Ի՞նչ են քննարկելու Պուտինն ու Ալիևը Բաքվում

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը օգոստոսի 13-ին աշխատանքային այց կկատրի Ադրբեջան: Ինչպես հաղորդում է  «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը, ենթադրվում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ բանակցություններում երկու երկրների միջեւ կստորագրվեն 5-6 փաստաթղթեր’ էներգետիկ եւ տրանսպորտային ոլորտներում համագործակցության մասին:

Անդրադառնալով Պուտինի’ Բաքու այցին, ՌԴ նախագահի օգնական Յուր Ուշակովը լրագրողներին ասել է, որ ռուսական պատվիրակության կազմում են արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը, արտակարգ իրավիճակների նախարար Վլադիմիր Պուչկովը, տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը, էներգետիկ զարգացման Ալեքսեյ Ուլյուկաեւը, «Ռոսպբորոնէքսպորտ» ընկերության տնօրեն Անատոլի Իսայկինը, ինչից ենթադրվում է, որ բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել «երկկողմ հարաբերու? ?յունների գրեթե ամբողջ համալիրը»:

ՌԴ նախագահի Ադրբեջան կատարելիք այցին կատարած անդրադարձում «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը հայտնել է, որ այցի ժամանակ Պուտինն Ադրբեջանին կառաջարկի միանալ Եվրասիական դաշնությանը: Բացի դրանից, քննարկվելու է նաեւ Ռուսաստանից 1 մլրդ 600 մլն զենք գնելու հարցը:

Ադրբեջանական ընդդիմադիր «Ազադլըգ» թերթին հասած տեղեկություններով’ Իլհամ Ալիեւի իշխանությունը Ռուսաստանի առաջ մեծ պարտավորություններ է ստանձնել: «Այդ պարտավորությունների ճշգրիտ բովանդակությունը դեռեւս հայտնի չէ, սակայն հայտնի է դարձել, որ Վլադիմիր Պուտինի եւ Ալիեւի միջեւ հարաբերությունների ջերմացումը տեղի է ունեցել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի միջնորդությամբ: Հենց Նազարբաեւի միջնորդությունից եւ Կրեմլի առաջ պարտավորություններ ստանձնելուց հետո է օրակարգ մտել Պուտինի այցը Բաքու»,- գրում է թերթը:

Բաքու Պուտինի այցի եւ դրա հնարավոր արդյունքների ու հետեւանքների հետ կապված թերթի հարցերին տված պատասխաններում փորձագետները շեշտել են, որ Մաքսային միությանը եւ Եվրասիական դաշնությանը Ադրբեջանի միանալը բացառիկ կարեւորություն ունի Ռուսաստանի համար:

«Այս հարցը Պուտինը կոնկրետ է դնում. կամ Ադրբեջանը միանում է այդ կառույցներին, կամ էլ Կրեմլը վերանայելու է Բաքվի հետ հարաբերությունները: Բաքու այցին Վլադիմիր Պուտինը աշխատելու է այդ հարցերը լուծել հիմնովին եւ արմատապես: Ինչ վերաբերում է Բաքվի դիրքորոշմանը, Ադրբեջանի իշխանության մանեւրելու հնարավորությունները սահմանափակ են: Արեւմուտքի հետ իշխանության հարաբերությունները ուրախացուցիչ չեն: Իսկ Ռուսաստանի հետ հարաբերությունների վատացումը կարող է վատ արդյունքներ ծնել Բաքվի համար: Ադրբեջանի իշխանությունը հայտնվել է այնպիսի անելանե լի վիճակում, որ Ռուսաստանի պայմանները չկատարելը, անկասկած, Բաքվին կդնի Կրեմլի ճնշումների տակ: Ամենայն հավանականությամբ’ Պուտինի Բաքու այցին Ադրբեջանը Ռուսաստանի հետ ամբողջական համաձայնություն ձեռք չի բերելու: Որոշակի համաձայնություններ կարող են լինել: Սակայն, դրանք բավարար չեն լինելու երկու երկրների միջեւ հարաբերություններն ամբողջովին կարգավորելու համար», -նշել են փորձագետները:

ՌԴ նախագահի օգնական Ուշակովը նշել է, որ Ալիեւի եւ Պուտինի միջեւ բանակցությունների ժամանակ Բաքվում բարեկամական այցով կգտնվեն նաեւ Կասպյան նավատորմի ռուսական ռազմական նավերը:

ՌԴ նախագահի պաշտոնում դա Պուտինի 4-րդ այցն է Ադրբեջան: Վերջին անգամ Պուտինը որպես նախագահ Ադրբեջան է այցելել 2006 թ-ի փետրվարի 21-22-ին:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում