Սգավոր արագիլը

Սգավոր արագիլը

Մեր պարտեզի բարձր բարդիի վրա, ուր ծառը երեք մեծ ճյուղերի էր բաժանվում, երկու արագիլ, այր ու կին, իրենց բույնն էին հյուսել` մի ամուր և մեծ բույն. այնպես որ արագիլները իրենց ձագուկներով հանգիստ տեղավորվում էին այնտեղ:
Ամեն գարուն, ձնծաղիկների երևալուն պես գալիս էին արագիլները, այր ու կին. հսկա թևերը գյուղի վրա ծափ տալով և ուրախ-ուրախ լա՛կ-լա՛կ անելով, գալիս հանգչում էին իրենց վաղեմի բույնի վրա:
Մի քիչ հանգստանալուց հետո սկսում էին աշխատել. թռչում էին, շյուղ, տաշեղ, փետուր գտնում-բերում ու բույնը կարկատում:
Անցնում էր մի ժամանակ, ու մի օր էլ մենք տեսնում էինք արագիլների ամեն մի շարժումը. մեկ տեսնում էինք, թե ինչպես ծնողները փոխնիփոխ դաշտն էին գնում, սնունդ ճարում ու բերում կերակրում ձագերին, մեկ տեսնում էինք, թե ինչպես հայրն ու մայրը ձագերին թևերի վրա առած թռչել էին սովորեցնում, ճիշտ այն կերպ, ինչ կերպ մեր մեծերը մեզ լող էին սորվեցնում գետի խորին տեղերում:
Մի տարի մեծ դժբախտություն պատահեց: Հայր-արագիլը կանգնել էր բույնի եզրին, հսկում էր նորածին ձագերին, իսկ մայր-արագիլը գնացել էր ճահիճը կերակրվելու կամ կեր բերելու:
Քաղաքից որսորդներ էին եկել. այդ անգութները կրակեցին հրացանները և սպանեցին խեղճ մորը:
Օրն եկավ, ճաշ դարձավ. մայրը չեկավ. սպասեց հայր-արագիլը, սպասեց, նորից չեկավ: Երեկոյան մոտ թռավ ճահիճը փնտրելու մայր-արագիլին:
Տեսնելու բան էր, թե ինչպե՜ս խեղճը թևակոտոր ընկավ կնոջ դիակի վրա, լալագին ձայնով լա՛կ-լա՛կ արեց, վեր ու վար թռավ, թևերով երբեմն իրեն գլխին էր խփում, երբեմն` չոր գետնին… Մութը որ իջավ` թևերը քարշ տալով հասավ բույնը, որբ ձագերին ծվարեց թևերի տակ և լռեց:
Այնուհետև մենք էլ չէինք լսում նրա ձայնը:
Առավոտ վաղ թռչում էր բույնին մոտիկ դաշտերը, գետափերը, աչքը միշտ պահելով բույնի վրա. պարեն էր հավաքում, բերում ձագերին տալիս:
Ձագերը երբ թևավորվեցին, հայրը զատ-զատ վեր էր առնում նրանց և թռչել էր սովորեցնում: Ձագերը թռչում էին գնում դաշտը և ապա ուրախ-ուրախ դառնում բույնը, տխուր հոր շուրջը ծափ տալիս, նրան ուրախացնում:
Եկավ աշունը, և նրանք միասին թռան գնացին:
Հաջորդ գարնանը մեր արագիլը դարձավ եկավ մեն-մենակ:
Բույնը դիտելուց հետո գնաց կանգնեց ճահիճը, կանգնեց կնոջ զարկված տեղի վրա, կանգնեց, կանգնեց և նորից եկավ բույնը:
Եվ ամեն օր գնում էր նա այնտեղ. մի ոտքի վրա ժամերով տխուր կանգնում` վիզը ծռած, գլուխը թևերի տակ:
Տեսնում էինք հաճախ, թե ինչպե՜ս մի արագիլ, մի անծանոթ նորը, մոտենում էր նրա բույնին, նրա հետ լա՛կ-լակո՛վ խոսում ու դժկամ հեռանում:
Երբեմն էլ այդ եկվոր արագիլները փորձում էին նստել բույնի մեջ, նրա կողքին, կտուցները քնքշորեն քսում էին նրա պարանոցով, փետուրների մեջ, բայց նա մերժում էր և ուժով բույնից հեռացնում նրանց:
Մի անգամ, մի արագիլ ուղիղ երեք օր դարբաս արեց մեր արագիլին. քանի մեր արագիլը վանում էր նրան, սա նույնքան համառությամբ գալիս էր նորից թևերը փռում մերինի վրա, գլուխը թաքցնում մերինի թևերի տակ, բայց մեր արագիլի սիրտը կոտրած էր, նոր սեր չէր ուզում:
Լուսնկա գիշերին հաճախ տեսնում էինք նրան` մենակ թափառելիս դաշտերում ու լսում էինք նրա տխուր լա՛կ-լա՛կը:
Այսպե՜ս, երեք թե չորս տարի ապրեց նա տխուր ու սգվոր, ապրեց մենակ ու կատարյալ այրի:
Ամեն գարնան գալիս էր ու ամեն աշնան գնում. մի աշնան էլ գնաց, և գարունը բացվեց, չերևաց. սպասեցինք, սպասեցինք – չեկա՛վ ու չեկա՛վ:
Բույնը մնաց-մնաց, ինքնիրեն քանդվեց:

1912թ.
Կ.Պոլիս

Ավետիք ԻՍԱՀԱԿՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում