Երգող հոգի, երգող սիրտ…
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նորայր Մնացականյանի արվեստը շատ ինքնատիպ էր՝ նախ իր արտասովոր ձայներանգի, կատարման ոճի, երգացանկի ընտրության իմաստով: Երգեր կան, որոնք, բացի Նորայրից, ոչ ոք չի կատարել, մանավանդ մեր հին քաղաքային երգերը: Ինքնատիպ էր Նորայրը նաեւ մի այլ հանգամանքով. լինելով բանասեր՝ պոեզիային, գրականությանը շատ մոտ կանգնած անձնավորություն, նա երգն ընտրելիս նախ խորամուխ էր լինում երգի խոսքի մեջ, ապա ներդաշնակ զուգահեռ անցկացնում խոսքի եւ մեղեդու միջեւ, եւ երբ դաշինքը կայանում էր, նոր միայն ձեռնամուխ էր լինում երգի կատարմանը: Այսօր մեր անսամբլի ոսկե ձայնադարանում մասունքների պես են պահպանվում Սայաթ-Նովայի, Ջիվանու, Շիրինի, Շերամի, Հավասու, Աշոտի, Դանիլ Ղազարյանի, Ալեքսեյ Հեքիմյանի, Խաչատուր Ներսիսյանի, Արտեմ Մեջինյանի, հիրավի, նորայրական կատարումները: Որտեղ էլ հանդես գար մեր համույթը՝ Հայաստանի քաղաքներում ու շրջաններում, նախկին Խորհրդային Միության հանրապետություններում, թե արտասահմանում, ամենուրեք երաժշտասեր հասարակությունը սիրո ու երախտիքի տուրք էր մատուցում երգչին…»:
Մանվել ԲԵԳԼԱՐՅԱՆ, կոմպոզիտոր, արվեստի վաստակավոր գործիչ
Նրա ծնողները մտածում էին, որ իրենց Նորայր որդին ավելի լուրջ մասնագիտության տեր մարդ կդառնա, մինչդեռ իրենց փոքրիկն ասես ծնվել էր երգը շուրթերին, մուսաների հովանու ներքո: Եվ դա այդպես էր, քանզի երգում էր պատեհ-անպատեհ առիթներով: Երգում էր տանը, երգում էր դպրոցում՝ գրավելով երգից ու ձայնից բան հասկացողների ուշադրությունը: Ուստի պատահական չէր, որ 13 տարեկան հասակում մասնակցելով պատանի կատարողների համամիութենական մրցույթին՝ մեկնում է Մոսկվա եւ Կրեմլի Միությունների տան հանրահայտ Սյունազարդ դահլիճում Սայաթ-Նովայի «Աշխարհումս ախ չիմ քաշի» երգի կատարումով շահում առաջին մրցանակը: Դա պատանի երգչին թեւեր պարգեւող իրողություն էր, սքանչելի մի սկիզբ, որը միտվելու էր դեպի բարձունքներ… Սակայն առջեւում Մեծ հայրենականն էր, որին 1942 թ. Նորայրը մասնակցում է հռչակավոր գեներալ Նվեր Սաֆարյանի հրամանատարությամբ գործող Թամանյան դիվիզիայի կազմում, մասնակցում Հյուսիսային Կովկասի համար մղվող արյունալի մարտերին, ծանր վիրավորվում, հասցվում Բաքու, այնտեղից էլ մի կերպ՝ Երեւան: Հետագայում նա գրելու էր. «Երգելու բնական պահանջն ու անբռնազբոս մղումն ինձ գոյատեւելու կորով տվեցին…»:
Թերեւս, քչերը գիտեն, որ սիրված երգիչն անթաքույց հրապուրանք է ունեցել նաեւ թատրոնի նկատմամբ: Որ բեմական գործունեության արշալույսին իր ղեկավարած թատերախումբը ներկայացումներ է տվել Պատանի հանդիսատեսի թատրոնում: Որ «Գիքորում» գլխավոր հերոսի դերակատարմամբ մկրտվել է որպես տաղանդավոր դերասան: 1944 թ. նա հայտնվում է Օպերային թատրոնի բեմահարթակում: Շատ տարեցներ, թերեւս, այսօր էլ հիշեն նրա զրնգուն ձայնով կերպավորումներից, ինչպես «Քաջ Նազարի» Սաքոյին՝ իր «Մարջան-մարջան» երգով, Ստյոպային՝ «Մորգանի խնամիում», պահակապետին՝ «Աշուղ Մուրադում», Սաքոյին՝ Արտեմի Այվազյանի «Ուշ լինի, նուշ լինի» օպերետում: Այնուհետեւ երգիչ-դերասանը գործունեություն է ծավալում Երաժշտական կոմեդիայի եւ Սունդուկյանի անվան պետական թատրոններում՝ խաղալով հիմնականում մասսայական տեսարաններում: Մեծ պատիվ էր հայտնվել բեմարվեստի հսկաների՝ Վահրամ Փափազյանի, Հրաչյա Ներսիսյանի, Ավետ Ավետիսյանի, Համբարձում Խաչանյանի, Բաբկեն Ներսիսյանի, Մետաքսյա Սիմոնյանի կողքին: Այս բեմերում Նորայր Մնացականյանը մարմնավորել է բազմաթիվ փոքր դերեր, որոնցից հիշատակելի է Սմբատը՝ Արմեն Գուլակյանի «Հացի խնդիր» ներկայացման մեջ: Փորձել է շեքսպիրյան Օթելլոն՝ Վահրամ Փափազյանի հովանավորությամբ, Սայաթ-Նովան՝ համանուն ներկայացումներում: «Նորայր, սիրելի մանչս, այսօրվա Օթելլոյի փորձդ լավագույնս ի մի բերեց մավրի թախիծն ու քարասրտությունը»,- այսպես է գրել Վահրամ Փափազյանը երգչին նվիրած իր լուսանկարի դարձերեսի մակագրությունում: Սա արդեն՝ մեծի գնահատանք…
Երգիչը նաեւ պոեզիայի սիրահար էր ու ասմունքի վարպետ: Անզուգական են եղել նրա ընթերցումները, ինչպես Սայաթ-Նովա, Ավետիք Իսահակյան, Վահան Տերյան, Հովհաննես Շիրազ, Պարույր Սեւակ, արեւմտահայ բանաստեղծների գործեր, այլեւ ռուս եւ արտասահմանյան գրականության կոթողներ՝ հաճախ հայերեն թարգմանությամբ, երբեմն էլ՝ հատվածներ բնագրերով. Դանթե՝ «Նոր կյանք», «Աստվածային կատակերգություն», Պետրարկա, Էդմունդ Սպենսեր, Ջոն Միլտոն, Շեքսպիր՝ «Համլետ», «Լիր արքա», «Օթելլո», «Հուլիոս Կեսար», Շելլի՝ «Ավազակներ», Վիյոն, Բայրոն, Էմերսոն, Իբսեն, Վիլյամս, Բլոկ, Պաստեռնակ, Ախմատովա, Մայակովսկի… Հետեւաբար, բնավ պատահական չէր, որ նա, բացի համերգներից, մասնակցում էր նաեւ մշակութային տարբեր օջախներում տեղի ունեցող ասմունքի երեկոներին եւ զարդարում դրանք: Նա հանդես էր գալիս իր մտերիմ գործընկերների՝ Հրաչյա Ներսիսյանի, Մետաքսյա Սիմոնյանի, Սուսաննա Գաբրիելյանի, Բաբկեն Ներսիսյանի, Ժան Էլոյանի, Խորեն Աբրահամյանի, Մհեր Մկրտչյանի հետ մեկտեղ: Այսուհանդերձ, ինքն իրեն հաճախ «թատրոնի մոլորյալ զավակ» անվանող արվեստագետի կոչումը երգն էր:
1948 թ. Նորայր Մնացականյանը թողնում է թատերական ասպարեզը, ընդունվում ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի ժուռնալիստիկայի վարպետության բաժին, ուսանում Հրաչյա Աճառյանի, Հակոբ Մանանդյանի դասարաններում: Երեք տարում փայլուն գիտելիքներով ավարտելով ուսումնառությունը՝ գրում է մագիստրական գիտական աշխատանք՝ «Սայաթ-Նովայի քնարերգության ընկալումը արդի հայ գրականության մեջ» խորագրով: Ակնարկների գիրք է գրում՝ նվիրված հին երեւանցիներին, նրանց նիստ ու կացին, սովորություններին: Ու թեեւ մասնագիտությունն ընտրված էր, կյանքի ճանապարհը՝ նույնպես, սակայն կատարողական արվեստի նկատմամբ սերն ստիպում է նրան վերադառնալ երգի աշխարհ: Իսկ դրա առիթը դառնում է Թաթուլ Ալթունյանի հրավերը ՀՀ պետական կապելլա՝ երգի-պարի պետական անսամբլ՝ որպես մեներգիչ, որտեղ էին Արաքսյա Գյուլզադյանը, Լուսիկ Քոշյանը, Շողիկ Մկրտչյանը, Վարդուհի Խաչատրյանը: Եվ այս անսամբլում սկսվում է Նորայր Մնացականյանի հաղթարշավը երգարվեստում: Եվ բնավ պատահական չէր այդ հաղթարշավին Վարպետի՝ Ավետիք Իսահակյանի բարձր արձագանքը. «Դու հայոց երկրի թավշե ձայնն ես: Երգիր, տղաս, դուն է՛ն գլխեն պիտի երգեիր: Ախր քո սիրտն է երգում: Երգիր հաստատ իրավունքով մեր զուլալ ակունքներից բխող երգն ու միշտ հարազատ մնա քեզ…»:
Եվ նա երգեց ամբողջ մի կյանք: Իսկ այդ կյանքը թեեւ տեւեց ընդամենը 63 տարի եւ ընդհատվեց 1986-ի գարնանային այս օրը, սակայն նրա երգը ապրել է ու կապրի ժամանակների հոլովույթում: Նրա երգը, որ այնքա՛ն հարազատ է իր ժողովրդի հոգուն ու սրտին…
Հակոբ ՍՐԱՊՅԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում