Վրաստանի նախագահն ու վարչապետը վիճել են ամերիկյան նավի վրա
Նմանատիպ
Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլին եւ վարչապետ Բիզինա Իվանիշվիլին իրարանցում են սարքել Բաթում ժամանած ամերիկյան «Բելքլի» նավում շաբաթ օրը կազմակերպված պաշտոնական ընդունելության ժամանակ: Ելույթի ժամանակ Իվանիշվիլին հայտարարել է, որ 2008 թ-ին Հարավային Օսիայում ռազմական հակամարտության համար պատասխանատվությունը կրում են նաեւ վրացական նախկին իշխանությունները:
Վրաստանի վարչապետից հետո ելույթ ունեցած Սաակաշվիլին հայտարարել է. «Ես կտրականապես ժխտում եմ այդ պատերազմում վրացական կողմի ցանկացած պատասխանատվություն»: Վրաստանի նախագահը հավելել է, որ «նա, ով խոսում է այդ պատերազմում վրացական կողմի պատասխանատվության մասին, կամ չի սիրում Վրաստանը, կամ այլ խնդիրներ ունի, կամ էլ կապված է Վրաստանի թշնամու հետ»:
Իվանիշվիլին իր հերթին փորձել է նախագահի ելույթն ընդհատել’ «Ասա նաեւ քո պատասխանատվության մասին» ռեպլիկներով:
Ամերիկյան նավի այցը Բաթում նվիրված է եղել 2008 թ-ին Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ տեղի ունեցած հնգօրյա պատերազմի 5-ամյա տարելիցին:
Բիձինա Իվանիշվիլիի ղեկավարած «Վրացական երազանք» կոալիցիան Վրաստանում իշխանության է եկել 2012 թ-ի աշնանը: Միխայիլ Սաակաշվիլիի «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը կորցրել է խորհրդարանում մեծամասնությունը, սակայն, նա պահպանել է նախագահի պաշտոնը, որը զբաղեցնում է 2004 թ-ից:
Միխայիլ Սաակաշվիլին, ով 2008 թ-ի օգոստոսին սկսված պատերազմի ժամանակ զբաղեցնում էր Վրաստանի նախագահի պաշտոնը, ավելի վաղ պատերազմի համար պատասխանատվությունը բազմիցս դրել է Ռուսաստանի վրա: Իր հերթին, Ռուսաստանի իշխանությունները հակամարտության համար պատասխանատու են համարում Սաակաշվիլիի գլխավորությամբ Վրաստանի ղեկավարությանը, ով փորձել էր ուժով վերադարձնել Հարավային Օսիայի եւ Աբխազիայի վրա վերահսկողությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում