Մատնության թեման պատկերների խորհրդաբանությունում

Մատնության թեման պատկերների խորհրդաբանությունում

Հայկական մանրանկարչությունում մատնության հնագույն պատկերը գտնում ենք Վազգեն Վեհափառի Երևանի Մատենադարանին նվիրած և Վազգեն Վեհափառի Ավետարան անվանվող 10-րդ դարի առաջին կեսին գրված № 10780 ձեռագրում:

Խորհրդավոր ընթրիքից և Ոտնլվայից հետո Հիսուս աշակերտների հետ իջնում է Գեթսեմանի և նրանց դիմելով՝ ասում. «Նստեք այստեղ, մինչև որ գնամ աղոթեմ» (Մատթ. 26:36): Աղոթքին հաջորդում է մատնությունը: Մատթեոս, Մարկոս և Ղուկաս ավետարանիչները գրում են, որ Հուդան, առաջնորդելով սրերով և ջահերով եկող զինվորներին ու ամբոխին, ասում է. «Ում հետ ես համբուրվեմ, նա է, նրան կբռնեք»: Քանի որ Հիսուսին եկել էին ձերբակալելու գիշերը, մթության մեջ, ուստի մատնության համար անհրաժեշտ էր նշան և Հուդան որպես մատնության նշան ընտրեց սիրո և հավատարմության նշանը: Ըստ Մատթեոս ավետարանչի՝ Հուդայի հետ էր սրերով և մահակներով զինված մի մեծ ամբոխ՝ ուղարկված ավագ քահանաների և ժողովրդի երեցների կողմից (Մատթ. 26:47): Հովհաննես ավետարանիչը գրում է, որ խումբը կազմված էր զինվորների գնդից և ավագ քահանաների ու փարիսեցիների կողմից ուղարկված սպասավորներից, որոնք զինված էին և ջահեր ու լապտերներ ունեին (Հովհ. 18:3):

Մանրանկարներում Հիսուսի և Հուդայի գլխավերևում վառվող ջահեր են նկարված, որպեսզի մթության մեջ այդ լույսով երևա, թե ում է համբուրում Հուդան և ցույց տրվի, որ մատնությունը մթության քողի ներքո է ծավալվում: Մատնության պատկերների կենտրոնում Հիսուս և Նրան համբուրող Հուդան է՝ զինվորներով և ամբոխով շրջապատված: Նկարի աջ կամ ձախ կողմում քահանայապետի Մաղքոս ծառայի ականջը սրով կտրող Պետրոս առաքյալն է: Ավետարանիչները գրում են, որ Հուդայի համբուրելուց հետո նրա հետ եկածները, մոտենալով Հիսուսին, իրենց ձեռքը դրեցին նրա վրա և բռնեցին: Մատնության պատկերներում գրեթե բառացիորեն է պատկերված այս պահը, ուր կամ նրանք են իրենց ձեռքերը դրել Հիսուսի վրա, և կամ էլ բռնել են Հիսուսի ձեռքերը: Սկսած Խորհրդավոր ընթրիքից և Ոտնլվայից Հուդան պատկերվում է խեղված, կիսադեմով, մարդկային աղճատված դեմքով, գլխի անբնական գծագրումով, հաճախ առանց լուսապսակի կամ կես լուսապսակով: Ուշագրավ է, սակայն, որ մինչ Խորհրդավոր ընթրիքը և Ոտնլվան որոշ մանրանկարներում, օրինակ «Ղազարոսի հարությունը» մանրանկարում ևս Հուդան պատկերված է կիսադեմ և գնում է Քրիստոսի առջևից: Իսկ Թորոս Տարոնացու «Մուտք Երուսաղեմ» մանրանկարում նկարիչը հատուկ ընդգծել է Հուդային՝ որպես ապագա ողբերգության կրողի:

Հուդան խորհրդանշում է այս աշխարհի մեղքի ու մահվան գաղափարը: Նա երբեմն պատկերվում է իր կատարած մատնության վարձի քսակը ձեռքին: Կիսադեմով են պատկերվում և նրանք, ովքեր եկել էին տանելու Հիսուսին: Մատնությունից մինչ խաչելությունը ներկայացնող պատկերաշարում ևս այսպես են պատկերվում Հիսուսին անարգողները: Նրանց կիսադեմ պատկերելը հոգևոր գեղագիտական խորհուրդ ունի: Մանրանկարիչները չեն ցանկացել, որ ընթերցողի հայացքը հանդիպի մատնիչի և խաչ հանողների հայացքին: Հիսուսի դեմքը, սակայն, պատկերվում է դիմացից՝ հակադրվելով Հուդայի աղճատված կիսադեմին: Հիսուս պատկերվում է ուղիղ և բարձրահասակ, իսկ Հուդան՝ կարճահասակ, Հիսուս՝ լուսավոր և բաց ճակատով, Հուդան՝ նեղ ճակատ, Հիսուս հանդարտ և անխռով հայացքով նայում է շփոթահար, վախվորած աչքերով, հայացքը փախցնող Հուդային:

Միջնադարյան պատկերագրությունում Հուդային և Հիսուսին խաչ հանողների կիսադեմ աղճատվածության մեջ հատկապես անբնական են պատկերվում նրանց ականջները և կամ էլ նրանք ներկայացվում են գրեթե առանց ականջների, որն ունի իր այլաբանական խորհուրդը: Միջնադարում հմայիչ ձայնով և երաժշտությամբ օձերին հնազանդեցնողները կոչվում էին օձահմաներ: Հին արևելյան հավատալիքներով իժերը այնպես են խցում, փակում իրենց ականջները, որ չեն լսում հմայիչ այդ ձայները: Հուդան համեմատվում է իժի հետ, որը չարությամբ խցեց իր ականջները Հիսուսի փրկչական խոսքերի առջև ու մատնեց իր Ուսուցչին: Ահա այս պատճառով Հուդան և խաչ հանողները պատկերվում են իժանման, գրեթե չերևացող ականջներով: Հին արևելքում, սակայն, ականջը մեկ այլ խորհուրդ էլ ուներ: Ավետարանիչները գրում են, որ երբ Հուդայի առաջնորդած բազմությունը գալիս է ձերբակալելու Հիսուսին, Պետրոս առաքյալը հանում է սուրը և կտրում քահանայապետի Մաղքոս ծառայի ականջը: Մեկնիչները այլաբանական խորհուրդ են հաղորդում՝ համաձայն մովսիսական օրենքի հետևյալ պատվերի. «Եթե ծառան չի ցանկանում ազատություն, ապա պետք է ծակել նրա ականջը և նա հավիտյան ստրուկ կմնա» (Ելք 21:5-6): Հիսուս եկավ մարդկությանը ազատելու մեղքի ծառայությունից, սակայն այս ծառան և նրա հետ եկածները հրաժարվեցին Տիրոջ կողմից պարգևող ազատությունից, որի համար էլ Պետրոսը կտրում է Մաղքոսի ականջը: Հիսուս, սակայն, սաստելով Պետրոսին, բժշկում է Մաղքոսի ականջը, ինչը խորհրդանշում է, որ Փրկիչը չցանկացավ մեղավորներին թողնել մեղքի հավիտենական ծառայության ներքո:

Մանրանկարիչ Վարդան Արծկեցու «Մատնություն» տեսարանը ռիթմիկ դասավորության և աշխույժ շարժուձևերի շնորհիվ վեր է ածվել փոթորկոտ մի իրադարձության: Հորինվածքները պատկերելիս նկարիչը հատուկ վերաբերմունք է դրսևորել գլխավոր կերպարների նկատմամբ: «Մատնություն» նկարում երկրորդ պլանի վրա գտնվող զինվորների շարժումն ու դասավորությունը գալով կենտրոն ավարտվում է խոշոր համաչափություններով պատկերված Հիսուսի և մատնիչի կերպարներով: Զինվորների միօրինակ կիսադեմքերի ընդհանուր ֆոնի վրա հատկանշվում է Հիսուսի կերպարը՝ թախծոտ ու բարի արտահայտությամբ: Մինչդեռ Հուդայի բութ կիսադեմքը խորհրդանշում է չարիք ու դավաճանություն: Հուդայից աջ, սպիտակ փակեղը գլխին, ձեռքերը վեր պարզած կանգնել է քահանայապետը: Երեք կերպարների միջոցով բացահայտվում է թեմայի գաղափարական-հոգեբանական իմաստը: Մյուս կերպարները օժանդակողի, լրացնողի դեր են կատարում:

Կազմեց Գայանե Սուգիկյանը

Աղբյուր՝ Surbzoravor.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում