Վահագն Պապյանը վարպետության դաս անցկացրեց «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուի համար
Նմանատիպ
«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը, ըստ ավանդույթի, շարունակում է իր կրթաթոշակառուների համար անցկացնել վարպետության դասեր: Դիրիժոր, դաշնակահար, Աշկելոնի սիմֆոնիկ նվագախմբի ղեկավար, Թել Ավիվի երաժշտական համալսարանի պրոֆեսոր Վահագն Պապյանը, ով բազմիցս հանդես է եկել մեծ բեմերում այդ թվում նաեւ աշխարհահռչակ ջութակահար Մաքսիմ Վենգերովի հետ, անցկացրեց վարպետության դաս հիմնադրամի կրթաթոշակառու Գուր Սարգսյանի համար:
«Գրեթե մեկ տարվա ընթացքում կրթաթոշակառուների երաժշտական հմտությունները զարգացել են, եւ ես դա կարող եմ ասել Գուր Սարգսյանի օրինակով, աճն ակնհայտ է: Ես հիշում եմ, մրցույթի ժամանակ նրա կատարումն ինձ տպավորեց, բայց այսօր նա իր կատարումներով ապացուցեց, որ զարգացումն ակնհայտ է եւ դրանում մեծ է նաեւ հիմնադրամի աջակցությունը»,- ասաց Պապյանը, ով հիմնադրամի անցկացրած մրցույթում եղել է ժյուրիի անդամ:
Պապյանը նշեց, որ մեծապես կարևորում է պատանի երաժիշտներին տրամադրվող ֆինանսական աջակցությունը, բայց առավել անհրաժեշտ է համարում վարպետության դասերի անցկացումը. «Ֆինանսական աջակցությունը շատ կարևոր է, դա հնարավորություն է տալիս պատանի կատարողին չանհանգստանալ գումարի մասին, օրինակ, երիտասարդ կատարողը պետք է միջոց ունենա որևէ մրցույթի մեկնելու, եւ հիմնադրամն այդ առումով էլ իր աջակցությունն է ցուցաբերում: Բայց առավել կարևոր է նաեւ մասնագիտական առումով ուղղորդել եւ աջակցել պատանի կատարողին»:
Ըստ Պապյանի՝ տաղանդավոր պատանի կատարողներին աջակցելը բնորոշ է կայացման ճանապարհն անցած ու հանրահայտ երաժիշտներին, ովքեր սկսում են անհանգստանալ երաժշտության ապագայի եւ սերնդափոխության մասին. «Օրինակ, դիրիժոր, ջութակահար Վլադիմիր Սպիվակովը հիմնել է երաժիշտներին աջակցելու միջազգային հիմնադրամ: Շատ ողջունելի է, որ Սերգեյ Սմբատյանը, լինելով երիտասարդ դիրիժոր, արդեն իսկ սկսել է մտահոգվել սերնդափոխության մասին եւ կյանքի կոչել մի հրաշալի գաղափար՝ օգնել տաղանդավոր պատանի երաժիշտներին, ստեղծելով հիմնադրամ: Եւ հիմա ես, նայելով հիմնադրամի կրթաթոշակառուներին, ուրախանում եմ, որ երաժշտությունը չի ավարտվի մեր սերնդով, որ կունենանք մեր գործի արժանի շարունակողներ: Ես փարատեցի իմ մտահոգությունն այդ առումով, մենք ունենք փայլուն երեխաներ, որոնցից լավագույններին աջակցում է Սերգեյ Սմբատյանի ստեղծած հիմնադրամը»:
Նա նաեւ խորհուրդ տվեց պատանի կատարողներին միշտ ականջալուր լինել մասնագետների խորհուրդներին եւ անդադար աշխատել իրենց վրա՝ կիսատ չթողնելով սկսած աշխատանքը. «Պետք է անդադար աշխատել, պարապել, կիսատությունն ամենավատ բանն է, որ կարող է լինել երաժշտի կյանքում»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի նախաձեռնությամբ կրթաթոշակառուների և ազատ ունկնդիրների համար վարպետության դասեր են անցկացրել թավջութակահար, դիրիժոր Դմիտրի Յաբլոնսկին, դաշնակահարներ Դենիս Կոժուխինը և Ֆրեդի Քեմփֆը, ջութակահարներ Զիա Հյունսու Շինը և Ստելլա Չենը:
Նշենք, որ առաջիկայում «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը կրկին անցկացնելու է մրցույթ, որին կարող են մասնակցել Հայաստանի բոլոր երաժշտական դպրոցների սաները, որոնցից լավագույններին կընտրի ժյուրին, որի կազմում ընդգրկված են լավագույն մասնագետները:
Մամուլի հաղորդագրություն
Աղբյուր՝ Aravot.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում