Սխեման և հավատքը
Նմանատիպ
Մարդկային հարաբերությունների մեջ եղի՛ր թեթև, ամեն բանի նայի՛ր ժպիտով: Ահա, այս սկզբունքներով ենք առաջնորդվում̀ չխորացնելով մեր հարաբերությունները Աստծո, մարդկանց ու կյանքի հետ: Աշխարհի խաղի կանոնների մեջ այս անտարբերությունը, նյութապաշտությունը գերակշռող է: Իսկ հավատքի կյանքը մեզ առաջնորում է՝ բացահայտելու աշխատանքի, ապրելու, պայքարելու, ժպտալու իմաստը: Հավատքի կյանքը սովորեցնում է, որ ազատ ենք: Բայց մենք նախընտրում ենք լինել աշխարհի̀ կյանքը կառավարող մեխանիզմի ստրուկը: Հեղափոխություն պետք չէ անել, սակայն հավատացյալ մարդն իրական հեղափոխական է, ով փոխակերպում է իր կյանքն ու աշխարհը:
Ժամանակակից կյանքում մարդը կորցնում է իր արժեքը թե՛ հասարակության մեջ, թե՛ ինքն իր առաջ: Եթե մարդը չունի հավատք, չունի Աստված̀ ոչինչ է: Այս դեպքում նա դառնում է մեխանիզմ, գործիք: Պատահական չէ, որ այսօր մշակութային, հոգևոր կյանքը փոխարինվում է զվարճանքով: Որի արդյունքում դժվարանում ենք գտնել հետևյալ հարցերի պատասխանները. «ինչո՞ւ հավատամ» «ինչո՞ւ գնամ եկեղեցի», «ինչո՞ւ ապրեմ առաքինությամբ»: Այս հարցերը ոչ թե պատասխաններ չունեն, այլ մե՛նք չենք ուզում տեսնել դրանք, քանի որ նախընտրում ենք դատարկությունը, ոչինչը:
Մյուս կողմից, զոհաբերում ենք մեր ազատությունը̀ մեր կյանքը վերածելով սխեմայի: Օրինակ̀ ցանկանում ենք աղոթել ու ավելի կարևորում ենք հետևյալ հարցերը, թե ինչքան, երբ և ինչպես աղոթեմ: Երբ աղոթքը կառուցում ենք ինչ-որ սխեմայով, կորցնում ենք աղոթքի ոգին: Նույնը հավատքի դեպքում. ավելի շատ հարցնում ենք̀ ի՞նչ է կարելի, ի՞նչ չի կարելի: Իրականում և՛ այս հարցերը, և՛ դրանց պատասխաններն Աստծո հետ ոչ մի կապ չունեն: Հավատքի կյանքը ենթադրում է սեր, ազնվություն, արդարություն, պատասխանատվություն: Սրանք այն արժեքներն են, որոնք ոչ մի սխեմայի մեջ չես ամփոփի: Կամ պահքի ընթացքում մարդիկ մշտապես հարցնում են, թե ինչն է կարելի, ինչը̀ ոչ: Մի՞թե պահքի, հոգևոր կյանքի իմաստը սա է: Հավատքը ճանապարհ է, պայքար̀ հաղթելու մեղքը, ինքդ քեզ: Այստեղ պետք է առաջնորդվենք ոչ թե ինչ-որ օրենքներով ու կանոններով, այլ սիրով, ազատությամբ, պատասխանատվությամբ, քաջությամբ: Կարելին ու չի կարելին նպատակ չեն, այլ̀ գործիքներ, որ կարող ենք օգտագործել, կամ ոչ:
Եսայի քհն. Արթենյան
Աղբյուր՝ Qahana.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում