Ի՞նչ սպասել «Արմքոմեդիի» տղաների՝ Սերգեյի և Նարեկի նոր սթենդափից. Tert.am Life

Ի՞նչ սպասել «Արմքոմեդիի» տղաների՝ Սերգեյի և Նարեկի նոր սթենդափից. Tert.am Life

Կորոնավիրուս, ներկա քաղաքական իրավիճակ և հարցեր, որոնք ծագում են դրանից հետո. ապրիլի 1-ին՝ ժամը 21:00-ին, «Արմքոմեդիի» տղաները՝ Նարեկ Մարգարյանն ու Սերգեյ Սարգսյանը կխոսեն ոչ միայն նախկին ու ներկա քաղաքական իրավիճակի, այլև գլոբալ հարցերի շուրջ: Այս ամենը կներկայացնեն «Բա հետո՞» խորագրով:

Tert.am Life-ը զրուցել է տղաների հետ ու ներկայացնում է մանրամասները: Տղաների խոսքով, ինչպես նախորդ սթենդափերի ժամանակ, սցենարն իրենք են գրում, ներկայացնում են սեփական ապրումներն ու իրենց կյանքի «դառը» փորձը: Սովորաբար, տղաներն ամեն տարի որպես ամփոփում ներկայացնում են նոր սթենդափ, բայց այս անգամ դադարը երկու տարի տևեց:

Նարեկը նշեց, որ նոր սցենարի հետ աշխատելիս միշտ անհանգստություն կա, բայց դա իր դրական կողմն ունի․ «Արդյունքում ավելի պատասխանատու ես մոտենում աշխատանքին: Մեր իրականությունում դեպքերը շատ արագ են զարգանում, վստահ եմ, որոշ բաներ դուրս են գալու սցենարից կամ նոր են գրվելու: Ունենք կորոնավիրուսի բլոկ, ներկա քաղաքական իրավիճակ և հարցեր, որոնք ծագում են դրանից հետո: Խոսելու ենք նաև կին–ընտանիք–երեխա հարաբերությունների մասին: 10-ից ավելի սթենդափ ենք ներկայացրել, բայց երբեք չես կարող ասել, թե հանդիսատեսին ո՞ր թեմաները կծիծաղեցնեն: Մեզ մոտ միշտ կան քաղաքական թեմաներ, կին-տղամարդ հարաբերությունների անդրադարձ, պետք է ձեռքդ անընդհատ զարկերակին պահես, որովհետև մեր հանդիսատեսն էլ մեզ հետ փոխվում է և մեծանում: 10 տարի առաջ երեխաների մասին հումոր չէինք անի, հիմա անում ենք, որովհետև հանդիսատեսը կընդունի դա, իրեն կտեսնի տվյալ իրավիճակում»:

Խոսելով համատեղ ելույթների մասին՝ Նարեկը նշեց, որ դրանք այս անգամ ևս կլինեն: «Համատեղ ելույթներ ևս կան, բայց առյուծի բաժինն առանձին ենք գրում, հետո շտկումներ և առաջարկներ ենք անում: Առհասարակ, սթենդափի հիմքն այն է, որ ելույթ ունեցողը խոսի իր մասին: Գնալով սքեթչերը քչացրինք՝ փոխարենը շատացնելով առանձին ելույթները, որպեսզի վերջում մնա ամերիկյան ձևաչափերին համապատասխան սթենդափը: Հիմա շատ սթենդափեր կան, ինչը ողջունելի է, որովհետև ոլորտը մրցակցային է դառնում, հանդիսատեսն էլ սովորում է ձևաչափին: Երբ մենք նոր էինք սկսում, սթենդափի ձևաչափը Հայաստանում գրեթե չկար: Հայ հանդիսատեսը, երևի, տեսել էր միայն Comedy club շոուն, նրանց համար ձևաչափը խորթ էր: Հիմա հանդիսատեսը նույնիսկ կարողանում է տարբերել, որ ակումբային ձևաչափում շատ բաներ թույլատրելի են, որովհետև հանդիսատեսը քիչ է, իսկ մեծ բեմում կան անթույլատրելի հումորներ»,- ասաց Նարեկը:

 

Սերգեյն էլ նկատեց, որ մենք ապրում ենք սոցիալական և քաղաքական մեծ փոփոխությունների շրջանում, երբ շատերի մոտ ներքին կոնֆլիկտներ կան:

«Դու ինչ-որ շրջան ապրում ես հավատալով, որ 2+2=4, անցնում է 2,5 տարի ու պարզվում՝ 2+2=3: Երբ ինքդ քեզ հետ հակասության մեջ ես լինում, ուզում ես հասկանալ՝ ի՞նչ է կատարվում, ինչպե՞ս է ստացվում, որ 2,5 տարի առաջ այլ կերպ էիր մտածում, հիմա լրիվ այլ կարծիք ունես: Սթենդափի ժամանակ ներկայացնելու ենք մեր սեփական ցավերը, հույսերը, հիասթափությունները, «փորում մնացած» երազանքները, քանի որ սթենդափը ենթադրում է սեփական փորձ: Օրինակ՝ ես կներկայացնեմ, թե ի՞նչ եմ զգում, երբ ինձ վրա ցեխ են շպրտում, ինչպե՞ս եմ դա ներկայացնում որպես էներգիայի աղբյուր: Թեմաներից մեկն էլ պոլիտկոռեկտությունն է․ ինչպե՞ս է այն ազդում մեզ վրա,և ինչպե՞ս ենք մենք համատեղում արևմուտքից եկող զսպաշապիկները, որ չի կարելի ռասայական, կրոնական, օրիենտացիոն թեմաներով կարմիր գծեր անցնել,– ասաց նա, ապա հավելեց,– միջազգայնացման արդյունքում ինքս ինձ մեղավոր եմ զգում 300 տարի սևամորթներին որպես ստրուկ շահագործելու հարցում: Ես՝ որպես սպիտակամորթ մարդ, զգում եմ այդ մեղքը և չեմ հասկանում՝ ինչպե՞ս այդ մեղքն արմատավորվեց իմ մեջ: Կփորձեմ դա համատեղել Ֆեյսբուքում գոյություն ունեցող չեզոք ատելության հետ»:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում։ 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում