Գառնիում կցուցադրվի Միհր Աստծո արձանախմբի մաս հանդիսացող մարմարե «Ցլի գլուխը»

Գառնիում կցուցադրվի Միհր Աստծո արձանախմբի մաս հանդիսացող մարմարե «Ցլի գլուխը»

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ֆոնդերում պահվող բացառիկ արտեֆակտներից է տարիներ առաջ Գառնու դարավանդի զառիվեր լանջին հայտնաբերված Միհր Աստծո մարմարե արձանախմբի մաս հանդիսացող «Ցլի գլուխը», որը տեսնելու բացառիկ հնարավորություն կունենան ՊՈԱԿ-ի այցելուները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՊՈԱԿ-ից հայտնում են, որ մարտի 21-ին «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում տեղի կունենա «Արորդիների Ուխտ» կազմակերպության նախաձեռնած միջոցառումը, որի շրջանակում կնշվի Ամանորը և Վահագնի ծնունդը, ապա ցուցադրության բացմամբ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը կներկայացնի տաճարը երբեմնի զարդարած «Ցլի գլուխ»-ը։

Հայաստանում քրիստոնեության` պետական կրոն հռչակվելուց (301թ.) հետո, թեև հին ամրոցներն ու պաշտպանական համալիրները հիմնականում մնացին անխաթար, սակայն հեթանոսական պաշտամունքային հուշարձանները հիմնահատակ կործանվեցին։ Միայն առանձին տեղերում որոշ մեհյաններ վերածվեցին քրիստոնեական տաճարների:

Բացառություն է կազմում Գառնիի տաճարը, որը պահպանվեց նույնությամբ, վերածվեց աշխարհիկ կառույցի և, ըստ Մովսես Խորենացու, դարձավ Տրդատ III թագավորի քրոջ` Խոսրովադուխտի «տուն-հովանոցը»: Նոր հավատքի հետևորդները կտոր-կտոր արեցին տաճարի խորանում տեղադրված ցլի դեմ մարտնչող Միհրի արձանախումբը և նետեցին ձորը:

Հարյուրամյակներ անց` պեղումների ժամանակ, տաճարի մոտ գտնվել է սպիտակ մարմարից քանդակված ցլի կճղակ որը, մասնագետների կարծիքով հենց այդ արձանախմբի մասն է կազմել: Երկու այլ բեկորներ` ցլի մարմարե գլուխը և արձանախմբի պատվանդանի մասը, պատահաբար հայտնաբերվել են 2011 թվականին դարավանդի զառիվեր լանջին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում