Yerevan
18
+26°C
Weather Data Source: 30 days weather Yerevan

Հայաստանը հայտ է ներկայացրել` գրանցելու գեոստացիոնար ուղեծրային դիրքի իր իրավունքը

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը գեոստացիոնար ուղեծրային դիրքի իրավունքի գրանցման նպատակով համապատասխան միջազգային հայտ է ներկայացրել Հեռահաղորդակցության միջազգային միությանը (ՀՄՄ-ITU): Այս մասին «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան ասաց ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ղեկավար Գագիկ Գրիգորյանը: «

Հայաստանի Հանրապետության արբանյակային ծրագրերին հնարավոր աջակցություն ցուցաբերելու նպատակով ոլորտի մի շարք միջազգային կազմակերպությունների հետ բանակցություններ սկսելու ուղղությամբ տարվում են նախապատրաստական աշխատանքներ»,-նշեց նա: Գրիգորյանը նշեց, որ ՀՄՄ-ի կողմից ուղեծրային դիրքի իրավունքի գրանցման և հետազոտական աշխատանքների ավարտից հետո միայն հայտնի կլինեն մանրամասնություններ արբանյակի նախագծման և կառուցման, ֆինանսական աղբյուրների, արբանյակի արձակման ժամկետների և կոմերցիոն նպատակների վերաբերյալ: Հայաստանի կողմից սեփական կապի և հեռուստահեռարձակման տիեզերական ապարատի ստեղծման և գեոստացիոնար կապի արբանյակային ուղեծրային դիրքում տեղակայման գործընթացն իրականացնելու նպատակով կառավարությունը հիմնադրել է «Արմկոսմոս» փակ բաժնետիրական ընկերությունը:

Նշվել է, որ Չինաստանի ամենամեծ և ազդեցիկ պետական ընկերություններից մեկը հետաքրքրված է Հայաստանի արբանյակային ծրագրի համաֆինանսավորմամբ:

Հայաստանի արբանյակային ծրագրի իրականացման նախնական արժեքը գնաահատվել է 250 միլիոն ԱՄՆ դոլար, որի մի մասը նախատեսվում է ներգրավել մասնավոր ներդրողներից: Առաջին արբանյակը կկոչվի «Արմսաթ», որի տիեզերք արձակման ժամկետները ճշտվում են, այն կօգտագործվի կոմերցիոն նպատակներով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում