Ամենայն Հայոց բանաստեղծի կենսամատենագիտությունը վերջին 20 տարում
Նմանատիպ
Ուշագրավ հրատարակությունը ընթերցողի սեղանին է` Հովհաննես Թումանյան. Կենսամատենագիտություն (2001-2020)
Այնպես էր ստացվել, որ տեւական ժամանակ կենսամատենագիրները անդրադարձ չէին կատարել Ամենայն Հայոց բանաստեղծի՝ Հովհաննես Թումանյանի գրական ժառանգությանը։ Խնդիր, որն աննկատ չէր կարող մնալ մեծն Թումանյանի 150-ամյա հոբելյանի նախապատրաստման ընթացքում։ Բնականաբար, վերջին 20 տարիների մատենագիտության կազմելուն ձեռնամուխ եղան Հայաստանի ազգային գրադարանի մասնագետները։
Կենսամատենագիտության ժանրը ենթադրում է, որ մի տեղ պետք է հավաքել գրողի ողջ ստեղծագործական ժառանգությունը, եւ Թումանյանի պարագայում դա նրա գրական առատ հունձքն էր, որոնք կրկին անդրադարձներ էին ունեցել վերջին երկու տասնամյակի ընթացքում: Դրանք նրա գեղարվեստական արժեքներն էին, հրապարակախոսությունը՝ հոդվածների, ելույթների եւ այլ տեսքով։ Այս ամենին գումարվում են գրողի ստեղծագործությանը եւ կենսագրությանը առնչվող հրապարակումները։ Այս մոտեցումներից ելնելով՝ կենսամատենագիտության հեղինակները լայնածավալ նյութը ընթերցողին ներկայացնելու համար ավելի հստակ բովանդակային բաժանումներ են կատարել։ Մանավանդ, որ վերջին 20 տարիների ընթացքում թումանյանական հրապարակումների թիվը հասնում է 3500-ի։
Այս ծավալների մեջ կենսամատենագիտությունը կազմողներին ոչ միայն հաջողվել է պահպանել մասնագիտական սկզբունքները, այլեւ առանձնացնել մեծ բանաստեղծի գրական ժառանգությանն առնչվող ծավալուն թեմաներ, որոնք դասավորվել են ըստ տարիների։ Այստեղ էլ գործի է դրվել այբբենական սկզբունքը։ Թեմատիկ բաժանումները նպատակ ունեն ավելի դյուրին դարձնել թումանյանական գրական ժառանգության հետ հաղորդակցությունը, քանի որ երբեք չի դադարել հետաքրքրությունը թումանյանական ստեղծագործությունների նկատմամբ:
Դրանք նախեւառաջ հրատարակվել են առանձին գրքերով, մանավանդ Հովհաննես Թումանյանի հոբելյանական տարեթվերին ընդառաջ։ Մասնավորապես, այստեղ հատկանշական են թումանյանագետ Սուսաննա Հովհաննիսյանի մեկ տասնյակի հասնող ուսումնասիրություններ-գրքերը, որոնք նոր զարկ տվեցին թումանյանական ուսումնասիրությունների ավանդույթներին։ Ընդհանրապես, գնահատելի է, որ թումանյանագիտությամբ զբաղվող մեր մասնագետներն իրենց հոգու պարտքը համարեցին եւ լույս աշխարհ հանեցին իրենց վերջին ուսումնասիրությունները՝ Մագդա Ջանփոլադյանը («Թումանյանի աշխարհում»՝ ռուսերենով), Գառնիկ Շախկյանը («Թումանյանական հանրագիտակ»), Ռազմիկ Դավոյանը («Համատարած Թումանյան»), Հովհաննես Այվազյանը («Լուսահորդ հանճարը»), Իրմա Սաֆրազբեկյանը («Օլգա Թումանյան՝ հայերեն եւ ռուսերեն լեզուներով), Սուրմա Թումանյանը («Եվ միայն շատ տարիներ անց….»՝ ռուսերենով), Ավիկ Իսահակյանը («Վերնատան» զավակները») եւ այլ հեղինակներ։ Բարեբախտաբար այս ցուցակը եւ թվարկումները կարելի է շարունակել։
Բայց գուցե այստեղ էլ կարիք կա, որ թումանյանական ստեղծագործական աշխարհը ուսումնասիրեն գրականագետների երիտասարդ սերունդները, քանի որ երբեք չի մարում հետաքրքրությունը Թումանյանի գրական եւ մարդկային աշխարհի նկատմամբ։ Անգամ այս դժվարին օրերին կարող էինք խորհրդակցել մեծն Թումանյանի հետ, որ երբեք չշփոթեինք, օրինակ, ամբոխը ժողովրդի հետ։ («Սրանք հակառակ բաներ են։ Ժողովուրդն իմաստուն է, ամբոխը ՝հիմար։ Ժողովուրդը ծանր է, ամբոխը՝ թեթեւ։ Ժողովուրդը մեծահոգի ու բարի է, ամբոխը՝ դյուրագրգիռ, վտանգավոր, չար։… Եվ ամբոխամիտ ու ամբոխավար մարդիկ երբեմն ամբոխի գլուխն անցնելով, որ մի հեշտ բան է, տիրում են ժողովրդին ու նրան գցում (էն տեսակ) զանազան կրակների ու կռիվների մեջ, որ նա չի էլ երազել»):
Բնական է, որ ներկայացվող կենսամատենագիտությունը լայն հնարավորություն է՝ թումանյանական աշխարհում ավելի խորանալու հենց վերջին տարիների թումանյանագիտության հետազոտական հունձքի ու հրապարակումների միջոցով։ Այստեղ չես կարող չհամաձայնվել թումանյանագետ, կենսամատենագիտության խմբագիր, բանասիրական գիտությունների դոկտոր Սուսաննա Հովհաննիսյանի հետ, որ գրքի առաջաբանում նկատում է. «Թումանյանի կենսամատենագիտությունը կարեւորվում է ոչ միայն մասնագետ ընթերցողի, այլեւ ընթերցողների լայն շրջանակի համար՝ ապահովելով բանաստեղծի մասին ստեղծված բազմաբնույթ գրականության մատչելիությունը, ինչպես հետազոտողների, այնպես էլ լայն հանրության համար»։ Եվ պատահական չէ, որ Սուսաննա Հովհաննիսյանը մյուս խմբագրի՝ բանասիրական գիտությունների թեկնածու Մայա Գրիգորյանի, կազմողներ՝ Անուշ Ամիրջանյանի եւ Օլյա Աղայանի հետ հոգ են տարել, որ կենսամատենագիտությունն իր կառուցվածքով ու նյութով ավելի գրավիչ լինի լայն ընթերցողական շրջանակի համար եւ իր մեջ կրի ընթերցողական որոշակի հետաքրքրություններ՝ գրքեր Թումանյանի մասին,նամակներ, ընծայագրեր, հոդվածներ, ելույթներ, ամենատարբեր ու բազմազան հրապարակումներ։ Կամ էլ օրինակ՝ «Հովհաննես Թումանյանը՝ գեղարվեստական գրականությունում» բաժնի առկայությունը, ուր տեղ են գտել հայ գրողի խոհերն ու մտորումները մեծ բանաստեղծի մասին։ Ես ականատես եմ եղել, թե ինչ պատկառանքով ու հարգանքով էր բանաստեղծ Սուրեն Մուրադյանը տպագրության պատրաստում իր «Թումանյանի հետ» ժողովածուն (բանաստեղծություններ, հոդվածներ) 2014 թվականին՝ Թումանյանի 145-ամյա հոբելյանի առթիվ։
Այնտեղ Թումանյանին նվիրված իր մի բանաստեղծությունում գրում է.
– Ուղեկցում ես բոլորին
Մանկությունից ծերություն,
Ինքդ մնում ես հավետ
Արարատի պես կանգուն։
Ամփոփելով ասելիքը՝ արձանագրենք այն կարեւոր քայլը, որ կատարվեց Հայաստանի ազգային գրադարանի եւ նրա աջակիցների՝ Հովհաննես Թումանյանի թոռնուհու՝ Իրմա Սաֆրազբեկյանի, Երեւանի Թումանյանի թանգարանի, «Էդիթ Պրինտ» հրատարակչության, Հյուսիսային համալսարանի, «Լոռվա ձոր» հայրենակցական միության օգնությամբ, ընթերցողի սեղանին է Հովհաննես Թումանյան «Կենսամատենագիտություն» (2001-2020) գիրքը։ Նրանք միշտ էլ նախանձախնդրություն են ցուցաբերել, որ Թումանյանի գրական եւ մարդկային ժառանգությունը հասնի ընթերցասեր սերունդներին։ Օրինակ, «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը միայն վերջին երկու-երեք տարիների ընթացքում ճանապարհ է բացել ավելի քան 10 նոր հրատարակությունների համար՝ դրանք հասցնելով ընթերցողին։ Իսկ Երեւանի Թումանյանի թանգարանը, բացի ամենամյա իր հրատարակություններից, վերատպում է Թումանյանի երկերի լիակատար ժողովածուն՝ որոշակի հավելումներով, նոր խմբագրությամբ, ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի հետ համատեղ։
Սերգո ԵՐԻՑՅԱՆ
Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Լոռվա Ձոր Հայրենակցական միության նախագահ
Աղբյուր՝ Aravot.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում