«Տղերքն իրենց կյանքը նվիրեցին, որ մենք ապրենք

«Տղերքն իրենց կյանքը նվիրեցին, որ մենք ապրենք

Երգչուհի Գոհար Հովհաննիսյանն իր համերգը նվիրել է հերոսածին մայրերին

Ապրիլի 7-ին Ազգային օպերային թատրոնում «Արշալույս» խորագրով համերգով հանդես կգա երգչուհի Գոհար Հովհաննիսյանը: Երգչուհին հայտնի է հատկապես իր ազգային, հայրենասիրական երգերով:

2008թ. ԱՄՆ-ի «Գոլդեն սթար» մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Տարվա լավագույն ժողովրդական երգչուհի» մրցանակին: 2009թ. թողարկել է առաջին «Արշալույս» ձայնասկավառակը:

Պատասխանելով «Առավոտի» հարցին, թե ինչպես է հակվել դեպի ազգային երգը, Գոհար Հովհաննիսյանը նշում է. «Հատուկ չեմ որոշել, երեւի պատճառն այն է, որ նախնիներս սասունցիներ են եւ մեր րուրաքանչյուր հավաքույթ ուղեկցվել է ազգային երգ ու պարով»:

Զինվորների եւ հայրենիքի պաշտպանների առաջ ելույթների մասին էլ նշում է. «Միշտ եմ խոսել այդ մասին, նրանց առաջ ելույթ ունենալիս պատասխանատվությունն ու ոգեւորությունս ավելի է մեծանում: Յուրաքանչյուր արտիստ պարզապես պետք է մաքրամաքուր ներկայացնի ազգայինը: Խոնարհվում եմ յուրաքանչյուր զինվորի առաջ»:

Իր՝ երգչի կարիերայում տպավորիչ դրվագների մասին խոսելիս Գոհար Հովհաննիսյանը նշեց. «Ամեն մի համերգ ինձ համար տպավորիչ է… Հատկապես իմ առաջին մենահամերգն է հիշարժան»:

«Արշալույս» խորագրով համերգի խորհրդի մասին էլ երգչուհին նշեց. «Այսքան դժվարություն եւ կրուստ տեսնելուց հետո յուրաքանչյուրիս համար դժվար է անցնել նոր կյանքի, փորձում եմ այս համերգով խոնարհումս արտահայտել հերոսածին մայրերին: Հավատանք, որ կբացվի այդ արշալույսը: Տղերքն իրենց կյանքը նվիրեցին, որ մենք ապրենք»:

Հարցին` իրեն հաջողակ մարդ համարո՞ւմ է, Գոհար Հովհաննիսյանն այսպես պատասխանեց. «Ես սիրում եմ դժվարություններ հաղթահարել: Իսկ հաջողակ կլինեմ այն դեպքում, երբ ապրեմ խաղաղ երկրում ու այլեւս չտեսնեմ ոչ մի կորուստ»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Աղբյուր՝ Aravot.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում