Սիցիլիայում ԱՄՆ նոր բազայի կառուցումը առաջացրել է հազարավոր իտալացիների դժգոհությունը
Նմանատիպ
Հազարավոր իտալացիներ դուրս են եկել բողոքի ակցիաների՝ իրենց դժգոհությունն արտահայտելու ԱՄՆ-ի կողմից Սիցիլիայում կառուցվող բազայի շուրջ։ Բազան տեղակայված է Սիցիլիայի Նաշեմի քաղաքում։ Իտալական դատախազության ներկայացուցիչը հայտարարել է, որ ակցիայի մասնակիցների շարքերում կան նաև մաֆիայի խմբավորումների անդամներ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ռուսական ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, փողոց են դուրս եկել մոտավորապես 5 հազար ցուցարարներ։ Ցույցերի մասնակիցների և տեղական ոստիկանության միջև բախումներ են եղել, և ոստիկանները ստիպված են եղել արցունքաբեր գազ կիրառել։ Արդյունքում տուժել է իրավապահ ուժերից մեկի աշխատակիցներից մեկը։
Մի քանի հարյուր ցուցարարների հաջողվել է ներխուժել բազայի տարածք, որտեղ տարվում են ամերիկյան նորագույն արբանյակային կապի՝ MUOS-ի (Mobile User Objective System) ռադարների կառուցումման աշխատանքները։
Նաշեմի քաղաքում ամերիկյան բազայի կառուցումը սկսվել է 2011 թվականից։ Բազան ներառելու է մի քանի հսկայական ռադարներ և տասնյակ ռադիոհաղորդիչներ։ Բազայի կառուցմամբ Պենտագոնը ցանկանում էր մեծացնել հսկողությունը Արևելյան Միջերկրածովյան հատվածում՝ կապված Լիբիայի դեպքերի հետ։ Նախկին ցույցերին մասնակցել են ոչ միայն Սիցիլիայի բնակիչները, այլև «կանաչների» շարժման մասնակիցներն ու Իտալիայի ձախակողմյան ուժերը։
Երկու շաբաթ առաջ Սիցիլիայի ինքնավար ղեկավարությունը թույլատրել էր շարունակել բազայի կառուցումը այն բանից հետո, երբ կլինի բժշկական տեղեկագիր այն մասին, որ ռադարների էլեկտրական ճառագայթումը չի վնասի բնակչության առողջությանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում