Ավագ Երեքշաբթի, Տասը կույսերի հիշատակության օր
Նմանատիպ
Ավագ Երեքշաբթին, պատկերն է արարչության երրորդ օրվա, երբ Աստված երկրի վրա դալար բույսեր և պտղատու ծառեր աճեցրեց: Այս օրը նաև երրորդ ժամանակաշրջանի խորհուրդն ունի, երբ ջրհեղեղը ողողեց ամբողջ աշխարհը, և Աստված մարդկանց լեզուները խառնելով՝ նրանց տարածեց աշխարհով մեկ (Ծննդոց 7:11):
Ավագ Երեքշաբթի օրը մարդկության Արարիչը, մարդու կերպարանքով զգեստավորված, նստեց Ձիթենյաց լեռան վրա, որն օրինակն է վերին արքայության, և Իր աշակերտներին պատմեց Իր չարչարանքների, տաճարի ավերման, աշխարհի վախճանի, նեռի գալստյան, գործվելիք պղծությունների և Իր երկրորդ՝ հրաշափառ գալստյան մասին: Վերջում այս ամենն ամփոփեց «Տասը կույսերի» առակով (Մատթեոս 25:1-13), այդ պատճառով էլ առակը Ավագ Երեքշաբթի օրվա հիշատակությանն է նվիրված:
Առակում պատմվում է, որ տասը կույսեր իրենց լապտերներն առած փեսային և հարսին դիմավորելու ելան: Այս կուսերից հինգը հիմար էին, հինգը՝ իմաստուն: Հիմարներն իրենց հետ լապտերներ վերցրին, իսկ իմաստունները՝ թե՛ լապտերներ և թե՛ ամանով ձեթ: Երբ փեսան ուշացավ, տասն էլ քուն մտան: Կեսգիշերին ձայն հնչեց, թե՝ ահա փեսան գալիս է, նրան դիմավորելու ելե՛ք: Այն ժամանակ բոլոր կույսերը արթնացան և իրենց լապտերները կարգի բերեցին: Հիմարներն իմաստուններին ասացին. «Ձեր այդ յուղից տվե՛ք մեզ, որովհետև ահա մեր լապտերները հանգչում են»: Իմաստունները պատասխանեցին. «Գուցե թե՛ մեզ և ձեզ չբականացնի, ուստի գնացե՛ք վաճառողների մոտ և ձեզ համար գնեցե՛ք»: Երբ փեսան եկավ, իմաստուն կույսերի հետ հարսանյաց սրահ մտավ, իսկ հիմար կույսերը, որ գնացել էին իրենց լապտերների համար ձեթ առնելու՝ վերադառնալով հայտնվեցին փակ դռների առջև:
Այս առակի մեկնության մեջ ասվում է, որ փեսան Քրիստոսն է, իսկ հարսանյաց սրահը՝ Երկնային Արքայությունը, քանի որ այնտեղ շարունակ անտրտում ուրախություն է: Հիմար կույսերը նրանք են, ովքեր առաքինությունը չզուգակցեցին ողորմածության հետ և ոչ էլ հավատը՝ բարի գործերի: Ինչպես Սբ. Հովհան Ոսկեբերանն է գրում. «Հիմարները միայն առաքինությունը սիրեցին և մարդասիրությունը մի կողմ թողեցին, զգաստությունը սիրեցին և օտարին սիրելը մոռացան: Մինչդեռ իմաստուն էին այն հինգ կույսերը, ովքեր ունկնդրեցին կարոտյալներին, ովքեր իրենց ընկերների կարիքը իրենցը համարեցին, ովքեր արտասվեցին ուրիշների թշվառության համար, ովքեր օտարներին օթևան տվեցին իրենց հարկերում և ովքեր կարեկցության սպունգով ջնջեցին այրիների արտասուքը: Փեսայի գիշերով գալը խորհրդանշում է, որ ինչպես Քրիստոսի Սուրբ Ծնունդը և հրաշափառ Հարությունը, այնպես էլ Երկրորդ գալուստն է գիշերը լինելու: Հովհան Մայրավանեցին վառվող լապտերի խորհրդի մասին գրում է, որ իմաստուն կույսերի լապտերների մշտենջենավոր լույսը արդարների պայծառությունն է խորհրդանշում: Շարունակելով այս միտքը՝ Սբ. Հովհան Օձնեցի հայրապետը նշում է, որ վառվող լապտերները իմաստուն կույսերի լուսավոր վարքը և ողորմածությունն են ցույց տալիս, ամանով ձեթը կատարված բարի գործերն են, ուստի ամանները ձեթ լցնելը նշանակում է բարի գործեր կատարել: Աղքատներին տրված օգնությունը ձեթի նման հալվեց, լցվեց իմաստուն կույսերի ամանները, իսկ հիմար կույսերը քանի որ բարի գործեր չէին կատարել, ձեթով լի ամաններ չունեցան և Երկնքի Արքայությանը չարժանացան»:
Սբ. Հովհան Ոսկեբերանը գրում է. «Լեզվի կնիքը ձեռքն է, այսինքն՝ ինչ որ ասվում է խոսքով, պետք է հավաստվի գրով, բարեգործությամբ, որը որպես ձեթ վառվում է Երկնային Արքայություն առաջնորդող լապտերում»:
Ավագ Երեքշաբթին մի ներքին ընդհանրությամբ կապված է նախորդ օրվա հետ. ակնարկում է, որ մեր առաքինի գործերի պտուղներով հոգեպես պետք է պատրաստ լինենք Քրիստոսի երկրորդ գալստյանը, այլապես կչորանանք թզենու և Երկնքի Արքայությունից դուրս կմնանք հինգ հիմար կույսերի նման:
Օրը մարդկանց պատրաստ գտնվելու հրավեր է տալիս, պատրաստ՝ իրենց հավատով, խոհերով ու գործերով, հակառակ դեպքում կհայտնվեն Երկնքի Արքայության փակ դռների առջև և կլսեն Աստծո մերժումը. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզ չեմ ճանաչում» (Մատթեոս 25:12): Այդ իսկ պատճառով Տերը նաև պատգամում է. «Արթո՛ւն կացեք, որովհետև չգիտեք Մարդու Որդու գալստյան ո՛չ օրը և ո՛չ ժամը» (Մատթեոս 25:13):
Հայ եկեղեցու Ավագ Երեքշաբթիի ծիսական արարողությունների շարքից է տասը կույսերին խորհրդանշող տասը մանուկների՝ Ավետարանի ընթերցմամբ Սբ. խորանի առջև կանգնելու սովորույթը՝ հինգ վառվող և հինգ հանգած մոմերով:
Կազմեց Կարինե Սուգիկյանը
Աղբյուր՝ Surbzoravor.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում