«Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությունը կնվիրվի ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանի հիշատակին
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունն այս տարի նվիրվելու է բեմադրիչ, ՀՀ ժողովրդական արտիստ, մրցանակաբաշխության հիմնադիր երջանկահիշատակ Երվանդ Ղազանչյանի հիշատակին:
Հոբելյանական 20-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանն ասաց, որ երկու թատերաշրջան են միացրել: «Համավարակի տարածման պատճառով 2020-ին մրցանակաբաշխությունը հետաձգվեց, բայց ժյուրիի անդամներն արդեն դիտել էին հայտագրված գրեթե բոլոր ներկայացումները»,-նշեց նա:
Մրցանակներ կհանձնվեն 14 անվանակարգում: Թատրոնի նվիրյալներից որևէ մեկը կարժանանա Երվանդ Ղազանչյանի անվան հատուկ մրցանակին, նախատեսվում է մրցանակներ շնորհել նաև «Թատրոնին անբասիր ծառայության համար»:
Փորձագետների կազմում են ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը, դրամատուրգ, «Գրական թերթ» և «Դրամատուրգիա» ամսագրերի գլխավոր խմբագիր Կարինե Խոդիկյանը, Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը, Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն, բեմադրիչ Լյուդվիգ Հարությունյանը, ԵԹԿՊԻ-ի թատերական ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Աննա Հեքեքյանը, Երևանի կամերային թատրոնի տնօրեն, բեմադրիչ Լուսինե Երնջակյանը, թատերական և կինոբեմադրիչ Արամ Շահբազյանը:
Ներկայացումների կարճ ցուցակը կհրապարակվի մարտի 20-ին:
ՀԹԳՄ «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունը, որն ավանդաբար անցկացվում է Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին: Այդ օրը ի մի են բերվում նախորդ տարվա կատարված աշխատանքները: «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությունը հիմնադրվել է 1996 թվականին: Սկզբում մրցանակ է տրվել միայն «Թատերարվեստին արժանապատիվ ծառայության համար» անվանակարգում, իսկ 1999 թվականից սկսած տարեցտարի անվանակարգերի թիվն ավելացել է:
Անժելա Համբարձումյան
Հետևեք մեզ նաև Telegram-ում