Հրանտ Նազարեանց. Վարդերուն Մահը

Հրանտ Նազարեանց. Վարդերուն Մահը

Hrand Nazariantz / 1884-1963

Պոլսահայ սիմվոլիստ բանաստեղծ: Ծնվել է Կոստանդնուպոլսի Սկյուտար թաղա-մասում, Պետրոս Դուրյանի, Եղիա Տեմիրճիպաշյանի, Տիրան Չրաքյանի, Ռեթեոս Պերպերյանի ծննդավայրում: Լոնդոնում և Փարիզում սովորելուց հետո, 1905-ին վե-րադարձել է հայրենիք և մասնակցել Պոլսի հայ համայնքի մտավոր կյանքին: Նազար-յանցը հայ գրականություն մտավ եվրոպական գրականության մեջ կատարվող մեծ փոփոխությունների ճանապարհով: 1911թ. Ենովք Արմենը Նազարյանցին նվիրված մենագրություն է հրատարակում: 1908-ից խմբագրում է «Սուրհանդակ» հանդեսը, 1909-ին հիմնում «Նոր հոսանք» պարբերականը: 1911-1912թթ. Լ. Նազարյանի, Ռ.Զարդարյանի և Լ.Շանթի հետ միասին խմբա-գրում է «Ազատամարտ» շաբաթա-թերթի «Բագին» գրական հավելվածը: 1910թ. տպագրում է «Ֆ.Թ. Մառինէթթի և ապա-գայապաշտութիւնը» գիրքը: 1912թ. լույս է տեսնում նրա բանաստեղծությունների հայերեն առաջին և միակ ժողովածուն՝ «Խաչուած երազներ» խորագրով: Դ.Վարուժա-նը նրան անվանել է «լուսաւոր բանաստեղծ, տաղանդաւոր քերթող ու բարեկամ»: 1913-ի գարնանը նա բռնում է աքսորի ճանապարհը՝ ամբողջ ուժով նվիրվելու մտա-վոր գործունեությանը և իջևանում է իտալական Բարի քաղաքում: Այստեղ նա գրա-կան տենդագին աշխատանք է ծավալում, գիրք է տպագրում Պետրոս Դուրյանի մա-սին, իտալերեն է թարգմանում նրա «Թատրոն կամ թշվառներ» պիեսը, հրապա-րակում «Եղիա Տեմիրճիպաշյանի սիրային նամակները», գրում է «Հայաստան. իր մարտիրոսությունն ու պահանջները», «Հայ տաղասացներ. Նրանց կյանքը եւ նրանց երգը» արժեքավոր գրքերը: 1913-ից ի վեր ստեղծագործել է նաև ֆրանսերեն ու իտա-լերեն: Իտալիայում հասել է մեծ փառքի ու ճանաչման, բայց իր մահկանացուն կնքել է թշվառության մեջ:

Աշոտ Ալեքսանյան

Վարդերուն Մահը

Լուռ գիրքերուս էջերուն մէջ,
Մինաւորիկ, սիրական,
Իրենց բոյրովը թարշամած
Վարդի գողտրիկ թերթեր կան։

Սիրոյ քանի՜ վարդ, ո՛վ աղջիկ,
Քեզ ձօնեցին, ցանուցի՜ր,
Մոռացութեան մըթին գրքին
Մէջ ամէ՛նքն ալ ցանեցիր։

Ծարաւահի՜ւծ վարդերն, անգո՛ւթ,
Դիտէ՛ երբեմն գոնէ,
Անոնք մեռան՝ պաղատելով
Փոքրիկ համբոյր մը քենէ…

Ցայգերգ

Ձըմեռ գիշեր։ Կ՛ունկընդրեմ
Վայրագ հովի մըռունչին.
Յորձանքներով թափառիկ
Ճերմակ ձիւներն կը թռչին։

Մեռելութի՜ւն ամէն տեղ,
Անհուն պատանք մը ձիւնի.
Այդ պատանքէն վաղը նոր
Պիտի գարո՜ւնը ծընի։

Հոգիիս մէջ տխրամած՝
Ձիւն կը տեղայ ցընորուն,
Այլ այդ ձիւնէն վերջ, բաբէ՜,
Ո՛չ ծաղիկ կայ, ո՛չ գարուն։

Լացող աչքերդ

Ես կը սիրեմ աչքերդ աղւոր,
Երբոր անոնց մէջ թաքթաքուր
Արցունքներ կան ջինջ, սըգաւոր,
Ա՜հ, միշտ լալով ինծի՛ եկուր։

Թարթիչներուդ շուքին տակէն
Փոքր արցունքներ աներեւոյթ
Բիբիդ լոյսը կը պրիսմակեն.
Զիս կը սպաննե՜ն աչքերդ կապոյտ։

Ա՜հ, այս ոսին սիրտիս վըրայ
Ուղղէ՛ քուկին աչքերդ աղւոր,
Ուր արցունքին ցօղը կ՛իջնայ
Մըխիթարիչ ու սգաւոր…

Հերանուշ Արշակեանի յիշատակին

Հի՛ն, մոռցըւած եղանակի մը նման՝
Թաղել անցեալն իր յուշքերուն մէջ աղի.
Ու փեթրտել թերթ, թերթ հոգին՝ իրիկուան
Բուրումնայեղց լռութեան գոգն ամայի։
Մեռնի՛լ թօշնող վարդերուն հետ աշունի,
Մեռնի՛լ, ո ՛վ քոյր, իրիկուն մը լռամած,
Ու անծանօթ ճամբայէ մը գողունի,
Անցնիլ կեանքէն՝ դագաղի պէս յամրընթաց։
Ու յոգնաբեկ շրթունքներու վրայ ցրտին,
Մեռնող վերջին աղօթքի մը պէս մաքուր,
Մեռնի՛լ, ո՛վ քոյր, ու գերագոյն վայրկեանին,
Թո՛ղ լա՛յ երգը անճէլիւսի մը տըխուր։
Ու երբ բացուին ցայգանոյշներն լուսարծաթ,
Հիւանդ հոգին նոճեսօսափ ու աղու,
Սրսըփալե վերջ եօ՚թն անգամ հիասթա՛փ,
Մեռնի՛ առանց մնաս բարով մ՚ըսելու. . . ։

Կեանքս

Ռ.Չիլինկիրեանին

Ձմրան տխուր գիշեր մը ցուրտ՝
Երկունքէ մը վերջ դառնաղէտ,
Լալու համար ծնած հոգիս
Աշխարհ եկաւ՝ կեանքին անգէտ:

Օրօրանիս մէջ կարծր ու չո՛ր
Իր մատներովը սրբաւէտ,
Տրտմութիւնը դրաւ բոլոր
Ըստեղծողըս՝ իր լոյսին հետ:

Քար կտրեցաւ կուրծքիս ներքեւ
Սիրտը յաւէ՜տ մաղձով առլի,
Լոյս չի շողաց հոգւոյս վերեւ,
Յոյսն անծանօթ մնաց ինծի:

Ու սգաւոր գիշերներու
Խորհուրդները լոկ գրկեցի,
Խուժաններէն ես միշտ հեռու
Ըմպեցի թոյնը անուրջի…

Մենութեան հետ եղբա՜յրացայ,
Հողին գոյնը լոկ սիրեցի…
Ու այտերու ծիրաներփնեայ
Կախարդանքը ես ծաղրեցի:

Սէրը շատ ցուրտ գտաւ հոգիս,
Շատ անտարբեր ու շատ հպարտ,
Անհետ անցաւ ու լքեց զիս,
Ծեքծեքումովն իր պճնազարդ:

Վերջալոյսը սիրտըս առաւ.
Պատրանքը լոկ հոգւոյս տիրեց.
Շիրմիս վրայ դո՛ւ սրտագրաւ
Կ’ուզեմ գրես. «Ան չի սիրե՜ց…»

Խաչուած Երազներ

Մենք կ՛որոտանք՝ դուք գետնաքարշ կը հեծէք,
Մենք լոյս կ՛ըմպենք՝ դուք խաւարը կ՛որոճաք,
Մենք բոցեղէն Հարցական սէգ նըշանն ենք՝
Դուք՝ կաղ ու բութ կախման կէտերը դատարկ…

Տաժանագին գալարո՛ւմն ենք մենք Կամքին
Ու Դնդերին դատաստանն ենք մենք արդար.
Դուք՝ ջիղերու գինովութիւնն ախտավար,
Դիակներու տարրալուծումը լըռին…

Մըտածումի քանդող ժայթքո՛ւմն ենք ուժգին,
Դուք՝ քարացած Յափշտակումը անհեւ.
Արկածալից զառիվե՜րն ենք դժուարին,
Իսկ դուք՝ վարը ճահիճներու տիղմը սեւ…

Յառաջապահ մենք այն գունդն ենք կամաւոր
Որ առաջին բախումին դէմ կը սուրայ,
Վըտանգաւոր ոստումներով ահաւոր,
Ատելութեամբ ու վըրէժով բեռնաւոր…

Սանթա Լուչիա

Ծովն է պայծառ, ջի՜նջ լուսնկայ,
Վերն երկինքն է լուսածորա՜ն,
Յարածփուն ջուրին վրայ
Կը թեւածէ՜ արծաթաձայն
Սանթա Լուչիա՜, Սանթա Լուչիա՜:

Ունայն խորհուրդն համբոյրներուն
Մինչեւ առտու պիտի դողայ
Շրթունքներուդ վրայ տժգոյն՝
Սիրանուա՜գ ալելուիա,
Սանթա Լուչիա՜, Սանթա Լուչիա՜:

Մանտօլինան՝ ձեռքիդ նրբին
Գգուանքին տակ կը հեծկըլտայ,
Նաւերգները լիալուսնին
Ամօռօզա պիանիսիմա՜…
Սանթա Լուչիա՜, Սանթա Լուչիա՜:

Շրթունքներդ համբոյր կ’ուզեն,
Մինչ նայուածքդ՝ երազ անհուն,
Կը գգուէ հովը թափառելէն
Թաքո՛ւն կի՜րքը քու աչքերուն,
Սանթա Լուչիա՜, Սանթա Լուչիա՜:

Ու դուն, հոգի՜ս, ինձ կը թուիս
Ալիքներուն ծընած մէջէն,
Աղուոր պարիկը երազիս
Նրբամարմին ու լուսեղէն,
Սանթա Լուչիա՜, Սանթա Լուչիա՜:

Ու նաւը միշտ կը հեռանա
Ծովերուն բա՜ցը ամայի,
Ալիքներն ալ լուսահմայ՝
Կը կրկնեն երգըդ տենչալի՜
Սանթա Լուչիա՜, Սանթա Լուչիա՜:

Ցածր ձայնով [1]

Պիեռինոյին , որպեսզի նա
սիրի ինձ այս ու այնտեղ …[2]

Մութ գիշերը բռնատիրող, խավարամած
Առավոտի մեջ է ինքզինքը արտաքսում:
Քո ամոթխած աչքերն ասում են ինձ, եղբայր,
Որ ապարդյուն է ամեն ջանք այս կյանքում:

… Բայց զավեշտ է: Ես չգիտեմ ինչպես է ինձ
Ցայտաղբյուրի հուշը նորից վերադառնում,
Որ երգում է ժայռերի մեջ ականակիտ
Մորմոքումով ահասարսուռ ու ապարդյուն:

Եղբա՛յր: Ե՛ս եմ շատրվանն այդ մշտավճիտ,
Իմ քարերն են ոռնոց կապում մութ գիշերով,
Վարսերս շեկ կարմիր դարձան իմ արյունից,
Արցունքներից իմ դառնաղի ու վեհերոտ:

Բարի [3]

Կեսգիշեր է. աստ հնչում են քաղցր ու հուշիկ
պատկերները գիշերային: Տեսիլքն ինչպես
շքեղության ու փառքի, բարձրունքներում գաղտնածածուկ
հորիզոնն է լուսավառվում իմ տևական աքսորի,
դեպի գանձը անսահման
քո աստղերի, կեսգիշեր, օ՜ դու քաղաք սպիտակ
ընտրված իմ ցավի համար թափառիկ.
ահա՛ երգը նվիրական, օ՜ քաղաք,
որ բացվում ես խոր լռության մեջ ինչպես
մաքուր, խոնարհ խորհուրդները տաճարիդ:

Ո՛վ դու քաղաք, բացված մաքուր պողպատի դեմ
քո ծովի, սա ժամն է այն
պարզ, կատարյալ, որ իր միջի
լուսապայծառ բանտախուցն է ինձ առել
տառապանքն իմ
աստանդական, թափառիկ…

Լուսափայլ է, պատկերների
ներքո անուշ գիշերների, որ հնչում են խորունկ ինչպես
ոչ մի ուրիշ երաժշտություն այս աշխարհում,
գաղափարներն իր տենչավառ գերազանցող՝
վեր է հառնում բազիլիկը քո հոյաշեն
ողջը լուսնով է ողողված դալկադեմ,
դեպ’ արևելք: Օ՜ ինչ մաքուր է ու ջինջ՝
ողջը պատրաստ թռիչքի
խորհրդավոր ու միստիկ՝ իր զանգերին հար նման
ճերմակաթույր լուսապսակն զգեցած,
առաջարկ է սա գիշերին, ուր հայրենիքն է սպասում
տեսիլքին իր հերոսական անցյալի,
լուսավորված հրաշափառ աջով Սրբիդ՝
կոշտ ու կոպիտ նավորդների հովանավոր
ձկնորսների եղբայրական:

Եվ ահա,
ստվերներում դեռ, մտատանջ ու գրավիչ քո դռներից
լուռ գոցված,
ամենօրյա պարտքերն իրենց հատուցած՝
խոնարհները տքնեն պիտի՝ կախարդանքին անձնատուր
դանդաղածոր պատկերների գիշերաբուն,
Ո՜վ դու Սուրբդ ամենազոր,
վեհագույնդ՝ աղերսների համար բոլորր մայրերի
վեհագույնդ՝ տքնանքների համար բոլոր այրիների
իր լայնահուն ճակատով
եզերքներին թափառական երկինքների, ապավինած
քո հույսին ու քո հավատին բարեգութ
քո հոգիով լեցուն քո իսկ ծովի վրա, որտեղից
քո բախտը և քո նոր փառքը դեռ կգան
ո՜վ դու Քաղաք Սպիտակ…

Դու և ծնունդ կատարյալ
աստվածային աստղերից, դու և Սուրբդ
Անվեհեր, որ երազում է, հաստատ, խորխորատում
իր մտքի՝ առեղծվածով բեռնավոր,
երազանքը բոցավառ նավերի այն
հինավուրց, որ պոկվեցին քո հրշեկ
ծովափերից զրնգուն, ու մեկնեցին
փոթորկի, վտանգների միջով բյուր
դեպի արևը ծագող:

Շքե՛ղ քաղաք զորեղագույն նավազների,
քո Սրբի սիրտն է դեռ ձայնում,
գաղափարի մրրիկներում և վճիտ
հեռաստանում օվկիանոսի անսահման,
մարգարեի պես, քո տանջված
քաղցր ու հպարտ մարդկանց համար, մշտապես
լուսավառված մղումներից անողոք,
և սուրբ ոգուդ երազանքից
ի հիշատակ ոգորումիդ մշտակենդան
առընդմիշտ, քո Սրբի սիրտն է դեռ ձայնում
փառքը շքեղ, երանելի նվաճումներիդ:

Անսահման է նրա հոգին
հավասար… և մարդկության դեմքն
ավելի եղբայրական և գաղտնիքը ժամանակի
հերթագայման շատ ավելի երջանիկ է և իր հոգին
միայնակ ու մենավորիկ…
Ահա Տիրոջ դեմքն է սուրբ
լուսավորում գիշերը քո, ո՛վ դու Քաղաք
ճերմակ ազնիվ ուխտյալների:

Քո
երկինքը ընտրված երջանկության համար իմ
սիրել տվեց ինձ երկիրն այն, ուր սիրում են ու լալիս,
և արտաքսումն իմ, ուր դեռ
անցյալն է իմ արնահոսում թախծածոր
շատ նման է աքսորին քո մեծ Սրբի
որն, ինչպես իմ հոգին հավետ կորուսյալ,
արթնանում է օտարոտի ափերիդ
լի մեղմածոր ալիքներիդ մեղեդիով
որ դողդոջուն կարոտախտով է նայում
անտառներին սաղարթախիտ,
աստվածային ուրախություն երազների մեջ գեղեցիկ
նվիրական մարդկանց, ովքեր առագաստներն են երազում
դեպ’ արևելք, Սուրբն Անվեհեր
ծովահայաց՝ երազում է աքսորի մեջ իր տխուր
անուշահոտ այգիների մասին անցած-գնացած բենզոինի սուր հոտերի, ձագախոտի մասին նաև,
անրջելով տաճարների մասին կապույտ տանիքներով իր աստղազարդ:

Եվ իմ հոգին,
որ այս գիշեր իր ծանր ու խիստ
պատկերներն է շարահարում,
երազ, երազ, նվիրական երգի մեջ
ձոնված բախտին քո և փառքին
քո գեղաշուք,
ո՜վ դու Քաղաք՝ ընտրյալդ իմ սրտի սիրով,
քաղաք, որ ես տեսնեմ պիտի անգամ մահվան աչքերում,
պողպատի դեմ վճիտ ծովիդ,
դափնիների համար արնոտ երազներիդ
պատառոտված,
տխուր հոգին երազում է անհնարին
դրախտների մասին բախտի իր մորմոքուն:

Ֆրանսերենից և իտալերենից թարգմանությունները՝ Աշոտ Ալեքսանյանի

[1] Բնագիրը՝ ֆրանսերեն:
[2] Պիեռո Դելֆինո Պեշե (1874-1939թթ.), հանրապետական գաղափարախոսության հիմնադիրը Պուլիայում, հեղինակավոր «Humanitas» ամսագրի տնօրենը, գրող, մշակութային գործիչ, սոցիալական արդարության և ժո-ղովրդավարական ազատությունների անխոնջ ջատագով:
[3] Բնագիրը՝ իտալերեն: Պուլիա երկրամասի վարչական կենտրոն Բարի քաղաքում է 1913-ից ի վեր՝ մինչև իր մահը, ուղիղ 50 տարի, ապրել Նազարյանցը

Աղբյուր՝ Granish.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում