Աղոթքը սարսափազդու զենք է սատանայի դեմ

Աղոթքը սարսափազդու զենք է սատանայի դեմ

– Հա՛յր, ես ինձ անզոր եմ զգում դժվարությունների ու փորձությունների առջև:

– Չե՞ս աղոթում: Ինչպես վտանգի մեջ հայտնված նավերն են SOS ազդանշան ուղարկում, այնպես էլ դու մշտապես կրկնիր. «Տե՛ր Հիսուս Քրիստոս, Որդի Աստծու, ողորմի՜ր ինձ», և օգնություն կստանաս:

Մի անգամ փորձությունն ինձ անդունդն էր նետելու, եթե չաղոթեի. աղոթքն ինձ փրկեց: Երբ Ստոմիոն մենաստանում էի ապրում, մի անգամ երեկոյան դարափի եզրի մի վտանգավոր վայրում գտնվող քարանձավը գնացի: Այն շատ փոքր էր, և ես նստած հազիվ էի այնտեղ տեղավորվում: Դրա մուտքի առջև քարեր դրեցի, որովհետև ներքևում անդունդն էր: Ողջ գիշեր աղոթեցի: Լուսաբացին, լռության մեջ, հանկարծ մի սարսափելի «ծուղ-րու-ղո՜ւ» լսեցի և թևերի ուժգին բախյուն՝ հենց կողքիս: Վախեցա՝ անակնկալի գալով: Բացականչեցի. «Տե՛ր Հիսուս Քրիստոս», ու դուրս ցատկեցի: Քիչ էր մնացել անդունդն ընկնեի: Սակայն իսկույն հասկացա, որ փորձություն էր և շարունակեցի աղոթել, իսկ ականջներս դեռ խշշում էին աղմուկից:

– Հա՛յր, երբ մարդ միայն շուրթերով է աղոթում, առանց մտքի գործադրման, դրանից օգուտ կա՞:

– Դրանից էլ օգուտ կա: Իհարկե այն թշնամուն չի հալածում, բայց ասես գնդացրի կրակահերթի պես ստիպում է տեղը նստել ու դուրս չցցվել:

Աղոթքը զորեղ ուժ ունի, այն սարսափազդու զենք է սատանայի դեմ: Աղոթելով՝ ասես հոգևոր գնդակներով կրակում ես սատանայի վրա, և նա չի կարողանում քեզ մոտենալ: Մի անգամ սուրբ Աննայի խցում ապրող մի վանական(1) աղոթում էր, իսկ բանսարկուն ծաղրում էր նրան ու անդադար բառաչում. «Ըմ-ըմ-ըմ…»: Հետո վանականը լսում է, թե սատանան ինչպես է գոռում. «Վանականները չեն թողնում Պառավի(2) խցին մոտենալ»:

– Հա՛յր, երբ գլխումս նենգ, պարսավիչ մտքեր են պտտվում, և ես փորձում եմ աղոթել, միգուցե դրանով Աստծու զայրո՞ւյթն եմ հարուցում:

– Ոչ: Դևն իր չարությունից է նենգ մտքեր սերմանում, իսկ դու դրանից օգտվիր. հարատև աղոթքի մեջ մնա: Ասա նրան. «Լավ է, որ այդ մտքերն ինձ բերեցիր, որովհետև մոռացել էի Աստծուն», և աղոթք արա: Երբ դևը տեսնի, որ դա հօգուտ քեզ է, կհեռանա, որովհետև իր շահերից չի բխում, որպեսզի դա քեզ համար աղոթելու առիթ հանդիսանա: Երբ նա նահանջի և այլևս չգայթակղի քեզ, նշանակում է, որ հարատև աղոթք ես ձեռք բերել:

Համենայն դեպս, սատանան, ինքն էլ չցանկանալով, մեծ օգուտ է բերում, դրա համար էլ Աստված նրան համբերում է: Երբ ես Իվերական անապատում(3) էի ապրում, մի գիշեր դևերը փորձեցին ինձ սպանել սալիկի մի կտորի միջոցով: Երեկոյան մի աղքատ մարդ եկավ խուցս: Որքան գումար ունեի, տվեցի, ու նա հեռացավ: Գիշերը դռան թակոց լսեցի: Մտածեցի, որ նա որոշել է, թե իբր էլի գումար ունեմ և վերադարձել է: «Ո՞վ է»,- հարցրի: Լռություն: Հետո լսում եմ, որ մյուս դուռն են թակում: Մոմ վառեցի, որպեսզի լուսավորեմ: «Ո՞վ է»,- կրկին հարցրի: Լռություն: Հետո լսում եմ, որ տանիքին են հարվածում: «Հա՜, հիմա պարզ է»,- ասում եմ: Ու այնպիսի՜ աղմուկ սկսվեց: Ես ծնկի իջա ու սկսեցի անդադար աղոթել: Հանկարծ վերևից մի սալիկ շպրտեցին՝ դըմփ: Առաստաղի տախտակը ճեղքվեց, և սալիկի կտորը, սուր ծայրով ներքև, ուղիղ գլխիս վերևը կախվեց: «Պարզ է,- ասացի,- ողջ գիշեր այսպես է լինելու»: Հետո գիշերային հսկումն էր: Ես աղոթում էի, իսկ դևերը տանիքին էին հարվածում… Լա՜վ հսկումներ էին:

Աղոթքը պատերազմ է չարի դեմ: Նշանակում է, որ չարն էլ է պատերազմելու՝ պաշտպանվելով: Դևերը միայն այն ժամանակ են զինաթափվում, երբ մարդը, որն իր մեջ խոնարհամտություն, այլ ոչ թե եսասեր կտրիճություն ունի, արիությամբ է մարտնչում նրանց դեմ:

1. Խոսքը հենց հայր Պաիսիոսի մասին է:

2. Այսինքն՝ սուրբ Աննայի խցին:

3. 1964-1967 թթ.:

Պաիսիոս Աթոսացի

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

Աղբյուր՝ Surbzoravor.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում