Ոստիկանները Չարենցավանում նոր «տուշոնկա-շոու» են բեմադրել

Ոստիկանները Չարենցավանում նոր «տուշոնկա-շոու» են բեմադրել

 

Մարտի 12-ին՝ ուրբաթ օրը, Նիկոլ Փաշինյանին առընթեր իրավապահ մարմինները հերթական «տուշոնկա-շոուն» են բեմադրել, այս անգամ՝ Չարենցավան քաղաքում։ Ոստիկանության մոտ երկու տասնյակ աշխատակիցներ «մեծ շուքով» ներխուժել են Չարենցավանի քաղաքապետարանի շենք եւ խուզարկություն իրականացրել աշխատակազմի ղեկավար Սուրեն Մուրադյանի աշխատասենյակում։ Մուրադյանին ասել են, թե ինքն արցախցի ընտանիքների համար նախատեսված օգնություններն է յուրացրել, եւ իր սենակում այդ «յուրացրած ուտելիքն» են փնտրում։ Մամուլում երեկ գրվեց, թե Սուրեն Մուրադյանը, «օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, յուրացրել է խոշոր չափերով՝ մոտ 600.000 դրամ արժողությամբ կենցաղային իրեր եւ մթերք՝ նախատեսված Արցախի Հանրապետության քաղաքացիների սոցիալական աջակցության համար»։ Այս մասին տեղեկացնում է Hraparak.am-ը:

Ըստ հրապարակման՝ Մուրադյանի տնից հայտնաբերվել է 2 էլեկտրական ջեռուցիչ՝ «Առաքելություն Հայաստան» գրառումներով, ինչպես նաեւ հայտնաբերվել եւ առգրավվել են նշված օգնության տարբերանշաններով պարկերով սննդամթերք, օգնության մասին գրառումներով արկղերով այլ կենցաղային իրեր եւ տարբեր տեսակի մթերք, շոգեխաշված մսի պահածո, որի վրա առկա է գրառում՝ «վաճառքի ենթակա չէ»:

 Նկատենք, որ Մուրադյանն աչքի է ընկնում իր ընդդիմադիր հայացքներով, հաճախակի մասնակցում է Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքներին, եւ, ամենայն հավանականությամբ, սա հերթական քաղաքական հետապնդումն է այս իշխանությունների կողմից։ Ի դեպ, իշխանությունները Չարենցավանի քաղաքապետարանում միայն Մուրադյանի վրա աչք չունեն, նրանք թիրախավորել են նաեւ քաղաքապետարանի այլ աշխատակիցների, որոնք մասնակցում են ընդդեմ Փաշինյանի միտինգներին։ Ատամ ունեն նաեւ քաղաքապետ Հակոբ Շահգալդյանի դեմ եւ հարմար առիթի են սպասում, որ նրա նկատմամբ էլ որեւէ գործ հարուցեն։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում