Օնիկ Գասպարյանին հավաստիացրել են՝ վարչապետի հրաժարականը մոտակա ժամանակներում լինելու է. քաղտեխնոլոգ

Օնիկ Գասպարյանին հավաստիացրել են՝ վարչապետի հրաժարականը մոտակա ժամանակներում լինելու է. քաղտեխնոլոգ

Օնիկ Գասպարյանի ուղերձը, իմ տպավորությամբ, ինչ–որ անդրկուլիսյան բանակցությունների արդյունք էր։ Նրան համոզել կամ հավաստիացրել են, որ վարչապետի հրաժարականը մոտակա ժամանակներում լինելու է, ինչը ԳՇ նախկին պետին թույլ է տալիս համարել, որ իր պահանջը կատարվելու է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

«Այս առումով կարծում եմ, որ Օնիկ Գասպարյանի ուղերձը պարտիան կիսատ թողնել էր նշանակում, որովհետեւ մի կողմից շարունակում է պահանջել հրաժարականը եւ նախկինում տրված գնահատականները ուժի մեջ է պահում, մյուս կողմից հայտարարում է, որ շարունակելու է պայքարել հակասահմանադրական որոշումների դեմ, անգամ դիմում է Վարչական դատարան, բայց փաստացի ինքնակամ հեռանում է։ Իր համար գտնվել է մի տարբերակ, որտեղ փորձում են դեմքը պահպանել եւ միջանկյալ տարբերակ են գտել»,– ասաց քաղտեխնոլոգը՝ չբացառելով, որ Օնիկ Գասպարյանի հետ քննարկումները կարող էին լինել իշխանության կոմպետենտ ներկայացուցչի, վարչապետի, կամ էլ օրինակ, նախագահի հետ։

Հարցին, թե Օնիկ Գասպարյանն այլընտրանքային ճանապարհ ունե՞ր, քաղտեխնոլոգը հիշեցրեց որոշ իրավաբանների մեկնաբանությունները, որ Գասպարյանին հնարավոր չէ ազատել պաշտոնից, քանի որ նա 5 տարի ժամկետով է ընտրվել, կամ պիտի ինքնուրույն դիմում գրի, կամ էլ ազատվի իր գործը լավ չկատարելու համար։

ԶՈՒ ԳՇ նախկին պետը նախօրեին տարածած իր ուղերձում հայտարարել էր, որ իր դիրքորոշումն անփոփոխ է, եւ որ պաշտոնից ազատման ողջ գործընթացը հակասահմանադրական է ու ինքը դիմել է վարչական դատարան։ Նրա ուղերձում նաեւ ասվում էր.

«Ես իմ ծառայությունը հայրենիքին եւ հայ ժողովրդին շարունակելու եմ այլ կարգավիճակով»։

Այս հայտարարությունը քաղտեխնոլոգին ենթադրությունների հիմք է տալիս, որ Օնիկ Գասպարյանը քաղաքականություն մտնելու փորձ է անում։ Իսկ ի՞նչ շանսեր ունի Օնիկ Գասպարյանը՝ հարցին Վիգեն Հակոբյանը պատասխանեց.

«Ոչ ամենալավ բարենպաստ պայմաններով է ինքը մտնում քաղաքականություն, եթե, իհարկե, մտնում է քաղաքականություն։ Ամեն դեպքում երեկվա իր ուղերձը հասարակությունում ընկալվեց որպես նահանջ»։

Դիտարկմանը, որ ԶՈՒ բարձրագույն սպայակազմը, որն օրեր առաջ պահանջում էր վարչապետի հրաժարականը, նախօրեին ԳՇ–ում նրան ընդունեց, Վիգեն Հակոբյանը նկատեց, որ իր համար անհասկանալի էր տեղի ունեցածը, չէ՞ որ դեռ օրեր առաջ հայտարարում էին, որ վարչապետն անադեկվատ որոշումներ է կայացնում։

«Նույն օրվա իրենց գործողություններով իրենք դիսոնանսի մեջ են մտնում, սա բավականին վատ նշան է բանակի համար, բարձրագույն զինվորական սպայակազմի համար։ Բայց մյուս կողմից էլ ուզում եմ փաստեմ, որ գուցե մենք այսօր գեներալիտետից շատ բան ենք պահանջում, քան պատերազմում պարտվելուց պետք էր պահանջել։ Մի բան է հաղթած բանակի գեներալիտետը, մեկ այլ բան՝ պարտված բանակինը։ Հաղթած բանակի գեներալիտետը ազգի էլիտան է, որը կար 90–ականներից հետո։ Բավականին լուրջ վերապահումով կարելի է ասել, որ պարտված բանակի գեներալիտետը կամ գոնե մի մասը էլիտա է»,– նշեց քաղտեխնոլոգը։

Անդրադառնալով նախագահի՝ խորհրդարանական, արտախորհրդարանական ուժերին ու վարչապետին համատեղ քննարկման հրավերին, Վիգեն Հակոբյանն ընդգծեց, որ այս ճգնաժամի պայմաններում նախագահը միշտ փորձում է իր վրա վերցնել խաղաղության աղավնու դերը եւ իրավիճակը վերահսկողության տակ պահել։

Նրա խոսքով՝վարչապետը կընդունի նախագահի հրավերը։

«Ես չեմ կարծում, որ նախագահն առանց վարչապետի հետ խորհրդակցելու նման նախաձեռնությամբ հանդես կգար։ Նախ եւ առաջ այսօր հենց վարչապետին է դա պետք։ Երկրում պատային իրավիճակ է ստեղծվել, եւ ամենաբարդ կացության մեջ է իշխանությունը, որովհետեւ չի կարողանում կատարել իր ֆունկցիաները։ Այսօր բանակցելու եւ իրավիճակին ինչ–որ լուծում տալու, այդ թվում՝ արտահերթ ընտրությունների միջոցով, ամենամեծ կարիքավորը հենց Նիկոլ Փաշինյանն է»,– ընդգծեց նա։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում