Թուրք պատգամավորները խախտում են օրենքը եւ խորհրդարան մտնում զենքով
Նմանատիպ
Թուրքիայի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար, Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավոր Մալիք Էջդեր Օզդեմիրը հայտարարել է, որ պատգամավորները խորհրդարան են մտնում զենքերով: «Վախենում եմ, այդ զենքերը մի օր կրակեն, վտանգված են նաեւ խորհրդարանի առաջնորդները»,- ասել է նա:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական «Միլիեթ» թերթի թղթակցի հետ զրույցում Օզդեմիրը գանգատվել է, որ «պատգամավորները խորհրդարանը վերածել են կազինոյի, որտեղ նրանք հայհոյանքներով են խոսում միմյանց հետ»:
«Խորհրդարանում ամեն թեժ քննարկման ժամանակ սիրտս դողում է, որ կարող է’ որեւէ պատգամավոր կրակ բացի մյուսի վրա: Եթե դրա դեմը չառնվի, խորհրդարանում կամ կուլիսներում կարող է ամեն պահ կրակոցներ հնչել: Խորհրդարանում պատգամավորների մի խումբ է ձեւավորվել, որոնք նստում են առաջին շարքերում եւ քննարկումները թեժանալիս պատրաստ են ամբիոնի մոտ կանգնած պատգամավորի վրա հարձակվել: Մենք նրանց արդեն «A» թիմ ենք անվանում»,- ասել է Օզդեմիրը: Նա շեշտել է, որ այդ պատգամավորներին կարգի չհրավիրվելու դեպքում մտադիր է հարցը բարձրացնել խորհրդարանի ղեկավարության առաջ:
Թուրքիայի խորհրդարանի ներքին կանոնակարգի 165-րդ հոդվածի համաձայն’ պատգամավորներին արգելվում է խորհրդարան մտնել զենքով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում