությունը դիվանագիտական քայլերով կոնկրետ միջամտություն ցուցաբերի հարցին»,- ասել է Քըլըչը: Նա նշել է, որ ինչպես թուրքական կառավարությունը կոշտ արձագանքեց Մավի Մարմարա նավի միջադեպի ժամանակ զոհված Թուրքիայի քաղաքացիների հարցում, նույն կերպ պետք է վարվել հայերի դեմ:
Թուրքական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ Կարսի նահանգի Արփաչայ գյուղի 35-ամյա բնակիչ Մուստաֆա Ուլքերը կորած անասուններին վերադարձնելու համար հուլիսի 31-ի երեկոյան հատել է հայ-թուրքական սահմանը եւ սպանվել ռուս սահմանապահների կողմից: Հայաստանում Ռուսաստանի սահմանային ծառայությունը հայտարարել է, որ սահմանախախտը զինված է եղել եւ առաջինը նա է կրակ բացել ռուս զինվորների վրա:
Թուրքական «LOBISAV» հետազոտական կենտրոնը, որը գրասենյակներ ունի Ստամբուլում եւ Վաշինգտոնում, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ լոբբիստական գործունեություն է մոբիլիզացնում թուրքական հասարակության շրջանում: Կենտրոնը պատրաստվում է բողոքներ հղել Հայոց ցեղասպանությունը ճանաչած կամ Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողներ կանգնեցրած երկրների նախագահներին, կառավարություններին եւ պաշտոնատար անձանց: Կենտրոնը, որը ղեկավարում է նաեւ «Ազգային մոբիլիզացիա» կոչված շարժումը, սպասարկում է նաեւ Ադրբեջանի շահերը’ Լեռնային Ղարաբաղի հարցում
Հետևեք մեզ նաև Telegram-ում