Ստամբուլում բախումները շարունակվում են
Նմանատիպ
Ստամբուլի Գեզի այգու հետ կապցված Թուրքիայում շարունակվող բողոքի ակցիայի մասնակիցներն այսօր դուրս են եկել Թաքսիմ հրապարակի երթեւեկելի մաս’ դրանով փակելով փողոցային երթեւեկությունը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով թուրքական ԶԼՄ-երը, ոստիկանությունը ցուցարարներից պահանջել է վերադառնալ մայթ, որից հետո ակցիայի մասնակիցների եւ իրավապահների միջեւ բախումներ են տեղի ունեցել:
Զայրացած ցուցարարները սկսել են աղմուկ հանող նռնակներ նետել ոստիկանների ուղղությամբ, որից հետո ոստիկանները ձերբակալել են նրանցից մի քանիսին:
Թուրքական ԶԼՄ-երը նշում են, որ ցուցարարները ագրեսիվ են եղել ինչպես ոստիկանների, այնպես էլ անցորդների, եւ անգամ մոտով անցնող ավտոմեքենաների նկատմամբ:
Մայիսի վերջից մինչ այժմ Թուրքիայում շարունակվող բողոքի ցույցերի պատճառը կառավարության որոշումն է’ առեւտրի եւ զվարճանքի կենտրոն կառուցելու նպատակով Ստամբուլի Թաքսիմ հրապարակին կից պատմական Գեզի զբոսայգու ծառերը հատելու վերաբերյալ: Բնապահպանական նկատառումներով սկսված բողոքի ալիքը Թուրքիայում վերաճել է հակակառավարական զանգվածային ցույցերի, որոնց մասնակիցները դժգոհում են թուրքական կառավարության վարած ներքին եւ արտաքին քաղաքականությունից: Ոստիկանությունը բռնաճնշումներ է կիրառել խաղաղ ցուցարարների նկատմամբ’ օգտագործելով արցու նքաբեր գազ, ջրաշիթեր եւ պլաստիկ փամփուշտներ: Թուրքիայի մեծ քաղաքներում շարունակվող ցույցերի մասնակիցների եւ ոստիկանության միջեւ բախումներում 5 մարդ զոհվել, ավելի քան 7 հազար 500-ը’ վիրավորվել, հարյուրավոր մարդիկ էլ ձերբակալվել են:
Հետևեք մեզ նաև Telegram-ում