Հայ մարզիկները լուրջ հայտ են ներկայացրել Օլիմպիական խաղերի մեդալների համար
Նմանատիպ
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանն այսօր տեղի ունեցած ասուլիսում հայտնեց, որ Բուդապեշտի վարկանիշային մրցաշարում հայ ըմբիշները հաջող ելույթ են ունեցել։
«Ունեինք մասնակից 57 կգ և 65 կգ, նաև 74 և 87 կգ քաշային կարգերում։ Բուդապեշտի վարկանիշային մրցաշարում ուղեգրեր նվաճել են Արսեն Հարությունյանը և Վազգեն Թևանյանը։ Նրանք շատ լավ ելույթ ունեցան, դարձան մրցաշարի հաղթող և լուրջ հայտ ներկայացրեցին Տոկիոյի ՕԽ-ի մեդալների համար: Մենք ունենք ևս մեկ վարկանիշային մրցաշար մայիսին, այսինքն՝ այլ ուղեգիր նվաճելու հնարավորություն նույնպես ունենք»,– ասաց Կուրղինյանը։
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի մարզիչ Էդգար Ենոքյանն էլ տեղեկացրեց, որ ազատ ոճային մարզիկները փորձելու են զարգացնել իրենց հաջողությունը Օլիմպիական խաղերում:
«Տղաներն իրենց ելույթներով օլիմպիական վարկանիշային մրցաշարում իսկապես ուրախացրեցին մեզ և ամբողջ հայ ազգին: Շատ լավ ելույթներ ունեցան; Տպավորություն էր, որ ամբողջ դահլիճը խոսում էր տղաների հաջողությունից, մասնավորապես՝ թե որտեղից են եկել այս տղաները»,- ասաց Էդգար Ենոքյանն ու ավելացրեց՝ աշխատելու են, որ մյուս մրցաշարում ևս նման արդյունքի հասնեն:
Նշենք նաև, որ Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը ապրիլին կմասնակցի Եվրոպայի առաջնությանը, իսկ մայիսին Սոֆիայում կայանալիք ՕԽ վարկանիշային մրցաշարին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում