Քանդակագործ հայուհին. արդյոք ճանաչո՞ւմ ենք նրան
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ռուզանի գործը կրում է մեծ Ատտիկայի ոգին: Նա իսկական արձանագործ է, մեր՝ հայ իրականության մեջ բացառիկներից, որ զգում է ֆորման իր կոսմիկական ամբողջության մեջ»:
Երվանդ ՔՈՉԱՐ
Այնքան էլ հաճախակի չի պատահում, երբ նույն հարկի տակ ապրող ամուսինները վայելում են մուսաների հովանավորությունը եւ իրենց կյանքը նվիրում ստեղծագործ արարումների: Սակավաթիվ այդպիսիներից են Ստեփան եւ Ռուզաննա Քյուրքչյանները՝ ամուսինը հայտնի եւ վաստակաշատ ճարտարապետ, կինը՝ քանդակագործ: Ճարտարապետին, հավանաբար, ամենքն են ճանաչում, իսկ ահա նրա կնոջը, թերեւս, քչերը միայն:
Մինչդեռ պատահական չէ Երվանդ Քոչար հանճարի հիացումը նրա ստեղծագործությամբ, մանավանդ՝ «Վերածնունդ» քանդակով, որին քաջածանոթ էր գրեթե յուրաքանչյուր երեւանցի եւ որը տեղադրման գտնված իր վայրով երեւանյան կոլորիտի անբաժան մի մասն էր դարձել՝ խորհրդանշելով մայր հայրենիքի արեւոտ ու կորովով լեցուն կերպարը: Այն զարդարում էր Կամերային երաժշտության տան մերձակա այգին, իսկ թե հիմա ինչո՞ւ է հեռացվել խաղաղ ու աննկատ մի անկյուն, պառճառը, հավանաբար, քչերը գիտեն: Բայց որ մնայուն այդ գործն արժանի էր նախընտրած վայրին՝ անառարկելի է, քանզի նաեւ, մասնագետների գնահատմամբ, «եթե Ռուզաննայի մյուս գործերը լավն են, ապա «Վերածնունդը» կատարյալ է… »: Ասել կուզի՝ տգեղ է ու անարդար կատարյալի հետ այդպես վարվելը, ինչ էլ որ նրան փոխարինելու եկած լինի…
Կին քանդակագործի աշխատանքներին ակամայից շատերս ենք ծանոթ՝ սակայն անծանոթ լինելով դրանց հեղինակին: Ո՞վ չի տեսել Կոմիտասի անվան պանթեոնի հսկայածավալ տուֆակերտ հարթաքանդակները: Ո՞ւմ աչքից են վրիպել մայրաքաղաքի մետրոպոլիտենի Երիտասարդական կայարանի պատի ծավալուն բրոնզե քանդակը, Պուշկինի փողոցի՝ Թորոս Թորամանյանին նվիրված հուշարձանը, Սայաթ Նովան, հանճարեղ բանաստեղծին նվիրված յոթ սկահակներից կառուցված շատրվանը՝ դրված նրա անվան փողոցի ջրավազանում, բժշկական համալսարանի բակի՝ Հայրենականում զոհված ապագա բժիշկներին նվիրված հուշարձանը:
Դժվար է ձեռք մեկնել մեծերին: Ռուզաննա Քյուրքչյան արվեստագետը չի վարանել կերտելու Պետրոս Ադամյանի, Կոմիտասի, Գեւորգ Բաշինջաղյանի, այլ երեւելիների կենդանի ու խոսուն դիմաքանդակները: Նշանակալից է նրա մոնումենտալ-դեկորատիվ «1988»-ը, որով շունչ է տվել երկրաշարժից զոհված իր հազարավոր հայրենակիցներին: Սրանց կողքին՝ «Առատություն», «Դաշինք», «Ընտանիք», «Արեւելք», «Գարուն», «20 թիվ», «Վարպետ Օհանը», անժխտելի վարպետությամբ առանձնացող տասնյակ գործեր:
Ասենք, որ Ռուզաննա Քյուրքչյանը ծնունդով Կրասնոդարի երկրամասից էր: Ավարտել է Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտը, սկզբնական շրջանում ստեղծագործել է հաստոցային քանդակագործության բնագավառում, անցյալ դարի 60-ականներից նրա գործերում ի հայտ են եկել քանդակագործության եւ ճարտարապետության տարրերի համադրումներ: Սքանչելի համադրումներ, որոնց արդյունքում՝ կին քանդակագործի ներաշխարհի հնչեղ ղողանջները՝ բրոնզի ու քարեղեն լեզվով…
Հակոբ ՍՐԱՊՅԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում