Դուք Ձեզ կողքից նայե՞լ եք, ձեռքս թող. Դատարանում կրքերը խիստ լարվեցին

Դուք Ձեզ կողքից նայե՞լ եք, ձեռքս թող. Դատարանում կրքերը խիստ լարվեցին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում մեկնարկել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։

Նիստին մեղադրող կոմղը չի ներկայացել, քանի որ ծավալուն միջնորդություն է պատրաստում՝ կապված ՍԴ-ի որոշման հետ:

Դատախազները խնդրել են հետաձգել դատական նիստը, ինչը պաշտպանական կողմի սրտով չէ: Պաշտպանները պնդում են, որ պետք է անհապաղ դադարեցնել քրեական հետապնդումը, կարճել գործը, քանի որ ՍԴ-ի որոշումով ամեն ինչ արդեն ասված է:

Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը հատարարեց, որ ՍԴ որոշումից հետո այլևս գոյություն չունի 300.1 հոդվածը։ Նա ասաց, որ միջնորդել են քրեական հետապնդումը դադարեցնել Քոչարյանի նկատմամբ, խափանման միջոցը փոփոխվի ու քրեական հետապնդում իրականացնող մարմիններին դատարանը պարտավորեցնի ներողություն խնդրել Քոչարյանից։

Դիմելով դատավոր Աննա Դանիբեկյանին՝ նա ասաց, որ պետք է քրեական հետապնդումը արդեն դադարեցրած լիներ Քոչարյանի նկատմամբ․ «Ուզում եք ասեմ, որ Դուք արդեն հանցագործությա՞ն եք մոտենում։ Դուք պատկերացնում եք դրա տակից կարո՞ղ եք դուրս գալ»,-ասաց Ալումյանն Աննա Դանիբեկյանին։

Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանն իր հերթին հայտարարեց, որ ՍԴ-ի որոշումն ամենաշատն ուրախացրել է հենց դատավոր Աննա Դանիբեկյանին. «Դուք չափազանց ուրախ եք եղել, որ նման որոշում է կայացվել»:

Երբ դատավոր Դանիբեկյանը հայտարարեց, որ պաշտպանը հարցից շեղվում է, Պողոսյանն ասաց՝ հարգելի դատարան, Դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչ եք անում, Դուք ձեզ կողքից տեսե՞լ եք, Դուք ծաղրի եք ենթարկում իրավական պետությունը, Դուք ձեզ հայելու մեջ նայելիս դատարան տեսե՞լ եք»:

Այդ պահին կարգադրիչներից մեկը մոտեցավ, որպեսզի բարձրախոսը վերցնի պաշտպանի ձեռքից, նա հորդորեց ձեռքը բաց թողնել, կրքերը թեժացան, ի վերջո պաշտպանը բաց թողեց բարձրախոսը, սակայն Պողոսյանը հասցրեց ասել, որ պետք է անհապաղ դադարեցվի ապօրինի քրեական հետապնդումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում