«Մուզիկանտ չզբաղվել պոլիտիկա» «կլիշեն» եկել է հայտնի ֆիլմից»

«Մուզիկանտ չզբաղվել պոլիտիկա» «կլիշեն» եկել է հայտնի ֆիլմից»

Հարցազրույց Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի Երիտասարդական օպերայի ծրագրի ղեկավար Լեւոն Ջավադյանի հետ

– Պարոն Ջավադյան, հինգ տարի առաջ ստեղծված Երիտասարդական օպերայի ծրագիրը մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահում մարզերի հանդիսատեսին նույնպես։ Վերջին ձեր նախագիծը, որ անցկացրել եք տարբեր մարզերում ու հանդես եկել միայն ու միայն Հայաստանում ռուսական սահմանապահ զորքերի առջեւ, ավելի քան ողջունելի է, քանի որ, մեր դիտարկմամբ՝ հատուկ սահմանապահ զորքերի համար նախատեսված եւ իրականացվող մշակութային ծրագրերն այդքան էլ առատ չեն։ Գիտենք, որ ձեր ղեկավարած ծրագրի մեներգիչները ելույթներ են ունեցել ՀՀ-ում իրենց ծառայությունն անցկացնող ռուսական բացառապես բոլոր սահմանապահ զորքերի համար։ Կմանրամասնե՞ք։

– Նախագիծն իրականացրել ենք երեւանյան «Дом Москвы»-ի «Культурно-деловой ценетр»-ի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանի եւ համակարգող Սվետլանա Սահակյանի նախաձեռնությամբ, ՌԴ դաշնային անվտանգության սահմանապահ զորքերի վարչության հետ։ ««Дом Москвы»-ի հետ մենք 2020թ. ընթացքում, բնականաբար՝ մեծամասամբ օնլայն, մեկ-երկու անգամ էլ օֆլայն, անցկացրել ենք բազմաթիվ միջոցառումներ։

 

Կուզեի առանձնացնել օֆլայն ձեւաչափով անցկացված «Հայկական ռոմանսիադա» մրցույթը, որտեղ հաղթող ճանաչվեց մեր ծրագրի երգիչ, տենոր Տիգրան Մելքոնյանը, Պուշկինի ծննդյան օրվա առիթով օպերային թատրոնում օնլայն ներկայացված գրական-երաժշտական համերգը, որտեղ մեզ միացավ նաեւ Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի տնօրինությունը եւ այլն։

Վերադառնամ ռուսական սահմանապահ զորքերի համար միջոցառումներին։ Այն մեկնարկեց փետրվարի 18-ից՝ Գյումրիում, հետո համերգներ կայացան Արմավիրում, Արտաշատում, Երեւանում, մարտի 6-ին՝ Մեղրիում, հաջորդ օրն էլ, նվիրված կանանց տոնին՝ Քաջարանի մշակույթի պալատում՝ քաղաքապետ Մանվել Փարմազյանի առաջարկով։

Ի դեպ, հատուկ ուզում եմ նշել Քաջարանի մշակույթի պալատի շքեղ կառույցը, որն ունի նաեւ տեխնիկական վերջին ճիչ հանդիսացող հագեցվածություն։ Նման որակի կառույցները շատ չեն Հայաստանում։ Համերգին մասնակցեցին նաեւ Քաջարանի արվեստի դպրոցի սաները, ռուսական սահմանապահ զորքերում ծառայողներ։

Բացի նշածս քաղաքներից, որտեղ կան ռուսական զինվորական թաղամասեր, եղանք նաեւ մեր պետական սահմանի մի քանի սահմանապահ ջոկատներում, այդ թվում՝ Շիրակում, Արմավիրում, Սյունիքում։

Իսկ այն, ինչին հանդիպեցինք Շիրակի մարզում 1856թ. կառուցված «Казачья застава»-ում, որը հայ եւ ռուս մարտական եղբայրության խորհրդանիշներից է, կարծում եմ՝ մեր հանրությանը ծանոթ չէ։ Այստեղ գտնվող դիտարկային աշտարակի տանիքում, սկսած 1857թ. մինչեւ մեր օրերը, ծառայությունն ավարտելուց հետո ռուս զինվորականները փորագրել են իրենց անունները։

Ընդ որում, մեծ տոկոս են կազմում նաեւ հայկական անունները։ Իսկ Մեղրիի մոտ՝ հայ-իրանական սահմանին, Ալվանք վայրում այցելեցինք ռուս սահմանապահների գերեզմաններ, որոնք փաստորեն զոհվել են հանուն մեզ։ Կուզեի նշել, որ համերգներից մեկում, որը կայացավ Արտաշատում, ներկա էր ՀՀ-ում ՌԴ-ի դեսպանի տիկինը՝ Տամարա Իվանովնա Կոպիրկինան։ Նշեմ, որ ՌԴ սահմանապահ զորքերի բարձրաստիճան սպաները նույնպես ներկա էին գտնվել մեր համերգներին, իսկ Գյումրիում՝ 102-րդ ռազմաբազայի հրամանատարությունը։

Դուք հարցադրման մեջ նշեցիք, որ մեզանում առկա չեն ռուս սահմանապահ զորքերի համար տրվող միջոցառումները։ Փետրվարի 23-ին խորհրդային երկրից իներցիայով եկած նշում ենք տղամարդկանց օրը, թեպետ մենք ունենք հունվարի 28, երբ պաշտոնապես նշվում է Բանակի օրը։ Համերգներից մեկը հենց փետրվարի 23-ին էր՝ նվիրված Կարմիր բանակի օրվան։

– Քովիդ, պատերազմ, ռազմական դրություն, հետպատերազմական ամիսներ, գումարած ներքաղաքական չափազանց լարված իրավիճակ, հետաքրքիր է՝ ձեր ղեկավարած օպերային ծրագրի արտիստների վրա դրանք ինչպե՞ս են ազդում։

– Բնականաբար, բացասաբար են ազդում։ Եվ հետո կա մի թյուր կարծիք, երբ ասվում է՝ «մուզիկանտ չզբաղվել պոլիտիկա»։ Այդ «կլիշեն» եկել է հայտնի ֆիլմից, բայց ըստ էության դրա իմաստը ուղիղ հակառակն է. չէ՞ որ ֆիլմում հենց «մուզզվոդի» տղաներն են հեղափոխականներ։ Մեր երկրում ստեղծված անիշխանական ճգնաժամը բոլոր ոլորտներում է, այդ թվում եւ մշակութային։ Իսկ մշակույթի մարդիկ հասարակության միջուկն են եւ անտարբեր լինել քաղաքական պրոցեսներին՝ չեն կարող։

Զրուցեց Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

Աղբյուր՝ Aravot.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում