Նախկին պատգամավորը հորդորում է Ռուսաստանում միգրանտների հետ կապված հարցն արհեստականորեն չչափազանցնել

Ռուսաստանի իշխանությունների ապօրինի ներգաղթյալների առաջին խմբի արտաքսումը արհեստականորեն հանրային հետաքրքրություն առաջացնելու առիթ չէ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ’ այս մասին կարծիք հայտնեց օգոստոսի 13-ին հրավիրված ասուլիսում ՀՀ Գերագույն խորհրդի եւ ԱԺ երկրորդ եւ երրորդ գումարման պատգամավոր Աղասի Արշակյանը: Նրա խոսքով’ պատմությունը ցույց է տալիս, որ հաճախ մենք նախընտրում ենք արհեստականորեն «քրքրել&raqu o; որոշակի իրադարձություններ:

«Պետք է աշխատել ավելի օբյեկտիվ մոտենալ յուրաքանչյուր հարցի եւ տուրք չտալ չափազանցությանը: Լուրերն այն մասին, որ Ռուսաստանից համարյա ամեն օր մահացածների աճյուններ են տեղափոխում, ուռճացված են, դա նորմալ է, քանի որ հայերի թիվը մեծ է Ռուսաստանում եւ բացի ինչ-որ պատահարներից մահանալուց, այնտեղ ապրում են նաեւ շատ թվով տարեցներ»- պարզաբանեց Արշակյանը: Նրա խոսքով’ նույն իրավիճակն է նաեւ ողբերգական ավտոպատահարի կիզակետում հայտնված ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի դեպքում, երբ հանրությունը արհեստականորեն ուռճացնում է աղմուկը:

Ազգային միացյալ նախաձեռնության համակարգող Շանթ Հարությունյանը չկիսեց Արշակյանի դիտակետը’ կարծիք հայտնելով, որ հայ ժողովուրդն իրականում չի հասկանում պատմության դասերը, մինչդեռ Ռուսաստանը միշտ չէ, որ դաշնակից է եղել Հայաստանին:

Մոսկվայում ներգաղթյալների առաջին խումբը 2013 թվականի օգոստոսի 10-ին տեղափոխվել է օդանավակայան՝ երկրից արտաքսելու համար:

Մոսկվայի տարածաշրջանի Գոլյանովո ճամբարից, որտեղ կենտրոնացվել են քաղաքում անօրինական գտնվող 585 օտարերկրյա քաղաքացիներ, առաջին իրենց հայրենիք են ուղարկվելու Վիետնամի քաղաքացիները: ՌԴ-ում անօրինական բնակվող քաղաքացիները աշխատում էին շուրջ 20 ձեռնարկություններում:

Ռուսաստանում անօրինական միգրանտների հայտնաբերման և հետ ուղարկման գործողության առաջին օրերի ընթացքում հայտնաբերվել են շուրջ 1000 քաղաքացիներ ԱՊՀ և Հյուսիսային Կովկասի երկրներից, որոնք առնչություններ են ունեցել նաև քրեական խմբավորումների հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում