Օբաման հայտարարել է, որ Սնոուդենը պետք է ներկայանա դատարան
Նմանատիպ
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման նախօրեին Սպիտակ տանը մամուլի ասուլիս է տվել եւ խոսել Էդվարդ Սնոուդենի, հատուկ ծառայությունների աշխատանքի և Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին:
Օբաման հայտարարել է, որ եթե Սնոուդենը համարում է, որ գաղտնի տեղեկատվությունը տարածելով նա ճիշ տ կերպ է վարվել, ուրեմն պետք է ներկայանա դատարան և ապացուցի դա:«Եթե նա իսկապես կարծում է, որ ճիշտ է վարվել, ուրեմն պետք է ցանկացած ամերիկացու նման գա այստեղ, իրավապաշտպանի հետ կանգնի դատարանի առջև և իր արածի ճշմարտացիությունն ապացուցի»,- նշել է Օբաման:
Միևնույն ժամանակ նախագահը նշեց, որ Սնոուդենին հայրենասեր չի համարում: Ըստ վերջերս Ipsos ընկերության իրականացրած հարցումների’ ամերիկացիների 31 տոկոսը համարում է, որ Սնոուդենը հայրենասեր է, իսկ 23%-ը նրան տվել են դավաճանի որակում:
Նախագահի խոսքով’ ԱՄՆ-ը և Ռուսաստանը, հավանաբար, կարիք ունեն դադարի’ հարաբերությունների զարգացման ոլորտում: Նրա համոզմամբ’ Վաշինգտոնը և Մոսկվան պետք է հարաբերություններն այնպես կառուցեն, որ երկուսի համար էլ ձեռնտու լինի:
«Սնուդենի գործը միայն Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունների’ վերջին ամիսներին տեղի ունեցող հերթական խնդիրն է, Սիրիայի և մարդու իրավունքների հարցերի հետ կապված այլ խնդիրների հետ միասին վերցված»,- ասել է ԱՄՆ նախագահը:
Բարաք Օբաման ոչ հաստատել և ոչ էլ ժխտել է, որ ԱՄՆ-ը պատասխան քայլեր կձեռնարկի Ռուսաստանի դեմ’ Սնոուդենին ժամանակավոր ապաստան տալու համար:
Ինչպես հայտնի է’ Օբաման որոշել է չանցկացնել ռուս-ամերիկյան գագաթաժողով Մոսկվայում G20-ից առաջ: Սպիտակ տան մամլո քարտուղար Ջեյ Կարնին հայտարարել է, որ այդ որոշումը կայացվել է երկու երկրների համատեղ պայմանավորվածությամբ: Սպիտակ տունը նշել է, որ Օբաման կմասնակցի Սանկտ Պետերբուրգում կայանալիք G20–ի հավաքին, սակայն Վլադիմիր Պուտինի և Օբամայի տետ-ա-տետ հանդիպում տեղի չի ունենա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում