Կապանի մարտական դիրքի` աղմուկ հանած տեսանյութի դեպքով քրեական գործ է հարուցվել

Կապանի մարտական դիրքի` աղմուկ հանած տեսանյութի դեպքով քրեական գործ է հարուցվել

ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի թիվ 126 մարտական դիրքում կատարված և սոցցանցերով հրապարակված տեսագրության առթիվ ՊՆ Կապանի ռազմական ոստիկանության բաժնում նախապատրաստված նյութերի հիման վրա Գորիսի կայազորի զինվորական դատախազությունում քրեական գործ է հարուցվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

Մարտի 14-ին սոցցանցերում տեսանյութ էր տարածվել, որում Կապանի մոտ գտնվող մարտական հենակետերից մեկի զինծառայողները ցույց են տալիս այն անմարդկային պայմանները, որոնցում իրենք մնում են։ Զինծառայողների խոսքով՝ իրենց ոչ մի բանով չեն ապահովում, չունեն ջուր, տաքանալու հնարավորություն։ Նրանք նշում են, թե իրենց ասվել է՝ «պոստը թողեք», սակայն իրենք չեն թողել։

Խաչատրյանը տեղեկացրեց, որ քրգործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի երրորդ մասով` անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ` ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում։

«Քրգործ է հարուցվել դեպքի հանգամանքները լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությամբ պարզելու, առնչվող բոլոր անձանց, այդ թվում նաև պաշտոնատար անձանց գործողություններին դրա շրջանակներում քրեաիրավական գնահատական տալու համար»,–ասաց նա։

Քրեական գործն ուղարկվել է քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժին՝ նախաքննություն կատարելու հանձնարարությամբ:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում