Անձրևների միանվագ երաժշտություն…
Նմանատիպ
Անձրևների միանվագ երաժշտություն,
Կախված երկինք՝ գորշ ու մռայլ,
Ձիգ ձանձրույթի անհամրելի առատություն,
Կաթկթոցի նման տաղտուկ բառեր շռայլ։
Թաց հոգուս մեջ սիրտն իմ, նման ջրահեղձի,
Զուր փորձում է անհույս ճիգով լողալ վերև։-
Ո՞վ պիտի տաք իր նշտարով պահն այս հերձի,
Որ բորբոսնած, մգլած սրտիս ժանգը քերե։
Այս ողբասաց, լալկան օրվա վերջը չկա,
Չկան ժամեր, չկա շաբաթ ու կիրակի։-
Ես որտեղի՞ց, ի՞նչ մոգությամբ այստեղ ընկա՝
Անխախտ կամքով մի անողոք հրեշտակի։
Եվ փորձում եմ ջրով ծծված մաշկս քամել,
Բայց բռնում եմ միայն ստվերս լպրծուն,
Որ կիսանդրիս ունայնության պահին գամել
Ու ինքնության իմ սահմանն է շրջագծում։
Ես ձեռքերս թիերի պես վերուվարում,
Զուր փորձում եմ անցնել սահմանը անձուկի,
Գիտեմ՝ այնտեղ, այլ գոյության անդրաշխարհում
Սպասում է մեկը սուզվող իմ մակույկին…
Իսկ ստվերս, որ երբեք չի հակաճառում,
Թի-ձեռքերս դարձնում է թռչնի թևեր,
Բայց ինչ-որ բան նրան թռչել է խանգարում՝
Ակնարկելով, որ թռիչքը միայն ձև է։
Ես հուսահատ, ինչպես որդին Դեդալոսի,
Շրմփում եմ նորից թախծի ջրափոսում
Եվ մաս առ մաս, անէ, անձև ու մեկուսի,
Կավս խառնած ցեխաջրին՝ ցած եմ հոսում…