«Տարկովսկու օր» միջոցառմանը կներկայացվի Ստանիսլավ Լեմի «Սոլարիս» վեպը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռեժիսոր, սցենարիստ Անդրեյ Տարկովսկու ծննդյան օրը՝ ապրիլի 4-ին «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնում կանցկացվի «Տարկովսկու օր» (Tarkovsky Day) միջոցառումը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ իրադարձության շրջանակում կներկայացվի Անդրեյ Տարկովսկուն նվիրված դասախոսություն, որը կվարի կինոգետ, ռադիոհաղորդավար, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանը:
Թարգմանիչ, կինոգետ Զավեն Բոյաջյանը կներկայացնի դասախոսություն Ստանիսլավ Լեմի «Սոլարիս» վեպի մասին, որի հիման վրա Անդրեյ Տարկովսկին նկարահանել է համանուն ֆիլմը:
Երեկոյին կկայանա նաև գրքի շնորհանդեսը, որը վերջերս «Բաբելոնյան գրադարան» մատենաշարով լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը: Լեհերենից թարգմանությունը` Մ. Գրոխոլսկայի և Վ. Վասիլյանի:
Լեհ գրող Ստանիսլավ Լեմի «Սոլարիս» վեպը համաշխարհային գիտաֆանտաստիկայի գլուխգործոցներից է, որտեղ հեղինակը կանխագուշակել է մեր քաղաքակրթության գլխավոր խնդիրը՝ գիտական և տեխնիկական մեծ առաջընթացի և մարդու հոգևոր-բարոյական անկման խոր հակասությունը՝ իր բոլոր աղետալի հետևանքներով: «Սոլարիս» վեպն ունեցել է ամենաուժեղ ուղղակի կամ անուղղակի ազդեցությունը 20-րդ դարի համաշխարհային գիտական ֆանտաստիկայի վրա»,- ասել է գրող, սցենարիստ Բորիս Ստրուգացկին:
Միջոցառմանը կներկայացվեն նաև արտ ինստալացիաներ, Տարկովսկու ֆիլմերի պաստառների ցուցահանդես, ինչպես նաև կցուցադրվի Անդրեյ Տարկովսկու «Հայելի» ֆիլմը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում