«Այս կյանքում այսքանը…». անցկացվեց պատերազմում զոհված Գագիկ Խաչատուրյանի հիշատակին նվիրված համերգ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Ակադեմիական երգեցողության բաժնի ուսանող, Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Գագիկ Խաչատուրյանի հարազատները, ընկերները, դասախոսներն ու մտերիմները նրա հիշատակը հարգեցին Գագիկին նվիրված համերգային ծրագրով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Այս կյանքում այսքանը…» խորագրով երեկոն տեղի ունեցավ մարտի 29-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում: Համերգին ելույթ ունեցան Կոմիտասի անվան Երևանի պետական կոնսերվատորիայի դոցենտ Առնոլդ Քոչարյանի դասարանի շրջանավարտները, Գագիկի ընկերները։ Հնչեցին հայ և արտասահմանցի կոմպոզիտորների ստեղծագործություններ:
Գագիկի մտերիմ ընկեր Տիգրան Քախվեջյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ Գագիկի հետ ծանոթացել է 2013 թվականին «Հայաստանի ձայնը» երաժշտական նախագծի շրջանակում: «Նա ընկերասեր էր, անմիջական, միշտ ցանկանում էի ինչ-որ լավ բան անել մարդկանց համար, օգնել, նվիրված էր: Նա շատ մեծ միջավայր ուներ. մտերիմ էր ինչպես երգիչների, երաժիշտների, այնպես էլ նկարիչների և այլ մասնագիտություն ունեցող անձանց հետ»,-պատմում է Տիգրանը:
Նրա խոսքով՝ Գագիկը շատ էր ցանկանում մեծ երաժիշտ դառնալ: Այդ նպատակով Գագիկը մասնակցել է մի շարք երաժշտական մրցույթների, նախագծերի, բայց մեծ հաջողությունների չի հասել, այնինչ կոնսերվատորիայի օպերային ստուդիայում նկատվել է, սիրվել: «Երբ ավարտեցինք չորրորդ կուրսը, և Գագիկը պատրաստվում էր նաև մագիստրատուրա ընդունվել, զորակոչվեց բանակ: Պատերազմի ընթացքում նրա հետ չեմ խոսել: Սեպտեմբերի 27-ի առավոտյան նրան հաղորդագրություն գրեցի, որն անպատասխան մնաց: Շատ էր ցանկանում որպես երգիչ ընդգրկվել Ստեփանակերտի երգչախմբում: Այն երգիչները, որոնք ծառայության էին անցնում Արցախում, կարող էին քննություն հանձնել և ընդգրկվել Ստեփանակերտի երգչախմբում: Նրա հետ մեկնած բոլոր երգիչները հաջողեցին, իսկ Գագիկը՝ ոչ: Նրան ուղարկեցին Ջրական (Ջաբրայիլ): Գագիկը շատ ընկճված էր, բայց հետո հարմարվեց: Կրտսեր սերժանտ էր: Երբ հնարավորություն ունեցավ տեղափոխվել Ստեփանակերտ, չցանկացավ՝ նշելով, որ արդեն հարմարվել է տեղին, ընկերներ ձեռք բերել»,-հիշում է Տիգրանը:
Նա պատմում է, որ Գագիկի ծննդյան օրը կեսգիշերին ընկերներով տորթ են պատվիրել և այցելել Գագիկենց բնակարան: Դուռը բացել է նրա հայրը՝ ասելով, որ որդին տանը չէ: «Վստահ եմ, որ Գագիկը գիտեր՝ այցելելու ենք իրեն, բայց քանի որ համոզված էր, որ կսպասենք մինչև գա, որոշել էր ավարտել բոլոր գործերը, նոր վերադառնալ տուն: Մի անգամ էլ շատ լավ անակնկալ մատուցեց մեզ: Մեր ընկերներից մեկի քրոջ ծննդյան օրն առանց զգուշացնելու բանակից եկավ, իսկ ավելի ուշ ծաղիկներ գնեց մոր համար ու գնաց տուն»,-վերհիշում է Տիգրանը:
Նա խոստովանում է, որ ծանր ժամանակներ են, բայց պարտավոր են հիշել, գնահատել և համերգով հարգել Գագիկ Խաչատուրյանի հիշատակը:
Գագիկ Խաչատուրյանը սովորել էր Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Ակադեմիական երգեցողության բաժնում (սկզբում՝ պրոֆեսոր Սվետլանա Կոլոսարյանի, այնուհետև՝ դոցենտ Առնոլդ Քոչարյանի դասարանում):
Զորակոչվելուց առաջ Գագիկը ընդունվել էր ԵՊԿ մագիստրատուրայի վոկալ-տեսական ֆակուլտետի ակադեմիական երգեցողության բաժին։ 2019 թվականին պարտադիր զինվորական ծառայության էր զորակոչվել Արցախ, ծառայում էր Մեխակավանում։ Նրա աճյունը գտնվեց պատերազմից միայն 5 ամիս անց։
Անժելա Համբարձումյան
Հետևեք մեզ նաև Telegram-ում