Հենրիխ Մխիթարյանը երկար չխաղաց նախկին թիմի դեմ, նա վնասվածք ստացավ. տեսանյութ
Նմանատիպ
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը իտալական «Ռոմայի» կազմում մասնակցեց ՈւԵՖԱ–ի Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղին։ «Ռոման» սեփական հարկի տակ՝ «Օլիմպիկո» մարզադաշտում, հյուրընկալեց ուկրաինական «Շախտյորին»։ Մխիթարյանի ներկայիս թիմը 3։0 հաշվով հաղթանակի հասավ մեր ֆուտբոլիստի նախկին թինի նկատմամբ։
«Ռոմայի» հարձակվող Էդին Ջեկոյի վնասվածքի պատճառով «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաոլո Ֆոնսեկան «Շախտյորի» հետ հանդիպումից առաջ հայտարարել էր, որ հարձակվողի դիրքում կարող է խաղալ միայն Հենրիխ Մխիթարյանը։ Դրանով ավելացել էր հայ ֆուտբոլիստի աշխատանքի ծավալը։ Մխիթարյանը չէր էլ պատրաստվում գործել մաքուր հարձակվողի նման` սպասելով խաղընկերների փոխանցումներին։ Ինչպես միշտ, Հենրիխը անընդհատ շարժման մեջ էր ու տեղաշարժեր էր կատարում նաև առանց գնդակի։ Եղավ դրվագ, երբ հայ ֆուտբոլիստը կարող էր օգտագործել հանքափորների դարպասապահի սխալն ու դառնալ գոլի հեղինակ։ Բայց հարվածը շեղ ստացվեց։ Այդ դրվագից առաջ «Ռոմային» արդեն հաջողվել էր բացել խաղի հաշիվը Լորենցո Պելեգրինի դիպուկ հարվածի շնորհիվ։
«Ռոման», որը սեփական հարկի տակ ֆավորիտի կարգավիճակով էր գործում, խաղի ընթացքում կանգնեց նոր խնդիրների առաջ։ Նախ Լորենցո Մանչինին կարծես թե վնասվածք ստացավ, հետո էլ Մխիթարյանը։ Բայց եթե Մանչինին շարունակեց խաղը, Հենրիխը փոխարինվեց։ Ցավոք, հայ ֆուտբոլիստը չկարողացավ շարունակել իր գործողությունները խաղադաշտում մի խաղում, որում նրան հետևում էին ոչ միայն ներկայիս, այլ նաև նախկին թիմի երկրպագուները։ Առայժմ դժվար է ասել, թե ինչ է պատահել Մխիթարյանի հետ, և ինչքան ժամանակով է նա շարքից դուրս մնացել։ Բայց չմոռանանք, որ մարտի 25-ին, 28-ին և 31-ին Հայաստանի ազգային հավաքականը աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական երեք հանդիպում ունի։ Իսկ հրաշալի մարզավիճակում գտնվող Մխիթարյանի ներկայությունը մեր հավաքականի կազմում մեր ընտրանուն պարզապես շատ է հարկավոր։
«Շախտյորի» նախկին ֆուտբոլիստներից ոմանք, ովքեր Մխիթարյանի հետ հանդես էին եկել Ուկրաինայի առաջնությունում խաղից առաջ գովեստի խոսքեր էին հնչեցնում հայ ֆուտբոլիստի հասցեին, իսկ Հենրիխի վնասվածքից հետո առողջություն էին ցանկանում իրենց նախկին թիմակցին։
Չնայած «Շախտյորի» ֆուտբոլիստները երկրորդ խաղակեսում ակտիվացան ու մի քանի վտանգավոր պահ ստեղծեցին, բայց «Ռոման» ոչ միայն կարողացավ անառիկ պահել սեփական դարպասը, այլ պատասխան խաղից առաջ բավականին ամուր պաշար ապահովեց այս դիմակայությունում Էլ Շարավիի ու Մանչինիի գոլերից հետո և հաղթեց 3։0 հաշվով։ Պատասխան խաղը թիմերի միջև կայանալու է մարտի 18-ին։
Մխիթարյանը «Շախտյորում» խաղացել է 2010-1013 թվականներին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում