Նոր հրատարակություն
Նմանատիպ
2010 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի վտանգված լեզուների ատլասի» դասակարգմամբ` արևմտահայերենը համարվում է Թուրքիայի տարածքում վերացման վտանգի տակ գտնվող լեզուներից մեկը։ Այս ցավալի փաստը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ուշադրության կենտրոնում է, ուստի Եկեղեցին իր հոգևոր-կրթական գործունեությամբ հնարավորինս նպաստում է, որպեսզի թե՛ Հայաստանում թե՛ Սփյուռքում ապրող մեր հայրենակիցների գիտակցության մեջ շարունակվի պահպանվել արևմտահայերենը, որը հատկապես Սփյուռքում հայապահպանության կարևորագույն երաշխիք է։
Հաշվի առնելով այս հանգամանքը` Մայր Աթոռի հրատարակչությունը ձեռնարկել է «Կոնդակներու, քարոզներու, խօսքերու եւ խոհերու ընտրանի» խորագրով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի զանազան գրությունների արևմտահայերեն փոխադրությամբ ժողովածուն։ Ներառված նյութերը քաղված են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինի պաշտոնաթերթի՝ «Քրիստոնյա Հայաստան»-ի, «Էջմիածին» ամսագրի էջերից՝ ընդգրկելով Վեհափառ Հայրապետի գահակալությունից մինչեւ 2019թ․ դեկտեմբերն ընկած ժամանակահատվածը:
Ընթերցողի ուշադրությանն է ներկայացվում զանազան համազգային և հոբելյանական բնույթի կոնդակներ, Ս. Ծննդյան և Ս. Հարության քարոզներ, դասախոսություններ, մտածումներ ու խոհեր, որոնք առնչվում են հոգևոր արժեքներին և անդրադառնում մեր իրականությանը հուզող բազմաթիվ հարցերի: Վեհափառ Հայրապետի խոսքերի այս ծաղկաքաղը, որն առաջին անգամ հրատարակվում է արևմտահայերենով, նպատակ ունի այսպիսով խթանել արևմտահայերենի տարածմանը և՛ Հայաստանում և՛ Հայաստանից դուրս՝ հասանելի դարձնելով Հայոց Հայրապետի խոսքը նաև Սփյուռքում ապրող մեր հայորդիներին:
Ժողովածուն նախատեսված է ընթերցողների լայն շրջանակի, հատկապես` 21-րդ դարի առաջին երկու տասնամյակի Հայ Եկեղեցու պատմությամբ զբաղվող մասնագետների համար։
Ժողովածուն կազմել և արևմտահայերենի է վերածել Վարանդ Քորթմոսյանը՝ Անի Ֆիշենկճյանի լեզվաոճական խմբագրությամբ։
Հրատարակությունն իրականացվել է «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ։
Հրատարակությունը նվիրված է Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 20 և ծննդյան 70 ամյակներին։
Աղբյուր՝ Ter-hambardzum.net
Հետևեք մեզ նաև Telegram-ում