Ակնթարթի հոգնությունը
Նմանատիպ
Խմբավարը հաղթահարում է այգաբացի կախարդանքը. ներքին համոզվածությամբ` լույսը ճաշակելու բերկրանքը կարող է տևել մինչև կյանքը երկարաձգելու անկարողության գիտակցումը, թեև ծոցագրպանում պահում է կախարդական փայտիկը: Նրա կիսաքուն կինը մոտենում է պահարանին և հանում խնամքով արդուկված ֆրակը: Արդեն երրորդ օրն է նա ամուսնուն չի նկատում, պատմում է մայրամուտ ապրած երիտասարդության, չծնված երեխաների ու իր զավակների մասին, որոնք վաղուց արդեն երեխաներ չեն:
Ամուսինը նայում է պատի ժամացույցին. լռությունից հոգնած սլաքները կատարում են անշեղ պտույտը և խմբավարը նոր խորհրդածություններով անցնում է իր պարտականություններին, դանդաղ շտապում է աշխատավայր`կատարելու վերջին փորձը, որպեսզի ոչ մի սխալ նոտա չարձակվի ելույթի ժամանակ: Կայարանում նրա մտքերը սևեռվում են այն գաղափարի վրա, որ կնոջը միայնակ է թողել մարտադաշտում, ու հիմա կինն անմիաբան շարժումներով հավաքում է ամուսնական մահիճը և իբրև կողակից ու զինակիր հաշվում է չարձակած փամփուշտների թիվը:
Տրոլեյբուսի անիվները ճկվում են, օրորվող սրահն ընդամենը մի քանի ուղևոր ունի, որոնցից մեկը անհայտ ու ծերացած խմբավարն է: Նա հոտոտում է օդը ու զգում ծխի ակնթարթ առ ակնթարթ խտացող հեղձուկը: Ինքնասպանության պատրվակով այրվող տների պատուհանից դուրս է նետվում թավջութակի հեկեկացող երգը: Հուսադրող մի հնչյուն, մի բառ գտնելու դեպքում գուցե հնարավոր լիներ շրջանցել թվացյալ անխուսափելին: Ածխացած տների ներտարածքը պահպանում են միայն քարե պատերը, որոնք միշտ դիմակայել են պատմությանը հայտնի փոթորիկներին, արեգակի խավարմանը ու ծերերի անեծք-գուշակություններին, որ ենթադրում են` տանտերերի հեռանցումից հետո սկսվելու են խենթ-խենթ խնջույքները ուղեկցող վհուկների պարախաղը:
Խմբավարը հավաքում է ուժերը, իր մեջ փնտրում է մարգարեին, որը կասի` արդյոք մոխրացած տների մեջ կորցրել է իր կնոջը` վերջին ցանկությունը շուրթերին: Նրա աչքերը լայն բացվում են, մարմնում սկիզբ է առնում հանկարծակիությունից ծնված խուճապ:
Խցանում է, տանկը փակել է տրոլեյբուսի ճանապարհը: Տանկի հրամանատարը հրավիրում է խմբավարին միասին շախմատ խաղալ, մինչև վերին օղակներից հրաման կտան բացել խցանումը: Հրամանատարը պատմում էր անցյալի, Ա գյուղում ապրող, գեղանի կանանց մասին: «Մեծ հարսանիքի» ավարտին, բարձրահասակ սպայի մատնությամբ, հրոսակները հարձակվեցին, վստահ էին, որ գյուղի տղամարդիկ հրացանները թողել են տանը` պատից կախված: Թշնամու ձեռքը չընկնելու համար կանայք նետվեցին մոտակա ձորը, իսկ սպան ծառայության դիմաց ստացավ խոստացված մի քանի ոսկեդրամները: Ապառնի ժամանակով հրամանատարը բծախնդրությամբ նկարագրում էր արքաների գալիք զայրույթը: Խորտակվող նավակների հրամկազմին անձամբ էր ճանաչում: Ապագայում մարտական կուզիկ ձին կխրխնջա` ասում էր հրամանատարը: Նրա սանձը բռնող տասնութամյա զինվորը կկատարի առաջին քայլը, հույսով որ կդառնա հրամանատար: Ներկայի մասին լռում էր ու վառում ծխախոտը:
Խմբավարին ցույց էր տալիս պայթյունից առաջացած խոռոչը` մի’ շփոթիր, սա խրամատ չէ: Այս դժվարին ժամանակներում ճանապարհը փակած տանկը խանգարում է անզեն մարդկանց նետվել անդունդը: Խմբավարը նայում է խոռոչի ընդերքը: Մթության մեջ պարզ գծագրվում է իր կնոջ դեմքը, շարժուն շուրթերով ասես կանչում է ամուսնուն մթության խորքը: Գիտակցության մոռացված մի դարակում շտապելու միտք հղացավ: Չէ որ փորձի էր: Հրամանատարի կարգադրությամբ խոռոչի վրա նեղ տախտակ գցեցին, որպեսզի միացնեն անդունդի ափերը, ու մինչ հրամանատարը հիշոցներ էր արձակում երկինք, խմբավարը փորձում էր հավասարակշռությունը վստահել բարակ տախտակի զորությանը: Ոտնաթաթերը զգուշորեն միմյանց առջև դնելով` ծոցագրպանից հանեց իր փայտիկը. հնչում էին անգմբեթ եկեղեցու զանգերը ու նրան թվում էր` անհամաչափ զարկի մեղավորը անդունդի մյուս ափին դիմավորող երեխաների աղմուկն է` շտապ վաճառվում են դեղին շաքարաքլորներ, գումարը փոխանցվում է վիրավոր զինվորների ֆոնդին: Շտապօգնության մեքենայի մոտ վիրակապող բժշկին խմբավարն ասաց`ես վիրավոր չեմ, պարզապես ուզում եմ հասնել աշխատավայր, կարո˚ղ եք, ինձ էլ տանել ձեզ հետ:
Փորձասենյակի շքամուտքի վրա գրված է` մուտքը` դիմակով: Սենյակի պատերին փակցված են մերկ կանանց գեղանկարներ, ստորին մասում` նեղ ու երկար ճերմակ թղթին, գրված է ստեղծման ամսաթիվն ու նկարի արժեքը: Անկյունում դրված սեղանի վրա ներքնակ կա: Կարճ մազերով կինը պարկից հանում է բուրդը ու լցնում ներքնակի մեջ: Ակնոցն աչքերին սև թելով թելում է ասեղը, գլուխը կախ շարունակում կարել: Նրան բրդի որակից ու աշխատանքի ավարտից բացի ոչինչ չի հետաքրքրում: Այստեղ խմբավարին անհետ կորած են համարում:
Առանց դուռը թակելու ներս է մտնում առաջին տղամարդը: Կանգնում է համարակալված շրջանի մեջ, ուղղում է դիմակը, ձայնին առնական արտահայտություն է հաղորդում` ես այստեղ եմ: Միջին տարիքի տղամարդը հմայիլների վարպետ է: Նրա կրպակից գնումներ են կատարում նույնիսկ բարձրաստիճան զինվորականների կանայք: Սակայն ամենադյութիչ հմայիլները նա պահում է իր դուստրերի համար, որպեսզի կրկնապատկվի նրանց առինքնող գեղեցկությունը: Նկարչուհին մատնացույց է անում լոգանքի պահին մազերի հյուսքը քանդող կնոջ գեղանկարը և առաջարկում գնել: Տղամարդը կտրուկ պատասխան է տալիս` չեմ կարող, ես կին, երեխաներ ունեմ: Նա չի նկատում արցունքոտված աչքերով նկարչուհուն, որ փորձում է գտնել շնչահեղձ չլինելու ելքը:
Որտե˚ղ է արվեստի արարման աղբյուրը, որից կարելի է սնվել, ստեղծել նոր կտավ: Նա, երիտասարդության տարիներին, ուժերը վատնում էր իրեն շրջապատող կանանց մեջ փնտրելով արվեստագետի: Ոչ թե տաղանդը այլ ժառանգություն ստացած ձիրքը պիտի գործածեր ի նպաստ նոր մուսաների ծլարձակման, պիտի հույզեր կուտակեր տարբեր դիրքերով մերկ կանանց նկարելու համար, որովհետև մերկությունը միջոց է, որով հասնում ես արվեստին` համոզված էր նա:
Մեքենայի ձայնին ընդառաջ կանայք պարկերը մոտեցրին բեռնախցիկին ու տխուր ժպտացին դռան մեղմ թակոցով սենյակ մտած հոգևորականին: Նա, ի նշան ներկայության, խրախուսող ժպիտ արձակեց, բայց համավարակից պաշտպանող դիմակը ծածկեց ծռմռված շուրթերը և միայն աչքերի արտահայտությունը ուրախության պատրանք ստեղծեց: Սարկավագը կանխազգաց նկարչուհու դեռ չարձակած բառերի հերթագայությունը: Գետնին գծված շրջանի մեջ կանգնած թիկունքով շրջվեց, հայացքը հառեց երկինք և սկսեց իր աղոթքը, ի լուր Աստծո հավատացյալների ետուառաջ տարավ բուրվառը ու փորձասենյակը լցրեց խնկի բույրով: Տեղի էր ունենում աննկատ գործողություն. խնկի բույրը թափանցում էր սենյակի չորս անկյունները, ներքնակին խոնարհված կինը ծխից հազում էր, իսկ ներքնակի բուրդն աստիճանաբար ներծծում էր խնկի անուշահոտությունը: Աստծո ամենատես աչքից չէին վրիպում պատուհանների մոտ մաքուր օդ փնտրող կանայք, նրանք ենթարկվում էին Աստծուն երկրպագելու մեղմ պարտադրանքին: Ներկաների անորոշ հայացքը գամվում է դռանը, սպասում են երրորդ այցելուի գալստյանը, գուցե խմբավա˚րն է:
Մերկ կնոջ ոտնաթաթերը հպվում են լեփ լեցուն պարկին ու նա վախից փորքրիկ ցատկ է կատարում: Փնտրում է նկարչուհուն, ուզում է արդարանալ: «Առավոտ էր: Լոգասենյակում էի: Պայթյուն լսեցի: Վազեցի դուրս: Հետո շարունակում է`դու կարող ես ինձ նկարել, չէ որ արդեն մերկ եմ»: Նկարչուհու վրձնի մազիկների ներկի կաթիլները ծորում են մանրահատակին: Գլուխները կախ հատակին են նայում առաջին տղամարդը և հոգևորականը` խոսափելու մերկ կնոջ մարմնի գայթակղությունից: Լռությունից կորացած մերկ կինը պառկում է ներքնակին, մարտադաշտում գործածվող ցանցը գցում է վրան, որ քողարկվի մարդկանց ամենատես հայացքներից: Նրա ականջներում բռնության կոչի նման պայթում է զինվորական քայլքի ձայնը. համարակալված շրջանում կանգնած տղամարդիկ կտրուկ աջ դարձ են կատարում, մի քանի անգամ զինվորական քայլքով անցնում են սենյակի մի ծայրից մյուսը, հասնում են դռան մոտ և զարմանքից ետ-ետ գնում` խմբավարը գտնվել է: Խմբավարը փորձում է կարգավորել շնչառությունը, հենվում է սենյակի միակ պատին, որն ազատ էր գեղանկարներից, թափ է տալիս փոշոտված ֆրակը: Նա նայում է զարդասեղանի առջև նստած կնոջ նկարին, որ հավաքում էր կոր ուսերին իջնող վարսերը:
– Իմ կինն է,- հայտնագործություն անողի նման բացականչում է խմբավարը:
– Ես չեմ ճանաչել Ձեր կնոջը, բայց խորհուրդ կտամ գնել,- պատասխանում է նկարչուհին:
Մերկ կինն ավելի է կծկվում, կարծում է իր մասին են խոսում: Միգուցե նրան տեսնո˚ւմ են, քողարկող ցանցը թափանցի˚կ է: Բոլորը նայում են միմյանց, փորձում են գտնել անհետ կորած մարդուն. նա թաքնվել է քողարկող ցանցի տակ: Տղամարդը մոտենում է մերկ կնոջը ու դստերը խոստացած հմայիլը ամրացնում վարսերին, որպեսզի պահպանի նրան գալիք ցուրտ ձմռանից: Հոգևորականը բացում է ափը և կնոջ շուրթերին է մոտեցնում կիրակնօրյա նշխարը:
Այնտեղ` փողոցում, հրամանատարը զինվորական պատիվ է տալիս խաղաղապահների զորագնդին, սակայն փորձասենյակում բոլորը նայում են խմբավարին: Նա ծոցագրպանից հանում է փայտիկը, բռնում է ձեռքում, բարձրացնում է վեր ու ասում միայն մեկ նախադասություն, սակայն ոչ ոք ասես չի կարողանում որսալ իմաստը:
Անցյալի կուզիկ անցորդներից ու ահեղ պատերազմների գալիքից բացի, ներկաների, ցավից բթացած հայացքում, հառնում է մի նոր տեսիլք` այդքան փափագած սկիզբը:
Դեկտեմբեր, 2020 թ.
Լիլիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Աղբյուր՝ Granish.org
Հետևեք մեզ նաև Telegram-ում